23/10/2024

Բաքուն Հայաստանին «պարտադրում է դատել ղարաբաղյան առաջին պատերազմի հերոսներին»

«Ադրբեջանը նպատակ ունի կազմալուծել Հայաստանի զինված ուժերը», – ասում է հայ ռազմական փորձագետը: Լրագրողը ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին հարցնում է, թե ի՞նչ կարծիք ունի «հայկական բանակը զինաթափելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «պահանջի» վերաբերյալ:

Մամուլը գրում է, որ Բաքուն Հայաստանին «պարտադրում է դատել ղարաբաղյան առաջին պատերազմի հերոսներին»: Ադրբեջանական նարատիվների հայաստանյան գեներացիայի օրինակներ կարելի է էլի թվարկել, դիտարկել, որ Երևանյան որոշ լրատվամիջոցներ ծուլանում են հետևել միջազգային լրահոսին և շատ հաճախ դիմում են Բաքվի ԶԼՄ-ների օգնությանը՝ նրանց կայքերից թարգմանաբար ներկայացնելով «վերջին նորությունները»: Իրականում շատ հաճախ դրանք մեկ-երկու օրվա վաղեմության տեղեկություններ են:

Օրերս Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում քաղաքական ընդդիմախոսներին, երևի առաջին անգամ, կշտամբեց, որ Ադրբեջանից առաջ իրենք են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը «կապիտուլյացիա» որակել: Դա ճիշտ, բայց շատ ուշացած գնահատական է, որովհետև «գնացքը վաղուց մեկել է»: Հայ հանրությունն ինքնության ահռելի դեֆիցիտ ունի, և այս առումով իրավիճակը 2020թ. տարբերվում է նրանով, որ եթե այն ժամանակ խոսում էին Լեռնային Ղարաբաղի պահել-չպահելու մասին, ապա այսօր գլխավոր է «ե՞րբ Ադրբեջանը կհարձակվի» հարցադրումը:

Ինչո՞ւ այսպես՝ ոչ ոքի, կարծես, չի հետաքրքրում: Մինչդեռ ինքնության իմունիտետի դեֆիցիտն սպառնում է վերաճել համազգային դատապարտվածության կամ ապոկալիպսիսի անխուսափելիության և տառապագին սպասման, թե «երբ է կրակելու պատից կախված հրացանը»:

Կառավարությունը տեղեկացնում է, որ եկող տարվա բյուջեն ավելի մեծ ռազմական ծախսեր է նախատեսում, Հայաստանը ստեղծում է սեփական ռազմա-արդյունաբերական համալիր, ձեռք է բերում արդիական սպառազինություններ, բայց սոցիալական ցանցերի հայ օգտատիրոջ գրառումը նույնն է մնում. «Խաղաղ և բարի գիշեր եմ մաղթում սահման հսկող զինվորին»:

Պարտադիր զինվորական ծառայության զինվոր սահմանին չպետք է լինի, երկրի բանակը նրա համար չէ, որ նայենք, գոհանանք: Պետության զինված ուժերը պետք է մշտապես պատրաստվեն պատերազմի, հատուկ գործողության, հետախուզադիվերսիոն թափանցման, թիրախային պատժիչ հարվածների:

Բայց նման բանակ հնարավոր չէ մի երկրում, որի հանրությունը տասնչորս տարեկան տղա երեխաներին դուրս է բերում երկրից, որպեսզի հայրենիքում զինվորական ծառայություն չանցնեն: Ազգը չպետք է վրեժի մասին մտածի, եթե պատրաստ չէ իր «սեփական մաշկից» դաստիարակել, կռել-կոփել պրոֆեսիոնալ մարդասպանի բանակ:

Բոլոր ժամանակներում զինվորականությունը պետության էլիտայի էլիտան է եղել. Հայկական ինքնությունը դա մերժում է: Հակառակ դեպքում՝ քաղաքական, մտավորական և բիզնես էլիտան անկախության երեսուներեք տարիներին ձևավորած կլիներ զինվորական բարձրակիրթ էլիտա: Մեր հանրությունը մնացել է նախանցյալ դարավերջի հայդուկների և ղարաբաղյան առաջին պատերազմի դաշտային հրամանատարների պաշտամունքի գերին:

Քառասունչորսօրյա պատերազմը դաժանորեն մերկացրել, պսակազերծել է ղարաբաղյան առաջին պատերազմով ռազմական էլիտա կոչվածներին, բայց հանրային ընկալումը շարունակում է գերի մնալ «Մոնթեն անպարտելի է» առասպելին:

Եվ տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են հավատալ, որ չորս տարի առաջ այս օրերին Պուտինը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է «ԼՂ շուրջ տարածքների մի մասը վերադարձնելու պայմանով պատերազմը կանգնեցնել, բայց «Նիկոլն ասել է՝ մինչև վերջ կռվելու ենք»: Ինքնության այս «պաշարով» ոչնչի հասնել հնարավոր չէ: