22/11/2024

ՌԴ-ն «դուրս է գալիս» ՀՀ-ի և Իրանի «արանքից», Պուտինը և Փեզեշկիանը «չեն համբերում» 10 օր. Բադալյան

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինը հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն անդրադառնալով ձեռք բերված համաձայնությանը՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ռուսաստանն ու Հայաստանը, ըստ ՀՀ վարչապետի խոսնակի, պայմանավորվել են, որ 2025 թվականի հունվարի 1-ից հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններին ՌԴ սահմանապահների հետ մեկտեղ ծառայություն կիրականացնեն նաեւ հայ սահմանապահները:
Ինչպես արդեն նշել եմ, այս հանգամանքին կանդրադառնամ վաղը, ներկայացնելով իմ տեսակետն ու գնահատականը: Միեւնույն ժամանակ, ըստ իս, առավել կարեւորն այն համաձայնությունն է, որ վերաբերում է Իրանի հետ սահմանի անցակետին, որտեղ ծառայությունը՝ ըստ հայ-ռուսական համաձայնության, կանցնի հայ սահմանապահներին:

Սա էական է իր աշխարհաքաղաքական ասպեկտով, բնականաբար ռեգիոնալ երանգների համատեքստում: Ուշադրություն դարձնենք՝ այս համաձայնությունը կայացվում է Թուրքմենստանում Պուտին-Փեզեշկիան առաջին հանդիպումից երեք օր առաջ: Այդ հանդիպումն ինչ որ միջազգային ֆորումի շրջանակում կայանալու է հոկտեմբերի 11-ին: Հոկտեմբերի 22-24-ին պետք է լինի ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Կազանում, որին մեկնելու է նաեւ Իրանի նախագահը: Փաստորեն ստացվում է, որ Պուտինը եւ Փեզեշկիանը «չեն համբերում» 10 օր եւ նրանց առաջին հանդիպումը լինում է ոչ թե Ռուսաստանում, այլ՝ Թուրքմենստանում: Սա թերեւս նշանակում է, որ կա քննարկելու էական հարց, եթե «չեն համբերում» մինչեւ Կազան:

Այդպիսով, այդ էական հարցի քննարկումից առաջ Ռուսաստանը համաձայնում է հայ-իրանական սահմանային անցակետը, այսինքն՝ Հայաստան-Իրան հաղորդակցությունը հանձնել հայ սահմանապահներին: Ըստ իս, սա ձեւով հայ-ռուսական, սակայն քաղաքական, աշխարհաքաղաքական բովանդակությամբ ռուս-իրանական համաձայնություն է: Ռուսաստանն անցակետում ըստ էության «դուրս է գալիս» Հայաստանի եւ Իրանի «արանքից»:

Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, սա ժեստ է Իրանին, վստահության էական ժեստ, որովհետեւ աշխարհաքաղաքական իմաստով Ռուսաստանը Իրան-Հայաստան հաղորդակցությունը վստահում է ոչ թե Հայաստաննին, այլ՝ Իրանին: Եվ այդ ժեստն արվում է Փեզեշկիանի հետ հանդիպումից առաջ, ինչը թերեւս նշանակում է, որ Մոսկվան այդ հանդիպումից սպասում է պատասխան ժեստ Իրանից:

Ի՞նչ տեսքով՝ ռուս-իրանական պայմանագրի ստորագրմա՞ն, Կազանի գագաթնաժողովում, թե՞ ավելի մերձավորարեւելյանոտ իրողություններին առնչվող՝ ներկայիս իրադարձությունների համատեքստում: Իսկ գուցե Իրանին վստահության ժեստ, Կովկասի՞ առնչությամբ որեւէ հարցում համաձայնության դիմաց: Միարժեք իհարկե բարդ է ասել:

Սակայն, չեմ բացառում, որ գործնականում կարող էր նույնիսկ Իրանն ակնկալել այդ քայլը Ռուսաստանից, որպես հենց վստահության «առհավատչյա»: Միջպետական հարաբերություններում այդօրինակ «պայմանները» պատահում են հաճախ»: