21/11/2024

Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խոչընդոտում է Մոսկվան

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրության վերաբերյալ Հայաստանի սահմանադրական դատարանի որոշմանը: Փորձագիտական տեսակետ է շրջանառվել, որ այսօր Սահմանադրական դատարանը ենթակա է իշխանություններին, վաղը նոր իշխանությունը կարող է այլ մոտեցում ունենալ:

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը մի շատ ուշագրավ նրբերանգ ունի. Բաքուն հիշեցնում է, որ Հայաստանի Սահմանադրությունը «նաև Արևմտյան Հայաստանի նկատմամբ հավակնություն ունի»: Ի՞նչն է Իլհամ Ալիևին դրդել, որ նման «մտահոգություն» հրապարակայնացնի: Մի՞թե Թուրքիան այնքան «թուլացած» է, որ Հայաստանի հետ բանակցություններում ի զորու չէ բարձրացնել այդ խնդիրը:

Տպավորություն է, որ Երևանի կողմից «Արեւմտյան Հայաստանի նկատմամբ հավակնության» մասին ակնարկի հասցեատերը Թուրքիան է: Նյու Յորքում Փաշինյան-Էրդողան հանդիպմանը կողմերը վերահաստատել են բանակցություններին առանց նախապայմանների շարունակելու մտադրությունը:

Ճիշտ է, Թուրքիան որևէ գործնական քայլ չի ձեռնարկում և Հայաստանի հետ սահմանի բացումը շարունակում է պայմանավորել հայ-ադրբեջանական կարգավորմամբ, բայց Անկարան, կարծես, ցույց է տալիս, որ Ալիևի մանիպուլյացիաներից «հոգնել է»:

Հիշեցնելով, որ Հայաստանը «տարածքային պահանջներ ունի նաև Թուրքիայից»՝ Բաքուն ենթատեքստով փորձում է արգելափակել հայ-թուրքական հարաբերությունների որևէ առաջընթաց:

Կա՞ն թուրք-ադրբեջանական սկզբունքային տարաձայնություններ՝ դժվար է միանշանակորեն հաստատել կամ հերքել: Բայց «Արևմտյան Հայաստանի» մասին Ադրբեջանի ԱԳՆ հիշեցումը թույլ է տալիս եզրակացնել, որ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ Բաքվի մանիպուլյացիաները Թուրքիային առնվազն այս փուլում ձեռնտու չեն:

Ոչ ոք այնքան լավատես չէ, որպեսզի ասի, թե Անկարան պատրաստ է կամ կարող է Բաքվի նկատմամբ «փափուկ ուժ» կիրառել, որպեսզի արագացնի հայ-ադրբեջանական կարգավորումը: Թուրքիան մեծ հաշվով տոգորված չէ Հայաստանի հետ սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարով:

Բայց Թուրքիան չի կարող չտեսնելու տալ, որ Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խոչընդոտում է Մոսկվան, և այդ իրավիճակը Բաքվին ավելի է հեռացնում Անկարայից՝ վտանգելով «թուրքական աշխարհ» նախագիծը, ինչն իր հերթին Էրդողանի գլխավոր հաղթաթուղթն է մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Չինաստանի հետ հարաբերություններում:

Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմաքաղաքական սերտաճումը հակասում է Թուրքիայի տարածաշրջանային շահերին, շատ որոշակի առումով խզում համաթուրքական համերաշխությունը. Ադրբեջանում Ռուսաստանի կոշտ ներկայությունը շատ որոշակի առումով Թուրքիա-Կենտրոնական Ասիա-Չինաստան-Պակիստան հաղորդակցության պահնորդություն է:

Մի փուլում, երբ Թուրքիան ձգտում է հարաբերություններ բարելավել Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ, Իլհամ Ալիևը, ընդհակառակը, ուժային այդ կենտրոններին բաց մարտահրավեր է նետում և միաժամանակ ձգտում ստանձնել Անկարայի եվրասիական կողմնորոշման երաշխավորի գործառույթ՝ ի շահ Ռուսաստանի:

Ինչ որոշում կընդունի Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կանխատեսում հնարավոր կլինի անել ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հետո: Բայց մի հարցում, կարծես, Թուրքիայի դիրքորոշումը պարզ է. Անկարան չի գնա ՆԱՏՕ-ից հեռանալու քայլի: