13/12/2024

Ռուսաստանը հասկանում է, որ Ադրբեջանում դինաստիական իշխանության երաշխավոր միայն ի՞նքը կարող է լինել

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ինչպես ինքն է հրապարակային բացահայտում արել, երկու օր է՝ Բաքվում է:

Հոկտեմբերի 2-ին նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ադրբեջանցի գործընկերների հետ «պրոֆեսիոնալ բանակցություններ վարել»:

Նարիշկինն, իհարկե, այցի գլխավոր նպատակը չի բացահայտել, իսկ Բաքուն առհասարակ այն չի լուսաբանել անգամ նախագահի պաշտոնական կայքի միջոցով: ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը թույլ է տվել «քնարական զեղում» և հյուրընկալության համար շնորհակալություն հայտնել Ադրբեջանի իշխանություններին և ժողովրդին: «Մենք այստեղ մեզ տանն ենք զգում»,– գրել է Նարիշկինը:

Նա Բաքու է այցելել ԱՄՆ ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության Եվրոպայի և Եվրասիայի դեպարտամենտի տնօրեն Փրայորի և Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզության տնօրեն Մուրի ադրբեջանական «ինսպեկցիայից» կարճ ժամանակ հետո և մի իրավիճակում, երբ Բաքուն մեծ դժվարությամբ է զսպում Իրանի շուրջ իրավիճակի սրացման սպասելիքները:

«Մենք այստեղ տանն ենք զգում» արտահայտությունը Նարիշկինի կարգավիճակին ոչ մի առումով չի պատշաճում: Նման բան կարող է թույլ տալ փոփ աստղը, մարզիկը, մշակույթի գործիչը կամ որևէ հայտնի զբոսաշրջիկ: Երբ մի երկրի հատուկ ծառայության ղեկավարը մեկ այլ երկրում իրեն «տանն է զգում» և այդ մասին ասում է ի լուր աշխարհի, պետք է ենթադրել, որ նա շտապ կարգով Բաքու է գործուղվել, որպեսզի, ինչպես իրենք՝ ռուսներն են ասում, հասկացնի, թե кто дома хозяин:

Ի՞նչ հիմնավորում, շարժառիթ, դրդապատճառ ունի Նարիշկինի այս ակնհայտ անհարգալի արտահայտությունը, չափազանց բարդ է ասել, բայց, ըստ երևույթին, Ալիևի հետ նրա հանդիպումը հեշտ չի եղել:

Ասվածի անուղղակի վկայություն է, թերևս, փաստը, որ երբ Նարիշկինը Բաքվում «պրոֆեսիոնալ բանակցություններ էր վարում», Իլհամ Ալիևը Ջեբրայիլի շրջանում մասնակցել է BP-ի ներդրումային հովանավորությամբ արևային էլեկտրակայանի հիմնարկեքի արորղությանը, ինչպես նաև այցելել Զանգելան:

Ի՞նչ է ակնարկել Ալիևն այդ քայլով, հասկացրել է, որ BP-ն, չնայած այսպես կոչված «Դարի պայմանագրի» ժամկետը լրանալուն, շարունակում է մնալ Ադրբեջանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը և դրանով էլ՝ նրա գլխավոր լոբբիստը և հովանավո՞րը, թե՞ Բաքուն ստացել է ռուս-բրիտանական ոչ պաշտոնական շփումների «ժամադրավայրի կարգավիճակ»:

Եվրոպական կառույցների հետ «խոյահարման գնալու» Ալիևի մարտավարությունը, կարծես, արժանանում է լուրջ դիմադրության: ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Լանդսբերգիսը խստորեն քննադատել է Ադրբեջանի կառավարությանը և կոչ արել «վերադառնալ ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ առարկայական քննարկումների»:

Բրիտանական աջակցությունն այս իրավիճակում Ալիևին կարող է դիրքերի բարելավում ապահովել. խնդիրը ունի շատ շոշափելի ենթատեքստ. Եվրոպական բանկերը հրաժարվում են վարկավորել Ադրբեջանի էներգետիկ ծրագրերը: Ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանը:

Նարիշկինն ասել է, որ քննարկվել է երկու երկրների պետական կարգին սպառնալիքներին հակազդելու հարցը: Ռուսաստանը հասկանում է, որ Ադրբեջանում դինաստիական իշխանության երաշխավոր միայն ի՞նքը կարող է լինել: