ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ համաձայն չէ ԱՄՆ նախագահ Բայդենի այն դիրքորոշմանը, որ անթույլատրելի է Իսրայելի հարված Իրանի միջուկային օբյեկտներին:
Ըստ Տրամպի՝ Իսրայելը պետք է հարվածի այդ օբյեկտներին՝ որպես Իրանի հրթիռային հարվածի պատասխան:
Սա շատ էական հայտարարություն է, որովհետև այն այսպես ասած սովորական ռազմաքաղաքական թեմայի մասին չէ, որտեղ կարող է արտահայտվել Տրամպի համակրանքը Իսրայելի նկատմամբ: Այստեղ խոսքը միջուկային թեմատիկայի մասին է, որի առնչությամբ այսօր կա մի կողմից միջազգային ռիսկերի նկատելի աճ, մյուս կողմից նաև այդ հանգամանքի բերումով՝ թեմայի խիստ զգայունություն:
Անգամ Ռուսաստանը, որ նկատելիորեն թափահարում է նաև միջուկային մահակ, բարձրաստիճան նշանակալի պաշտոնյաների մակարդակով, ըստ էության, չի կիրառում այդպիսի խոսույթ: ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդևի հանգամանքը այլ է, մենք խոսում ենք նշանակալի բարձրաստիճան պաշտոնյանների մասին, ոչ թե պարզապես պաշտոնյաների: Ահա այդ ֆոնին, գերտերության նախագահի թեկնածու գործիչը բաց տեքստով հայտարարում է, որ կողմ է Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածին:
Եվ սա այն դեպքում, երբ Տրամպը, որ 2016 թվականին չեղարկեց Իրանի հետ միջուկային գործարքը, թերևս հիանալի պատկերացնում է, որ Իրանը, ըստ էության՝ եթե անգամ արդեն միջուկային ռումբ տնօրինող պետություն չէ, ապա առնվազն մեկ քայլ է դրանից հեռու: Իսկ դա նշանակելու է միջուկային պատերազմ, եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին: Ինչպե՞ս կարող է գերտերության նախագահի թեկնածուն անել միջուկային պատերազմի դե ֆակտո կոչ:
Իսկ Տրամպը, անշուշտ, հիմար չէ, և հիմարությունը, թերևս, նրան այդպիսին համարելն է: Ըստ ամենայնի՝ ԱՄՆ նախագահի թեկնածուն հենց հիանալի գիտակցում է, որ նախագահ դառնալու հեռանկարը հեռացել է նախագահի ընտրության արշավից դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի հեռանալու հետ մեկտեղ:
Տրամպն առնվազն մտքով և հոգեբանորեն հրաժարվել է ԱՄՆ նախագահ դառնալու հեռանկարից, ինչով էլ պայմանավորվում է այն, որ նա կարող է արդեն «սրտի ուզածն» ասել այնպիսի գերզգայուն թեմայով, ինչպիսին միջուկային բախումը:
Այն դեպքում, երբ նախագահական ընտրարշավի ավելի վաղ փուլում հենց ինքը՝ Տրամպն էր ահազանգում, որ իր նախագահ չդառնալու դեպքում աշխարհը կհասնի միջուկային պատերազմի: Մինչդեռ Իրանին իսրայելական պատասխանի վերաբերյալ նրա հայտարարությունը դե ֆակտո այն մասին է, որ աշխարհը միջուկային պատերազմի կարող է հասնել նրա նախագահ դառնալու դեպքում:
Բաց մի թողեք
Ռուսաստանը պարտվում է, այժմ տարածաշրջանի տերն ու տիրականը Թուրքիան է. The Telegraph
Մակրոնի խորհրդավոր զանգը Իվանիշվիլիին
Թեհրանը բացահայտ հասկացնում է Իսրայելին, որ «վառոդամանը չի դատարկվել»