Հուլիսին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ «Աշտարակ» ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը կալանավորվել է. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։
Հրապարակ թերթը գրել է․ Իրավապահ մարմինները գործի մասին խուսափում են խոսել` պատճառաբանում են, թե նախաքննություն է գնում։ Մեզ մանրամասներ են հայտնի դարձել այս քրեական գործից: Մասնավորապես, որ մեղադրանքը վերաբերում է հիվանդանոցին պատկանող դիահերձարանի տարածքը վարձակալության տալուն: Իրավապահ համակարգի մեր աղբյուրը հայտնում է, որ, ըստ մեղադրանքի, հիվանդանոցին պատկանող դիահերձարանի տարածքը Մանուկ Քեշիշյանին է վարձակալության տրվել, ինչի դիմաց անձը կաշառք է տվել, կաշառքը տրվել է մարզպետարանում, իսկ ԲԿ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը եղել է այդ կաշառքը տալ-վերցնելու գործում օժանդակող։ Քրեական գործում առանցքային դերակատարում ունի Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի խորհրդական Ռազմիկ Թադեւոսյանը, որը, ի դեպ, մարզպետի ազգականն է` քեռորդին: Նա նույնպես ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց, ի տարբերություն Արգիշտի Հովհաննիսյանի, կալանքի տակ չէ։ Քրեական վարույթով առկա ձայնագրություններում, խոսակցության ժամանակ ասվում է, որ Ռազմիկ Թադեւոսյանին վարձակալության դիմաց տրված գումարից բաժին է հասնելու, սակայն մեզ հայտնի չէ՝ Թադեւոսյանն անձա՞մբ է կաշառք վերցրել, միջնորդե՞լ է, թե՞ կաշառքը փոխանցողն է եղել։ Այսինքն՝ այս կամ այն կերպ մեղադրանքը գնում-հասնում է մարզպետին:
Ա․ Հովհաննիսյանը շատ մտերիմ է եղել մարզպետի խորհրդականի հետ, Թադեւոսյանը, այսպես ասած՝ ՔՊ-ում ԲԿ-ի տնօրենի «թիկունքն» է եղել։ Ի դեպ, Ռազմիկ Թադեւոսյանը նախկինում էլ է հայտնվել մամուլի սկանդալային հրապարակումների կիզակետում։ Նա ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի վարորդն է եղել, երբ Թորոսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր։ Թադեւոսյանը Թորոսյանի մեքենան էր վարում, սակայն զուգահեռ զբաղվում էր նաեւ Թորոսյանի ընտանիքին պատկանող՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի ձկնաբուծական բիզնեսով։ Այս ընկերության 20%-ի սեփականատերն Արագածոտնի մարզպետի խորհրդականի հայրն է՝ Սարգիս Թադեւոսյանը։
Մեր տեղեկություններով՝ քրգործով մեղադրյալների թիվն անցնում է 5-ից, մեկն Արգիշտի Հովհաննիսյանն է, մյուսը՝ նրա վարորդը, ապա՝ ԲԿ-ի պահակը, Ռազմիկ Թադեւոսյանը եւ այլք։ Մենք Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ կապ հաստատեցինք, մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ Ռազմիկ Թադեւոսյանի լիազորությունները կասեցված են․ «Օրենքի պահանջով կասեցված են»։ Անդրադառնալով իր եւ Թադեւոսյանի ազգակցական կապին՝ նշեց․ «Մամայիս հոպարի թոռն է»։ Բայց չցանկացավ խոսել քրեական գործի մասին՝ նշելով, որ այն գտնվում է իրավապահ մարմինների դաշտում։ Հարցին, թե ինքը հարցաքննվե՞լ է, ասաց՝ ոչ։
«Աշտարակ» ԲԿ-ի նախկին ղեկավար Արգիշտի Հովհաննիսյանի պաշտպան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ քրեական գործն ի՞նչ փուլում է։ Փաստաբանը պատասխանեց․ «Նախաքննությունն ավարտական փուլում է, գործի նյութերը մեզ տրվել են՝ ծանոթանալու․․․․ Նախաքննության ընթացքը գնահատում եմ խիստ բացասական, այժմ գործի մանրամասների մեջ չեմ կարող շատ խորանալ։ Նախ՝ անհասկանալի էր, թե ինչու էր անհրաժեշտ Արգիշտի Հովհաննիսյանին այս ընթացքում պահել կալանքի տակ` ո՛չ քննիչի միջնորդությունից է դա հասկանալի, ո՛չ դատարանների որոշումներից, ոչ մի պատճառ չկար՝ այս ամբողջ ընթացքում նրան պահել կալանքի տակ, եթե իրեն ինչ-որ բանի մեջ մեղադրում էին, կարող էին մեղադրել, մենք էլ դատարանով կփորձեինք մեղադրանքը հերքել, բայց այս ամբողջ ընթացքում պահել կալանքի տակ՝ դրան ոչ մի պատճառ չկա։ Դատարանը հիմնավորել է, թե իբր կարող է խոչընդոտել քննությանը, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, աշխարհում այդպիսի մարդ չպիտի մնա, որը, եթե մեղադրվում է հանցագործության մեջ, գտնվի ազատության մեջ։ Շատ անիմաստ, կարելի է նույնիսկ ասել, որ դա զուտ դաժանություն է մարդու նկատմամբ, ոչ մի լուրջ փաստարկ, որ Արգիշտի Հովհաննիսյանը պետք է մնա կալանքի տակ, գոյություն չունի»։
Հայկ Ալումյանը հստակեցրեց՝ իր պաշտպանյալը մեղադրվում է միայն կաշառք ստանալուն օժանդակելու մեջ․ «Ես գտնում եմ, որ ինքը ոչ մի բանին էլ չի օժանդակել»։
Նշենք, որ Արգիշտի Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նա «Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել 2018 թվականին։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի