Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռևս որևէ հայտարարություն չի հնչեցրել:
Պարզ չէ, թե ի՞նչ կտրվածքով է նա, մասնավորապես, քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Ենթադրություն կարելի է անել ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի մեկնաբանությունից, որտեղ առաջին անգամ ակնարկվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից Հայաստանի հրաժարվելու հավանականության մասին:
Մոսկվայից ի՞նչ պաշարով է վերադարձել Իլհամ Ալիևը: Եթե դատենք տեղեկատվաքարոզչական դրսևորումներից, ապա նա միանշանակորեն աջակցում է ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովին, որ առաջարկում է համատեղել Կովկասում Արևմուտքի նկրտումների դեմ: Բայց Ալիևը դա անում է Միացյալ Նահանգներին «հայկական ռևանշիզմ և սեպարատիզմ սնուցելու» մեջ քննադատելու միջոցով:
Այլ առումներով, Ալիևը Միացյալ Նահանգներին սկզբունքորեն չի հակադրվում: Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին և ազատություններին, ապա երկու կողմն էլ քաջ գիտեն, որ Ադրբեջանում միշտ է այդպես եղել, և ոչինչ չի փոխվելու, ուստի հռետորաբանությունից գործնականի չեն անցնում:
Երևում է՝ Պուտին-Ալիև բանակցությունները բարդ են եղել: ՌԻԱ-Նովոստիի մեկնաբանը կրկին անդրադարձել է «թուրքական աշխարհի քարտեզի» թեմային և ընդգծել այդ նախագծում Ադրբեջանի «առանցքային դերը»: Տպավորությունը, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը կարող է «խզել թուրքական աշխարհի միասնականությունը», և ինչի վրա, ըստ էության, մեծ խաղադրույք է դրել Մոսկվան, իրականության մեջ, երևում է, ոչնչով չի հաստատվում:
ASNA կենտրոնի վերլուծաբան Գասիմլին ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների բարդությունը բացատրում է նրանով, որ Վաշինգտոնը «ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունը լիովին չի ճանաչում»: Ամիսներ առաջ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը «հասկացել է, թե աշխարհում ինչ է կատարվում և ընդունել է իրողությունները»:
Բայց Ռուսաստանն «իրողությունները ճանաչել է» հանուն իր շահերի, ոչ թե՝ «թուրքական աշխարհի»: ՌԻԱ-Նովոստիի խմբագրականն ուղղակի հույս է պահում, որ «թուրքական աշխարհի» ռազմաքաղաքական քարտեզում Ռուսաստանի թուրքաբնակ տարածքները «չեն ներառնվի»: Հեղինակը, սակայն, արդարացիորեն եզրակացնում է, որ ոչ ոք չգիտի, թե քսան տարի հետո ինչ կլինի:
Anadolu գործակալությունը հայտնում է, որ թուրք աշխարհագրագետներն առաջարկում են Կենտրոնական Ասիան վերանվանել «Թուրքեստան», ինչպես պատմականորեն եղել է: Ադրբեջանը, բնականաբար, այդ էթնոքաղաքակրթական տարածքից դուրս չի մնալու:
Այս իմաստով, Հարավային Կովկասի հաղորդուղիների խնդիրը Ռուսաստանի համար էքզիստենցիալ նշանակություն է ստանում: Տրամաբանական է թվում, որ Մոսկվան պետք է ձգտի Հայաստանի միջոցով և Իրանի մասնակցությամբ հակակշիռ ստեղծի:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցին ասել է, որ ԱՄՆ-ն թանկ է գնահատում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, ապա Միացյալ Նահանգներն «օգնում է կողմերին, որպեսզի հասնեն կայուն խաղաղության, ինչը կնպաստի տարածաշրջանում վստահության հաստատմանը և տնտեսական զարգացմանը»:
Այս համատեքստում ի՞նչ իմաստ ունեն ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների նախաձեռնությունները կամ փոխնախագահ, նախագահի թեկնածու Հարիսի հայտարարությունը: Հայաստանի ԱԳՆ-ն պետք է իրավիճակի խորքային վերլուծություն կատարի:
Մոսկվայի հետ Ալիևը «խարակտեր է ցույց տալիս»: Հայ-ռուսական հարաբերությունների վերբեռնման հնարավորություն կա՞:

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն ուսումնասիրում է հակառուսական պատժամիջոցների վերացումը․ «The Economist»
Զախարովան բարբաջել է, թե Երևանը «մոռացել է» Հայկական երկաթուղիներում ռուսական ներդրումների մասին
Ալիևն արդեն հակառուսաստանյան հայտարարություններ է անում