02/07/2025

Ի՞նչն է խանգարում, որ շարժումը հաջողության հասնի

Հրապարակ թերթի հարցազրույցը Սրբազան շարժման լիդեր, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ

– Սրբազան շարժման վերջին հավաքներից հետո ավելի է մեծացել շարժման քննադատների շրջանակը, իշխանականներին են միացել նաեւ սրտացավները: Ասում են, որ Բագրատ սրբազանը չունի հստակ ծրագիր, իշխանափոխության ճանապարհային քարտեզ: Շարժումը մարում է, շուտով վերջնականապես մսխվելու է գեներացված մեծ էներգիան, վերջին հավաքներին քիչ են մասնակցում։ Շարժումը փրկելուն ուղղված ինչ-որ քայլեր կա՞ն: Ոմանք ասում են, որ իրենց առաջարկած լուծումները, դիցուք՝ ժամանակավոր կառավարության կազմ, քայլերի հաջորդականություն հրապարակելու վերաբերյալ, շարժման ղեկավարները չեն ընդունել։

– Եթե հիշում եք՝ Սրբազանն էլ է հայտարարել, որ  ժամանակավոր կառավարություն է ուզում ձեւավորել, ոչ մի պարագայում դրան դեմ չենք։ Ինչ վերաբերում է մեզ ուղղված հարվածներին, ասեմ՝ սրտացավորեն քննադատողներն էլ են երեւում, հարվածողներն էլ․ սա առանձին խոսակցության թեմա է։ Ես կարող եմ հետեւյալն ասել․ բոլոր քաղաքական ուժերը, գործիչները, որոնք առաջարկներ են ունեցել, հնարավորություն են ունեցել հանդիպել Սրբազանի հետ, մեզ հետ եւ քննարկել առաջարկները։ Մասնակցության մասով՝ առավել եւս․ այն մարդիկ, որոնք ասելիք են ունեցել, մենք նրանց հարթակ ենք տրամադրել, չի եղել մի գործիչ, որը ժամանակին աջակցել է Սրբազան շարժմանը, հնարավորություն չի ունեցել հարթակից ելույթ ունենալու։ Ոմանց մոտ, այո, տպավորություն է, որ շարժումը վերջացել է, մարել է, ու հարմար պահ են գտել մեզ քննադատելու, բայց ասեմ՝ իրենք մի նպատակ ունեն՝ վերցնել ընդդիմադիր դաշտը, իրենցով զբաղեցնել։ Բայց այդ դաշտը որեւէ մեկի սեփականությունը չէ, բոլորն էլ կարող են ընդդիմադիր գործունեություն ծավալել՝ ե՛ւ հավաքի օր նշանակել, ե՛ւ հավաքել հանրությանը, ե՛ւ անհնազանդության ակցիաներ անել, ե՛ւ կառավարության շենք շրջափակել, ՍԴ գնալ: Խնդիրն այն է, որ իրենք ոչինչ չեն անում, անողներին էլ քննադատում են, դուրս է գալիս, որ ստատուս գրելուց եւ ուրիշի վրա ցեխ շպրտելուց բացի ուրիշ բան չեն կարողանում անել։

– Ձեր այսօրվա քննադատներից շատերն ամիսներ առաջ շարժմանը միացան, հիմա ասում են՝ շարժումը ծրագիր, ռազմավարություն չունի, բոլորս էլ ուզում ենք, որ Փաշինյանը հեռանա, իշխանափոխություն լինի, բայց շարժման առաջնորդը, որ անընդհատ վստահեցնում է, թե դա տեղի է ունենալու, պետք է նաեւ իշխանափոխության հասնելու քայլերի հաջորդականությունը ներկայացնի, ասի, թե ինչպես է դա պատկերացնում։ Մանավանդ, որ մայիսին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց էր սկսվելու խորհրդարանում, բայց դա տեղի չունեցավ։

– Մենք ոչ միայն ելույթներ ենք ունեցել, այլեւ ակտիվ գործողություններ արել՝ կառավարության շենքի շրջափակում, ԱԳՆ-ի շենքի շրջափակում, հունիսի 12-ին էլ մեր հայրենակիցներին հրավիրել էինք ԱԺ շենքի մոտ, որ ակտիվ մասնակցեն, ու նաեւ գործողություններ են եղել։ Ուզում եմ ասել, որ գործողությունների պակաս չի եղել։ Այս կամ այն մարդիկ տարբեր պատճառներով ներգրավվածություն չեն ունեցել դրանց, բայց պատճառը ոչ թե մենք ենք, այլ՝ իրենք։ Մենք առաջին գծում մեր կռիվը տվել ենք ու մինչեւ հիմա էլ տալիս ենք, հիմա ի՞նչն է խանգարում, որ մարդիկ միանան մեր ակցիաներին։ Երեկ դատախազության դեմն էինք, կիրակի ՍԴ ենք գնացել։

– Ասում են՝ կիրակի՝ ոչ աշխատանքային օրը ՍԴ գնալու իմաստը ո՞րն է։

– Մարդիկ պետք է դեղին քարտ ցույց տային ՍԴ-ին: Երեկ էլ՝ աշխատանքային օրով, դատախազության մոտ էինք, էդ քննադատողներն ինչո՞ւ չեկան՝ ակցիային մասնակցեն։ Կիրակի օրը ոչ միայն ՍԴ շենքի մոտ էինք, այլեւ ես եւ իմ ընկերները փակել էինք Բաղրամյան փողոցը, այնտեղ լարված իրավիճակ էր, ինչո՞ւ չեկան միանային մեզ, գային կանգնեին, մի ճանապարհ էլ իրենք փակեին։ Ոչ մի բանին հավան չլինելով` մենակ խոսում են։

– Չե՞ք ընդունում, որ չունեք իշխանափոխության ճանապարհային քարտեզ, բացակայում են համակարգված գործողությունները, դրա համար էլ մարդիկ հիասթափվել են։

– Ձեզ մի բան ասեմ․ իսկ այդ ո՞վ է իշխանափոխության ծրագիրը դրել լայն քննարկման, այդ ծրագրի իմաստը ո՞րն է․ եթե բոլորն իմանան դրա մասին, ուրեմն կիմանան նաեւ իշխանությունները, շատ ժամանակ մեզ մոտ արտահոսք է տեղի ունենում, իշխանությունները, իմանալով, կանխում են։

– Իշխանություններն առանց հրապարակայնացնելու էլ գիտեն՝ ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, բոլորիդ լսում են, հետեւում։

– Դա այդքան էլ այդպես չէ: Իհարկե, գաղտնալսում էլ են, հետեւում էլ, բայց հիմա մենք ինֆորմացիան հնարավորինս գաղտնի ենք պահում, որ իրենց հասանելի չլինի։

– Բագրատ սրբազանի հոգեւոր առաջնորդությունը բոլորն են ընդունում, միեւնույն ժամանակ փաստում, որ նա քաղաքական գործիչ չէ եւ չի կարող դառնալ, եթե գումարենք նաեւ այն, որ վարչապետ դառնալու համար նրա պարագայում սահմանադրական արգելք էլ կա։ Չե՞ք կարծում, որ, իսկապես, պետք է շարժման քաղաքական բաղադրիչը մեծացնել, ասենք՝ թող ինքն իր նախընտրությամբ այլընտրանքային կառավարություն ձեւավորի, ընտրի քաղգործիչներին, վարչապետի թեկնածու ներկայացնի հանրությանը՝ քաղաքական լայն կոնսոլիդացիա, համախմբում ապահովի, եւ ինչ-որ մարմին` այդ ուժերի ակտիվ ներգրավմամբ, շարունակի առաջ տանել շարժումը։

– Բագրատ սրբազանը երբեւէ քաղաքական առաջնորդության հավակնություններ չի ունեցել, անձամբ է այդ մասին բազմիցս ասել, Սրբազան հայրն այս իրավիճակում ընդամենը ցանկացել է համախմբող դեր ունենալ, եւ ես ասեմ, որ այդ դերն իրականացրել է, բայց ինչ-որ պահից սկսեցին հարվածներ հասցնել շարժմանը, ընդ որում՝ հարվածողները նրանք են, որ ոչ մի բան չեն ձեռնարկում, թող էդ խոսողները մի քայլ էլ իրենք անեն, մի հինգ հոգու էլ իրենք հավաքեն, լավը չի՞ շարժումը` թող իրենք մի բան անեն։

Ասում եք՝ ժամանակավոր կառավարություն, այո, ընդդիմադիր դաշտում շատ են խելացի, բանիմաց թեկնածուները, բայց ռիսկ կա, որ ում էլ  ներկայացնես որպես ապագա նախարար, սկսելու են նորից հարվածել, սեւացնել այդ մարդկանց, նրանց նկատմամբ սկսելու են հետապնդումներ, լուտանքներ եւ այլն։ ՀՀ-ում իշխանությունների ջանքերով, իրենց քարոզչության հետեւանքով կորել է բոլորի նկատմամբ վստահությունը, իշխանություններն այնպես են արել, որ ժողովուրդը, չվստահելով իրենց, չի ընդունում նաեւ մյուսներին։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչն է խանգարում, որ շարժումը հաջողության հասնի։

– Թիվ մեկ խանգարող հանգամանքը տոտալ ռեպրեսիաներն են՝ սկսած ակտիվի նկատմամբ, վերջացրած շարքային քաղաքացիներով, գործարարներով, ուսուցիչներով…։ Դուք տեսնում եք, չէ՞, որ 50-ից ավելի դասախոսների բուհերում ժամեր չեն տալիս, որ դասավանդեն։ Չկա մի մարդ, որ մասնակցի ցույցերին ու հետապնդման չենթարկվի։ Տավուշից մեր ընկերները, համակիրները, որոնք եկել-մասնակցել են, գրեթե բոլորին կանչել են ոստիկանություն, այդ մարդկանց մեքենաները տարվում են հատուկ պահպանվող տարածք ու չեն վերադարձվում, որ մյուսների աչքը վախեցնեն։

Ճնշումներ կան, որոնց մեր ընկերներն են ենթարկվում, այսօր էլ Գերասիմ Վարդանյանի դատն է, Վահե Դանիելյանի: Կարմիր գծերն անցել են, անգամ կանանց են բաժիններ տանում։ Ես եւ իմ կուսակից ընկերները, հավատացեք, ենթարկվում ենք ամենադաժան, ամենաբիրտ հալածանքներին, բարեկամ չկա, որ հետեւներից չգնան, ազգական չկա, որ հետեւներից չգնան: Բա այդ խոսողները, որ խոսում են՝ «այսպես-այնպես…», մի հատ հարցրեք իրենց՝ ի՞նչ խնդիրների միջով են անցել, ի՞նչ կտտանքների են ենթարկվել, քո հետեւից եկե՞լ են, բա ինչի՞ համար չեն եկել, խի՞ պիտի պրոբլեմի առաջ մենք կանգնենք, մի հատ էլ մեր դաշտից հարվածներ ստանանք։