22/11/2024

Արևմուտքը փորձելո՞ւ է Հարավային Կովկասում Ռուսաստանի «կապանքները կոտրել»

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինի՝ Բաքու երկօրյա այցից ադրբեջանական իշխանական լրատվամիջոցի գլխավոր եզրակացությունն այն է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը «գտնվում են եվրաատլանտյան և եվրասիական հետախուզական մրցակցության նույն գծի վրա»։

Մոսկվա-Բաքու ռազմավարական համագործակցության սկիզբը 2001 թվականն է, երբ Վլադիմիր Պուտինը նախագահի կարգավիճակով առաջին անգամ այցելել է Բաքու: Այդ շրջանից Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջև ձևավորվել է վստահություն:

Վկայություններ կան, որ չեչենական երկրորդ պատերազմում Պուտինի հաղթանակին զգալիորեն նպաստել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները՝ արգելափակելով Իչկերիայի կառույցների Բաքվում ներկայությունը:

Այսօր արդեն բացահայտվում է, որ Մոսկվան և Բաքուն հետախուզության և հակահետախուզության բնագավառում միմյանց փոխլրացնող գործընկերներ են, և համագործակցությունն ուղղված է Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում Արևմուտքի ազդեցության չեզոքացմանը:

Փաստացի կանխածրագրվում է, որ Սևծովյան-Կասպյան ռեգիոնը պետք է մնա Ռուսաստանի «ետնաբակ» կամ՝ «նախաբաղնիք»: Լրացել է 1994թ. կնքված «Դարի պայմանագրի» գործունեության ժամկետը, նոր բանակցություններ չեն սկսվել: 2022թ. փետրվարի 22-ի ռուս-ադրբեջանական «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագրով Բաքուն պարտավորված է էներգետիկ բոլոր ծրագրերը համաձայնեցնել Մոսկվայի հետ:

Զարգացման ի՞նչ հեռանկար ունի Ռուսաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերային համագործակցությունը: Երեք շաբաթ հետո Կազանում գումարվում է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը: ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել է, որ մշակվում են գործընկեր երկրի կարգավիճակի չափորոշիչներ:

Ըստ երևույթին՝ նման կարգավիճակ նախատեսվում է նաև Ադրբեջանի համար: Բացառված չէ, որ Ադրբեջանը ԵՏՄ-ի հետ ասոցացված հարաբերություններ հաստատի: Դիտարկվում է, որ Մոսկվան Իրան-ԵՏՄ համագործակցության լոգիստիկան տեսնում է Ադրբեջանի ենթակառուցվածքների օգտագործման կտրվածքով:

Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի ռուս-ադրբեջանական «խցանումը» կարող է ունենալ ավելի հեռու գնացող ենթատեքստ: Կողմերը բավական գործնական հարաբերություններ են հաստատում Պարսից ծոցի միապետությունների, մասնավորապես՝ Արաբական միացյալ էմիրությունների հետ:

Հայաստանի համար ստեղծվում է շատ բարդ ռազմա-քաղաքական, լոգիստիկ և տնտեսա-կոմունիկացիոն միջավայր, որը չի կարող շատ էական ազդեցություն չունենալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

Ռուս-ադրբեջանական հատուկ ծառայությունների սիներգիան բացահայտվում է աշխարհաքաղաքական «միջսեզոնում»: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են սպասվում, Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում «օդում կախված է» լայնածավալ պատերազմի սպառնալիքը:

Այս իրավիճակում Ռուսաստանն ակնհայտորեն ձգտում է «գետնի վրա» հասնել առավելագույնի, ինչ այս պահին միակ հնարավորն է: Վաղը կամ տեսանելի ապագայի ինչ-որ փուլում Վաշինգտոնը և Մոսկվան նստելու են «աշխարհի վերաբաժանման» բանակցությունների սեղանին:

Ադրբեջանը, երևում է, ներկայացնելու է Ռուսաստանի «թիմը»: Վրաստանի խորհրդարանական ընտրություններով Արևմուտքը փորձելո՞ւ է Հարավային Կովկասում Ռուսաստանի «կապանքները կոտրել»: Եթե այդպես ստացվի, դա Հայաստանին ի՞նչ կարժենա: