Ոստիկանությունը երեկ պատասխանելով «Հայկական ժամանակի» հարցին տեղեկացրել էր, որ ձերբակալվել է Սյունիքի մարզի Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը:
Ոստիկանությունից ասել էին, որ Ղուլունցը ձերբակալվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»։ Այլ մանրամասներ չէին հայտնել, իսկ ավելի ուշ Ղուլունցն ազատ էր արձակվել:
«Հրապարակը» կապ հաստատեց Տեղի բնակիչներից մեկի հետ, ով խնդրեց իր անունը չհրապարակել։ Իսկ խնդրանքի պատճառը պարզ է, մարդիկ վախենում են կոնֆլիկտ ունենալ Դավիթ Ղուլունցի հետ։ Այն, որ Ղուլունցը «ահ ու դողի» մեջ է պահում ամբողջ համայնքը՝ գաղտնիք չէ ոչ ոքի համար․ ՔՊ-ական համայնքապետին շատ բաներ են թույլատրվում։
Տեղի բնակիչը մեզ պատմեց, որ Ղուլունցը մեծ շինարարություն է մեկնարկել հողերի վրա, որոնց նկատմամբ որևէ իրավունք չունի, ավելին, այնտեղ շինարարություն ծավալելու իրավունք չունի:
«Շինարարությունը սկսել է գյուղի մուտքի մոտ իրենց բենզալցակայանի դիմացի հատվածում, անասնաբուժական կետի հետևում, որտեղ մարդիկ բանջարեղեն էին ցանում։ Այդ տարածքը վերցրել են, ճիշտ է` մարդիկ փաստաթղթեր չունեին, ուղղակի բոստաններ էին՝ կարտոֆիլ, լոբի էին ցանում։ Լսել եմ, որ այդ հողերը տրվել են որպես տնամերձներ, որ բաժանվեին երիտասարդ ընտանիքներին, գյուղի պահուստային ֆոնդի հողերից են բաժանել որպես տնամերձ, իսկ այդ տարածքը ինքը ժողովրդից վերցրել է ու առանց փաստաթղթի շինարարություն է սկսել»,-ասաց Տեղի բնակիչը:
Նա նշեց, որ Ղուլունցն այդտեղ պլանավորում է «ցեմենտի ցեխ» հիմնել ու ցեմենտ վաճառել տասնվեց միլիոնանոց բնակարանաշինության ծրագրից օգտվողների վրա։ Տեղի բնակիչները միմյանց հետ զրույցներում արտահայտում են իրենց դժգոհությունը Ղուլունցից, սակայն դեմ առ դեմ կոնֆլիկտի չեն գնում:
«Գիտեք ինչ, վախենալը վախենում են, մեկը մյուսի հետ խոսելուց ասում են, բայց դե իրենք խնդիր չունեն: Մելոն իր քեռին է, քեռու տղեն դատախազն է, մեկ է, ինչքան բռնեն, տանելու են՝ նորից բաց թողնեն, մեկ է, իրենք իրենց շինությունները անելու են, իրենց բիզնեսները շարունակվելու է։ Մեկը չկա, որ կարողանա իրենց ասի, ինչի ես անում: Մեկը ապօրինի շինություն աներ՝ արագի մեջ կգային, կձերբակալեին, կտանեին, բայց դե մեծ շինություն է կառուցում, մոտավորապես հեկտար ու կես, բայց ապօրինի՝ մարդը ոչ փաստաթուղթ ունի, ոչ էլ»,- տեղեկացրեց Տեղի բնակիչը:
Իսկ ոստիկանների հետ կոնֆլիկտը այն պատճառով է եղել, որ ոստիկանները պահանջել են Ղուլունցին դադարեցնել ապօրինի շինարարությունը, իսկ վերջինս հակառակվել է, հրաժարվել է պահանջը կատարել։
Կապ հաստատեցինք նաև Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի հետ, ով հայտարարեց․ «Ո՞վ է ասում, որ ինձ բռնել են, մի հատ էլ հրապարակել եք։ Ես եմ, ինձ չեն բռնել, թե ոնց եք դուք հրապարակում, ես չեմ էլ իմանում: Հերիք էդ շանտաժները անեք, ճիշտ չի։ Ինձ չեն բռնել, ես եմ, ինձ չեն բռնել, զոռով ինձ զաստավիտ եք անում, որ բռնե՞լ են։ Դե հաջողություն Ձեզ ուրեմն, նման բան չի եղել»,- ու անջատեց հեռախոսը։
Ստացվում է, որ Դավիթ Ղուլունցը ժխտում է ոստիկանությանը։ Մնում է հասկանալ, ո՞վ է խեղաթյուրում ճշմարտությունը՝ ոստիկանությու՞նը, թե՞ Ղուլունցը։
Բաց մի թողեք
Զզվում են, թե՝ վախենում
Գյումրեցիները գուցե նախընտրեցին ինձ տեսնել ԱԺ պատգամավորի կարգավիճակում․ Ինքնամխիթարանք
ՔՊ-ից ոչ մեկը չանցավ, թող գնան դա վերլուծեն