22/11/2024

Հրաժարականներ՝ խորհրդակցության արդյունքում, իսկ գլխավորի համար որտեղ պետք է խորհրդակցություն անցկացվի

Հրաժարական են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ու ՏԿԵ փոխնախարար: Դա տեղի է ունեցել նախօրեին Նիկոլ Փաշինյանի վարած խորհրդակցությունից մեկ օր անց:

Փաստորեն, նրանց հրաժարականը խորհրդակցության առաջին արդյունքն է: Պետք է հուսալ, որ կլինի ոչ վերջին արդյունքը, և էլեկտրաէներգիայի մատակարարման որակի առնչությամբ կազմակերպված այդ խորհրդակցությունը չի լինի ընդամենը կադրային վերադասավորումների բերած միջոցառում:

Գարեգին Բաղրամյանը, իհարկե, ՔՊ կադրը չէ, բայց նրան երկու անգամ հենց ՔՊ խորհրդարանական մեծամասնությունն է ընտրել ՀԾԿՀ նախագահ: Մինչ այդ, Բաղրամյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հասցրել է լինել նույնիսկ նախարար, թերևս իր քենակալի՝ Արթուր Վանեցյանի շնորհիվ:

Համենայն դեպս, 2018 թվականից ի վեր մամուլը գրում է, որ Բաղրամյանը Վանեցյանի քենակալն է: Թեև Վանեցյանն ԱԱԾ պետի պաշտոնը թողեց, այդուհանդերձ, Գարեգին Բաղրամյանը շարունակեց մնալ, փաստորեն մինչև սկսեցին գնալ նաև լույսերը: Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումները Բաղրամյանի համար դարձան փաստորեն ճակատագրական: Թեև պետք չէ նաև բացառել, որ դրանք ընդամենն առիթ էին, նրանից ազատվելու առիթ:

Պետք է նկատել, որ պաշտոնը, որը զբաղեցնում է Բաղրամյանը, առանցքային նշանակության պաշտոն է, քանի որ, ըստ էության, վերաբերում է բնական մոնոպոլիաների գործունեության կարգավորմանը: Նախկինում այդ հանձնաժողովը հենց այդպես էլ կոչվում էր՝ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով: Սահմանադրորեն հանձնաժողովը անկախ կառույց է, հետևաբար հնարավոր է պատկերացնել, թե ինչ ֆունկցիոնալ կշիռ կարող է ունենալ դրա նախագահի պաշտոնը: Տարածվում են խոսակցություններ, որ կառավարող մեծամասնությունն ուզում է Հայաստանի էլցանցերը վերցնել «Տաշիր» ընկերությունից:

Օրեր առաջ, Մայր Աթոռի վերաօծման արարողությանը, պատասխանելով լրագրողների այդ հարցերին, Սամվել Կարապետյանը՝ ցանցերի սեփականատերը, Տաշիրի հիմնադիրն ու տերը, հայտարարել էր, թե չկա նման բան: Եթե իշխանությունն ունի այդպիսի մտադրություն, ապա դրան տանող ճանապարհին, անշուշտ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, ըստ այդմ՝ դրա նախագահի պաշտոնն առավել ևս:

Դա առաջի՞ն քայլն է դեպի ՀԷՑ, թե՞ իրականում չկա ՀԵՑ-ը վերցնելու նպատակ, այլ պարզապես «հուսալի մարդու միջոցով «ձեռքը վերցնել» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, բնական մենաշնորհների ոլորտում գործող ընկերությունների գործունեության կարգավորման հարցում այսպես ասած քաղաքական ինքնավստահության համար՝ հաշվի առնելով, որ այդ ընկերությունները, ըստ էության, համակարգաստեղծ ընկերություններ են, որոնք ներառում են մեծ հաշվով տասնյակ հազար մարդկանց:

Հրաժարականներ՝ խորհրդակցության արդյունքում, իսկ գլխավորի, նույն ինքը Նիկոլ Փաշինյանի համար որտեղ պետք է խորհրդակցություն անցկացվի։