21/12/2024

Խախտումներ՝ նախկին պատգամավոր Նովոյին պատկանող լցակայաններում․ հարուցվել է քրեական վարույթ

Օրերս ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզական վարչությունը (ՀՕՀՎ) լայնածավալ ստուգումներ է իրականացրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանին՝ Նովոյին պատկանող բենզա-գազալցակայաններում և խոշոր չափի չարաշահումներ հայտնաբերել։

Դրանից հետո գործն ուղարկվել է ՔՆնչական կոմիտե և քրեական վարույթ նախաձեռնվել։

Խոսքը չորս ընկերության մասին է, որոնցից մեկը հանրությանը հայտնի «Օրանժ գազն» է։ ՊԵԿ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ ՊԵԿ ՀՕՀՎ աշխատակիցների կողմից «ՁՈՐԱԿ-1», «ՎԵԳԱՍ», «ԼԻՃ-1», «ՕՐԱՆԺ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ընկերությունները խուսափել են առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։

«Կատարված նախնական հաշվարկով հիշյալ 4 ընկերությունների կողմից պետությանը պատճառվել է 1 մլրդ 223 մլն 560 հազար 680 դրամի վնաս։ Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակներում «ՁՈՐԱԿ-1», «ՎԵԳԱՍ», «ԼԻՃ-1», «ՕՐԱՆԺ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ, որոնցով առաջացած 300,000,000 դրամ հարկը վերականգնվել է պետական բյուջե։ Ներկայումս նախաքննությունը շարունակվում է»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ պարզաբանեցին ՊԵԿ-ից։

Նշենք, որ վերը նշված «ՁՈՐԱԿ-1», «ՎԵԳԱՍ», «ԼԻՃ-1», «ՕՐԱՆԺ ԳԱԶ» ընկերություններից մի մասը՝ ուղղակի, մի մի մասը՝ փոխկապակցված անձանց միջոցով պատկանում է հենց Նահապետ Գևորգյանին։ Քննչական կոմիտեից էլ, առանց նախկին պատգամավորի անունը նշելու, հաստատեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել նշյալ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու հոդվածով։

«Գործը նախաքննության փուլում է գտնվում, կատարվում են համապատասխան քննչական գործողություններ, այս պահին դեռ մեղադրյալ կամ քրեական հետապնդման անձ չկա»,- ասացին Քննչական կոմիտեից։