Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ սահմանազատման և սահմանագծման կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղից և «Արևմտյան Հայաստանից» Հայաստանի հրաժարում չէ:
Խոսքը վերաբերում է սեպտեմբերի 26-ի որոշմանը, որ կայացրել էին Սահմանադրական դատարանի 7 դատավորներ՝ որոշելով, որ կանոնակարգը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը:
Անկախության հռչակագիրը «ծնողին խժռող զավակի» կվերածվի, եթե Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի, հայ – ադրբեջանական սահմանազատման կանոնակարգին վերաբերող որոշմամբ արձանագրել էր ՍԴ-ն՝ հավելելով, որ «սահմանադրական երկիշխանության նպատակ երբեք այդ փաստաթուղթը չի ունեցել»։ Նկատի ունեն Անկախության հռչակագիրը:
Այդպիսով, թեև Հայաստանի Սահմանադրական դատարանը, ըստ էության, կանոնակարգի մասին որոշմամբ փորձել էր իրավա-քաղաքական ընկալման առումով տարանջատել Անկախության հռչակագիրը Հայաստանի Սահմանադրությունից, Ադրբեջանը, սակայն, «չի ընդունում» այդ հանգամանքը՝ թերևս ունենալով մտավախություն, որ Երևանտ դա կմատուցի որպես խաղաղության պայմանագրի հարցում Սահմանադրությանն առնչվող Բաքվի պայմանների չեզոքացում, ինչը Ադրբեջանին կարող է զսպել փաստաթուղթը ստորագրելու հարցում խուսանավման առիթից:
Հավանաբար, նաև հենց «ապահովության» համար է Ադրբեջանը առաջ քաշել նոր պայմանը՝ ղարաբաղյան պատերազմի հերոսներին պատժելու պահանջը, որպես խաղաղությանը՝ Հայաստանի երկարաժամկետ հավատարմության «ապացույց»: Այլ կերպ ասած, Բաքուն, թերևս, շարունակելու է պնդել, որ Երևանը փոխի Սահմանադրությունն ու այդ կերպ տարանջատի միմյանցից Անկախության հռչակագիրն ու Սահմանադրության տեքստը, այլ ոչ թե կանոնակարգի հաստատման առիթով ՍԴ որոշման մեկնաբանությամբ:
Որ Ադրբեջանը շարունակում է հանդուգն և կոպիտ կերպով միջամտել Հայաստանի ներքին գործերին, ակնառու է այնքան, որ, թերևս, ավելորդ է արձանագրել դա հերթական անգամ: Բուն խնդիրը, այն է` Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, մի կողմից մերժելով ներքին գործերին միջամտելու այդ վարքագիծը, մյուս կողմից ըստ էության «գործում» է դրան համահունչ:
Ու, թեև դա արվում է թերևս իրավիճակը չլարելու հաշվարկով, այդուհանդերձ իրավիճակի լարումից խուսափելու այդ մոտեցումը, ըստ էության, բերում է Հայաստանի հանդեպ քաղաքական թակարդ լարելու:
Բաց մի թողեք
Իլհամ Ալիևը Եվրամիությանը փաստացի առաջարկում է նոր բանակցություններ սկսել
Կովկասի հարցում հնարավոր է ապավինել լարվածության ռիսկի արդյունավետ ու «կայուն կառավարմանը»
ՔՊ-ը քաղաքական այլընտրանք չունի՞, Հայաստանի երկրորդ ընտրությունը կրոնապետությո՞ւնն է