11/07/2025

Իրենք բացահայտեցին, որ ձեռնտու ընդդիմություն են այս իշխանությունների համար, այդքան բան․ Աջապահյան

«Հրապարակի» զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որի վերջին հարցազրույցը փոթորկել էր հանրային դաշտը։

– Ձեր վերջին հայտարարությունը, որ երկրորդ եւ երրորդ նախագահները պետք է հեռանան ասպարեզից, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա, հասարակությանը բաժանել է 2 հակադիր ճամբարի՝ մի մասը համաձայն է Ձեզ հետ, մյուսներն ասում են, որ Դուք փաստացի նիկոլական թեզ եք պաշտպանում։

– Ես չեմ ասել, որ երկրորդ, երրորդ նախագահները պիտի հեռանան, ասել եմ` եթե ուզում են շարժումը հաջողի, պիտի հեռանան։ Երկրորդ. շարժման թուլանալը բացատրել եմ դրանով, բայց ես պահանջ չեմ դրել, թե իրենք պիտի հեռանան։ Ես ասել եմ, եթե իրենք ուզում են, որ այս իշխանությունը փոխվի, ուրեմն պիտի հեռանան։ Դա իմ պահանջը չէ՝ դա իմ վերլուծությունն է։ Կհեռանան-չեն հեռանա՝ ինձ համար էականորեն որեւիցե տարբերություն չկա, եթե, իհարկե, մեր հայրենիքը դրանից չի շահում։

– Պատճառը ո՞րն է, որ այդքան քննարկումների պատճառ դարձավ Ձեր այդ հայտարարությունը։

– Որովհետեւ իրենք պիտի վերջիվերջո ինքնաբացահայտվեին։ «Երկիր մեդիայում» ես շատ ընդարձակ հարցազրույց եմ տվել` news.am-ից հետո, շատ ավելի ընդարձակ, շատ ավելի հիմնավոր, բայց Դաշնակցությունը կամ Դաշնակցության վերնախավը, կամ «Երկիր մեդիայի» վերնախավը վախեցավ այդ հարցազրույցը եթեր տալուց եւ արգելափակեց, որովհետեւ այնտեղ նաեւ Դաշնակցության թերությունների մասին էի խոսում։ Հայաստանում քաղաքական կուսակցություներ չկան՝ դա մասսայական ինքնախաբեություն է։ Ոչ մի քաղաքական կուսակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի, կան անձերի պաշտամունքների ակունքներ։ Ես ուրախ եմ, որ այդպիսի ռեակցիա, այդպիսի ազդեցություն է եղել, որովհետեւ բոլորն ինքնաբացահայտվել են, այսինքն, որ բոլորն իրար հետ կապված են՝ մեկի պոչը մյուսի տակ է։ Այդ ընդդիմությունը, որ ասում էին՝ ձեռնտու ընդդիմություն է այս իշխանությանը, այո, իրենք բացահայտեցին, որ ձեռնտու ընդդիմություն են այս իշխանությանը՝ այդքան բան։

– Մարդիկ նկատել են, որ անդրադարձել եք երկրորդ եւ երրորդ նախագահներին, սակայն չեք անդրադարձել առաջին նախագահին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

– Առաջին նախագահը դուրս է այս պրոցեսներից՝ այս պրոցեսներում չկա, եթե այս պրոցեսների մեջ լիներ, նույնը կասեի նրա մասին։ Բայց պրոցեսի մեջ չէ, ինչո՞ւ նրա անունը տամ։

– Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ձեր հայտարարությանը, ասաց, որ չի խոսել Ձեզ հետ, ասաց` հնարավոր է, որ Ձեզ ոչ այնքան ճիշտ տվյալներ են փոխանցում իր մասին։ Ձեր եւ Բագրատ սրբազանի հարաբերությունների վրա պայքարի այս գործընթացն ազդե՞լ է։

– Բացարձակ չի ազդել, չի էլ ազդելու, որովհետեւ, նախ, ես Բագրատ սրբազանին չեմ քննադատել կամ, առավել եւս, ինչ-որ վիրավորական արտահայտություն չեմ արել, ինձ թույլ էլ չեմ տա։ Ինքն իմ ամենասիրելի եղբայրն է եւ մնում է իմ ամենասիրելի եղբայրը։ Ես ուղղակի ցավում եմ շարժման այս ընթացքի համար եւ փորձում եմ ամեն կերպ օգտակար լինել, ամբողջ այս ընթացքում փորձել եմ, փորձելու եմ իմ խելքի չափ, որքան որ իմ խելքը տալիս է հնարավորություն, օգտակար լինել։ Ինձ որեւիցե մեկը չի չարախոսել իր հասցեին, առավել եւս՝ չի կարող չարախոսել։ Այս մասին ինքն իր խոսքի մեջ կարծեմ ասել է, որ մենք խոսել ենք այս թեմայով։

– Նշեց, որ Ձեր վերջին հայտարարությունից հետո չի խոսել Ձեզ հետ։

– Այո, վերջին մեկ ամսում չենք խոսել իրար հետ, ցավոք, որովհետեւ չի ստացվում, հեռախոսով էլ չենք ուզում խոսել` հասկանալի պատճառներով։ Բագրատ սրբազանը մնաց իր բարձրության վրա, ինքը շատ ճիշտ հասկացավ իմ ասածները, ես շնորհակալ եմ նրանից։ Մենք մնում ենք եղբայր, եւ ուրիշ անգամներ ես ասել եմ, որ մենք կարող ենք իբրեւ եղբայրներ սխալվել, բայց միշտ կմնանք եղբայր։ Այդպիսի խոսք կա՝ իմ եղբայրը կարող է սխալվել, բայց նա միշտ մնում է իմ եղբայրը, մենք՝ երկուսս էլ ունենք նույն հարաբերությունը։ Դա մի տարվա հարաբերություն չէ, 36 տարվա՝ մի ամբողջ կյանքի հարաբերություն է, 36 տարվա փորձված ընկերություն, եղբայրություն, բարեկամություն է։ Ուղղակի հիմա հասել է մի այնպիսի փուլի, որ մենք կարող ենք ունենալ որեւիցե հարցի նկատմամբ տարբեր կարծիքներ։

– Ինչո՞ւ մեր քաղաքական դաշտը չի կարողանում լսել առողջ քննադատությունը կամ տարակարծությունը։

– Որովհետեւ մեր՝ եկեղեցականների մշակույթը՝ միմյանց հետ շփվելու, միմյանց հետ չհամաձայնելու, միմյանց հետ վիճելու, բայցեւ բարեկամ մնալու եւ չթշնամանալու, այդ մշակույթն իրենք չունեն, որովհետեւ չկան քաղաքական կուսակցություններ` ուղղակի հավաքվել են, ամեն մեկը մի ձեւի տուն է պահում եւ այլն: Չկա կուլտուրա, մշակույթ։ Որովհետեւ, տեսեք, եթե իմ ասածի հետ համաձայն չեն, կարող են հերքել։ Երբ որ մարդը սխալ կամ սուտ բան է ասում, դա հերքվում է, իսկ ճշմարտության վրա հարձակվում են, ճշմարտությունը չես կարող հերքել, ուրեմն պիտի հարձակվես։ Ուրեմն իրենց մեթոդը` հարձակման, խոսում է այն մասին, որ ես ասել եմ ճշմարտությունը, որովհետեւ եթե ես սուտ կամ սխալ բան ասած լինեի, իրենք պիտի հերքեին, ոչ թե հարձակվեին։ Իրենք իրենց հարձակումներով ապացուցում են, որ ես ճիշտ եմ ասել՝ բացարձակ ճշմարտություն։ Ես նույնիսկ կարող էի կասկածել իմ ասածի վրա, բայց իրենց այս հարձակումներն ինձ համոզեցին, որ, այո, հարյուր տոկոսանոց ճշմարտություն եմ ասել։ ՔՊ-ին հանրապետականներն են ձեռնտու, հանրապետականներին ՔՊ-ն է ձեռնտու, մյուսներին՝ դաշնակցականներին, մյուս երկուսն են ձեռնտու, մեկը մյուսին ձեռնտու է։ Մնացած բոլորը խաբկանք է, որովհետեւ ընդդիմություն կոչվածն էլ ոչ թե այս իշխանության հեռացումն է ուզում, այլ այս իշխանության փոխարեն իր վերադարձն է ուզում՝ սա է իր ուզածը։ Իսկ սա հայրենիքի փրկության հետ ոչ մի առնչություն չունի։

– Սրբազան, բայց երբ այդպես խոսում եք, մարդիկ ասում են, որ իրենց նպատակը Փաշինյանի հեռացումն է, իսկ Դուք, ընդդիմությանն էլ քննադատելով․․․

– Հեռացրեք, ե՞ս եմ խանգարել, հեռացնեիք։ Չեք կարողանում հեռացնել, ես էլ մատնացույց եմ անում պատճառը, որի պատճառով չեք կարողանում հեռացնել։ Ուրեմն իմ մատնացույց արած պատճառը եթե սուտ է կամ սխալ է, դա հերքեք, այլապես ի՞նչ եք հարձակվել։ Այն անգամ էլ ասել էի, որ մեր գերնպատակը սրանց հեռացումը չէ պարզապես, այլ լավ իշխանություն ունենալն է, եթե այս մարդիկ կսրբագրեն իրենց ընթացքը, կլինեն լավ իշխանություն՝ թող մնան. դա էլ սխալ հասկացան` հարձակվեցին, թե այս ի՞նչ է ասում։ Հիստերիկ, սենտիմենտալ, այս աստիճան անգրագետ, տգետ ո՞նց կարող է լինել քաղաքական դաշտը։ Ես ուղղակի ողբերգություն եմ ապրում: Ոչ թե անձնական ողբերգություն` որ ինձ վրա հարձակվել են, բացարձակապես, ես ուրախ եմ նույնիսկ։ Այս քանի օրը եթե ինձ տեսնեք, կտեսնեք, որ շատ ուրախ եւ զվարթ եմ, որովհետեւ ես իրենց շնորհիվ համոզվել եմ, որ բացարձակ ճիշտ եմ այս հարցում։ Որովհետեւ, եթե սխալ լինեի, կհերքեին, ոչ թե կհարձակվեին ինձ վրա, ինձ կանվանեին նիկոլական։ Ամենավատ երազում ինձ չես կարող կապել Նիկոլի հետ, ամենավատ երազում չես կարող ինձ կապել Կրեմլի կամ որեւէ օտար իշխանությունների հետ, որ փորձում են կապել։ Եթե ես մի հայտարարությամբ կարող եմ Նիկոլին պահել իր աթոռին, ուրեմն հետս հաշվի նստեք, ինչո՞ւ եք հարձակվում։ Եթե դուք ամբողջ ընդդիմությամբ, կուսակցություններով հավաքվել եք, արդեն մազ էր մնացել՝ Նիկոլին փոխում էիք, հանկարծ ես իմ հայտարարությամբ Ձեզ խանգարեցի, ուրեմն ինձ հետ հաշվի նստեք, չէ՞։ Այս հիստերիան խոսում է այն մասին, որ ես չեմ ուզում ինքնագովությամբ զբաղվել, իմ խոսքը ծանրակշիռ խոսք է, ուրեմն։

– Ի դեպ, Ձեզ Կրեմլի ինչ-որ հատուկ ծառայությունների հետ կապողներ էլ եղան։

– «Հայկական ժամանակում», կարծեմ, Լիլիթ Դալլաքյան էր, ինչ էր, հայտարարել էր, որ ինձ Կրեմլն է թելադրել, որպեսզի ես ելույթ ունենամ։ Այդ աղջիկն ասել է, որ Աջապահյանն ինքը չի խոսել՝ իրեն ասել են, որ խոսի։ Էհ․․․ Ուրեմն այդ աղջիկը պիտի իմանա, որ Միքայել սրբազանն այն մարդը չէ, ում ասում են, որ ինքը խոսի։ Ես երիտասարդ չեմ, 61 տարեկան մարդ եմ, ինձ արդեն շատ ուշ է, որպեսզի ինչ-որ մեկն ասի։ Ինչքա՜ն կարող է, այդքան խակ լինել, որ ասի` Կրեմլը ցուցում է տվել՝ Գալստանյանին փոխարինել Աջապահյանով, այդ իսկ պատճառով Աջապահյանին ցուցում է տրված խոսել, այլապես ինքն իրենով չէր խոսի։ Ինչքա՜ն մարդ կարող է, այսպես` եղունգ նայելով քաղաքագետ ներկայանալ եւ այսպիսի հիմարություններ դուրս տալ։ Չի կարելի, չէ՞, վերջիվերջո։ Հումորի երեկո էր, կարդում էի իմ հասցեին գրված այդ հարձակումներն ու ծիծաղում էի ուղղակի։ Բայց ամեն ծիծաղի մեջ երբեմն նաեւ ողբերգություն է լինում, հիմա մենք այդ ողբերգության մեջ ենք։