21/12/2024

Նախագահ Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի ընդդիմադիրները ստորագրել են «Վրացական խարտիան»

Հոկտեմբերի 8-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկսում է ընդդիմադիր կուսակցությունների հետ խորհրդատվական հանդիպումների շարքը: Այդ մասին հաղորդագրություն տարածել է նրա մամուլի ծառայությունը:

Վրաստանի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում նախկին նախագահ Սաակաշվիլիի «Միասնության՝ ազգային շարժումը» նախագահ Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ ստորագրել են «Վրացական խարտիա» անվանված փաստաթուղթ, որին չի միացել «Գախարիան՝ հանուն Վրաստանի» շարժումը: Վերջինիս առաջնորդ Գեորգի Գախարիան, սակայն, համաձայնել է մասնակցել նախագահ Զուրաբիշվիլիի նախաձեռնած քննարկումներին և «պահպանել ձեռք բերված համաձայնությունը»:

Ինչի՞ շուրջ է համաձայնության եկել Վրաստանի հիմնական ընդդիմությունը: Քաղաքական բոլոր ուժերն ընդունել են, որ ներկա փուլում գերխնդիր է թույլ չտալ իշխող ուժի տոտալ հաղթանակը, ստեղծել իրավիճակ, երբ միավորված ընդդիմությունը կկարողանա վարչապետի թեկնածու առաջադրել և ձևավորել «տեխնիկական կառավարություն»:

«Վրացական խարտիան» կգործի մինչև նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի ավարտը, երբ «տեխնիկական կառավարությունը» կհայտարարի արտահերթ ընտրություններ: Այդ պահից խարտիան ստորագրած կուսակցություններն իրենց որոշման մեջ կլինեն ազատ:

Վրաստանի ընդդիմության այս պահի ամենալուրջ ձեռքբերումը, թերևս, այն է, որ խարտիան ստորագրած կուսակցությունները և Գեորգի Գախարիան «տեխնիկական կառավարության» ղեկավարի՝ երկրի վարչապետի թեկնածու ընտրելու իրավասությունը վերապահել են նախագահ Զուրաբիշվիլիին:

Հոկտեմբերի 8-ին մեկնարկող խորհրդատվական հանդիպումները, ըստ էության, այն մասին են, թե խարտիան ստորագրած կուսակցությունների և Գեորգի Գախարիայի համար որքանո՞վ ընդունելի կլինի վարչապետի թեկնածուն, որ ընտրել է նախագահ Զուրաբիշվիլին:

Վերջինս ասել է, որ տևական քննարկումներից հետո կանգ է առել մի թեկնածության վրա, որ «հանրային մեծ հեղինակություն է վայելում»: Apsny.ge-ն այս առթիվ գրում է, որ նախագահ Զուրաբիշվիլիի շրջապատից, նրա աշխատակազմից «տեխնիկական կառավարության» վարչապետի թեկնածուի մասին «առայժմ նույնիսկ տեղեկատվական արտահոսք չկա»:

Վրաստանի նախագահին կհաջողվի՞ խարտիան ստորագրած կուսակցություններին և Գեորգի Գախարիային համոզել, որ իր ընտրած թեկնածուն հանրային ամենաբարձր հեղինակությունն ունի՝ փորձագետները դժվարանում են կանխատեսել:

Civil.ge-ի խմբագրականը գտնում է, որ Ռուսաստանը «ծանր հարված է հասցրել» «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը, և դա ընտրությունների արդյունքների համար կարող է որոշիչ դեր խաղալ:

Բանն այն է, որ հոկտեմբերի 4-ին ՌԴ արտգործնախարար Լավրովն ընդունել է Հարավային Օսեթիայի «պաշտոնակից» Ջիոևին և վստահեցրել, որ Աբխազիայի և ՀՕ-ի վերաբերյալ որոշումները Մոսկվան «երբեք և ոչ մի պայմանով չի փոխի»:

Ի՞նչ ազդեցություն կթողնի այդ հայտարարությունը «Վրացական երազանքի» քարոզարշավի վրա: Իշխանափոխության վրացական «մեխանիկան» կգործի՞: