17/09/2025

Forbes. Թուրքիան ու Իսրայելն արդիականացնում են Ադրբեջանի զինանոցի ռուսական տեխնիկան

Թուրքիան ու Իսրայելն արդիականացնում են Ադրբեջանի զինանոցում առկա ռուսական տեխնիկան, հաղորդում է Forbes-ը՝ վերլուծելով անցած ամիս Բաքվում տեղի ունեցած ADEX ռազմարդյունաբերության ցուցահանդեսը։

Եռօրյա այդ հավաքում Ադրբեջանն ի ցույց էր դրել դեռ 1950-60 թվականներին արտադրված, սակայն այժմ նորացված Սու-25 կործանիչներ ու Տ-72 տանկեր, ինչպես նաև խորհրդային արտադրության «Շիլկա» զենիթային ինքնագնաց ու «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ։

«Դրանց արդիականացումը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ուզում է պահել հին զինամթերքը՝ նույնիսկ այն դեպքում, երբ համալրում է բանակը թուրքական ու իսրայելական ժամանակակից, առաջատար անօդաչուներով ու պակիստանյան կործանիչներով», – գրում է Forbes-ը:

Սու-երի արդիականացումն իրականացրել է թուրքական Aerospace Industries ընկերությունը (TUSAS)։ Թուրքական «նորարարություններից» հետո արդեն Ադրբեջանի զինանոցում գտնվող Սու-25 գրոհային օդանավերը կարող են արձակել մի քանի կառավարվող ու սավառնող թուրքական ռումբեր և անգամ թևավոր հրթիռներ։

Ցուցահանդեսում ներկայացվել են նաև արդիականացված Տ-72 տանկեր, որոնց մեծ մասը Բաքուն ներկրել է Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից ու Սլովակիայից՝ Ստոկհոլմի Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի համաձայն։

Այս զինտեխնիկայի արդիականացմամբ էլ զբաղվել է իսրայելական Elbit Systems ընկերությունը, որը մասնագիտացել է խորհրդային տարիների զինտեխնիկան նորագույն պայմաններին համապատասխանեցնելու գործում։ Տարիներ առաջ նույն այդ իսրայելական ընկերությունն էր արդիականացրել նաև Վրաստանի զինանոցում եղած Սու-25 կործանիչները։

Ինչպես ցուցահանդեսի կայքն է հաղորդում, թարմացման ընթացքում իսրայելցի զինագործները հաշվի են առել վերջին հակամարտությունները, նաև՝ ռուս – ուկրաինական պատերազմի դասերը, ու հավելյալ պաշտպանական միջոցներ ներդրել՝ զինտեխնիկան անօդաչուներից ու հրթիռներից պաշտպանելու համար:

Իսրայելից ու Թուրքիայից բացի Ադրբեջանը նաև չեխական մի ըկերության հետ է համագործակցել․ ըստ European Defence Review պարբերականի, Սումգայիթի տեխնոլոգիական պարկը Czechoslovak Group-ի (CSG) հետ արդիականացրել է «Շիլկա» զենիթային ինքնագնաց համալիրները, որոնք ներկայումս օգտագործվում են Ադրբեջանի զինված ուժերում։ Հիմա դրանք համալրվել են պտտվող տեղորոշիչ կայանով, որը կարող է թիրախներ հայտնաբերել մինչև 20 կմ-ի վրա՝ խաչաձև ճշգրիտ տեղորոշմամբ:

Նույն այս պարբերականի հետ զրույցում ադրբեջանցի պաշտոնյաներն ասել են, թե մտադիր են արդիականացնել նաև բոլոր այն տանկերը, որոնք որպես ռազմավար են ստացել Ղարաբաղի դեմ հարձակման արդյունքում։ «Հավանական է, որ Ադրբեջանն ուզում է պահպանել քանակական ու որակական առավելությունը Հայաստանի նկատմամբ», – գրում է Forbes-ը` փաստելով, որ վերջերս էլ Ադրբեջանը համալրել է զինանոցը Պակիստանից ստացած կործանիչ օդանավերով։

Այս հաղորդումների ֆոնին Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանը հոդված է հրապարակել Newsweek ամսագրում՝ դժգոհելով, թե Հայաստանը զինվում է՝ ձախողելով «արդար խաղաղություն հաստատելու Ադրբեջանի մղումները»։