21/12/2024

Կրակոցներ Արարատի մարզում, կա վիրավոր. կասկածյալը համայնքի նախկին ղեկավարի ապօրինի որդին է

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրենավանում կրակոցներ են հնչել, և կա վիրավոր:

Մինչ գյուղ է ժամանել ոստիկանության խումբը, «Արարատ» բժշկական կենտրոնից ժամը 20:00-ին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Զ.-ն է:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորի վիճակը միջին ծանրության է, և նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Քիչ ուշ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սուրենավան գյուղի Երևանյան խճուղի 14 հասցեում գտնվող՝ հասարակական վայր հանդիսացող գազալցակայանում Արտակ Զ.-ն և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արման Պ.-ն դեռևս անհայտ հանգամանքներում վիճել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Արթուր Զ.-ի հետ, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ այդ ընթացքում Արթուր Զ.-ն իր մոտ պահվող ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արտակ Զ.-ն ստացել է հրազենային վնասվածք:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, Արթուր Զ.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են կռվի մասնակիցներից Արման Պ.-ին, որը կասկածանքով ձերբակալվել, ապա տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ Արթուր Զ.-ն Սուրենավանի նախկին գյուղապետ Կարո Կարապետյանի («Դուշման Կարո») ապօրինի որդին է: