«Խոսք չկա սվոփ տարբերակով ադրբեջանական կամ ռուսական գազը Ուկրաինայի տարանցիկ խողովակով Եվրոպա առաքելու մասին, այդպիսի բանակցություն նույնիսկ չի վարվում»,-հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նովակը:
Այս հայտարարությունը բավականին ուշագրավ է, հատկապես այն հայտարարության ֆոնին, որ Հռոմում սեպտեմբերի սկզբին արել էր Ադրբեջանի նախագահ Ալիևը: Նա հայտարարել էր՝ Իտալիայում, մասնակցելով էներգետիկ թեմաներով համաժողովի, որ Եվրամիությունը դիմել է Ադրբեջանին՝ Ուկրաինայի և ՌԴ միջև գազային տարանցիկի շարունակության վերաբերյալ բանակցությանը նպաստելու համար:
Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե այդ հարցում լավատեսությամբ է նայում բանակցության հեռանկարին: Ինչո՞ւ պետք է Եվրամիությունը դիմեր Ադրբեջանին Ուկրաինայի և ՌԴ միջև բանակցությանը նպաստելու համար, այն դեպքում, երբ Կիևը հայտարարում էր, որ խոսք չի կարող լինել Ռուսաստանի գազի տարանցումը շարունակելու մասին, որի վերաբերյալ պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: Փոխարենը, Ուկրաինան հայտարարել էր, որ պատրաստ է խողովակաշարով տարանցել այլ գազ: Եվրամիությունն ունի ուկրաինական տարանցիկի կարիքը, հատկապես ձմռանը:
Բրյուսելը, մասնավորապես նաև Գերմանիան շահագրգռված են դրա շարունակությամբ և պատրաստ անգամ ռուսական գազի մատակարարման: Բնական է, որ դրա ցանկությունն ունեն երկրները, որոնք ստանում են այդ գազն անմիջապես, ինչպես Հունգարիան և Սլովակիան: Սակայն Ուկրաինան միարժեք հայտարարել է, որ չի երկարաձգի ռուսական գազի տարանցման պայմանագիրը:
Երբ այդ պայմաններում ԵՄ-ն դիմում է Ադրբեջանին օգնելու համար, ինչպես Հռոմում հայտարարել է Ալիևը, ապա այստեղ կարող է լինել մեկ տրամաբանություն՝ սվոփ մատակարարում, երբ Ուկրաինան կտարանցի ադրբեջանական գազը, իսկ Ռուսաստանն այդ ծավալի գազ կվաճառի Բաքվին, որպեսզի համաձայնի, որ ադրբեջանական գազն իր տարածքով հասնի Ուկրաինա:
Բայց ահա Ռուսաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Նովակը հայտարարում է, որ չի կարող խոսք լինել սվոփ տարբերակի մասին, նաև չկան համապատասխան ենթակառուցվածքներ դա իրականացնելու համար, և ընդհանրապես չի եղել այդպիսի առաջարկ ու բանակցություն:
Ալիևը սո՞ւտ էր խոսել Հռոմում, թե՞ Ռուսաստանը «շրջում է գազային սեղանը», քանի որ գոհ չէ բանակցության ընթացքից ու պայմաններից, կամ պարզապես որոշել է այդ հարցում բարձրացնել խաղադրույքը:
Արդյո՞ք Մոսկվան դնում է պահանջ, որ Ուկրաինայի զինուժը հետ քաշվի Կուրսկի մարզի Սուջա բնակավայրից, որտեղ գտնվում է գազաբաշխիչ խոշոր կայանը, որը վերջին կետն է ուկրաինական տարանցիկ խողովակ մուտքից առաջ, և որը ուկրաինական ստորաբաժանումները վերահսկողության տակ էին վերցրել Կուրսկի մարզ մտնելուց հետո՝ թերևս ակնկալելով, որ գազաբաշխիչ կայանի վերահսկողությունը կարող է Կիևին տալ գազային բանակցության խաղաքարտ:
Բաց մի թողեք
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»
Ռուսաստանում ազգամիջյան պատերազմ կսկսվի ՞