՛՛Ցուրտ հոկտեմբերն է ծեծում իմ դուռը:՛՛ Սա Տերյան է, բոլորս գիտենք: Բայց ցուրտ հոկտեմբերը կարող է դուռ ծեծել, այն էլ՝ խոժոռ դեմքով, միայն Պետերբուրգում, որտեղ որ ծնվել է այս բանաստեղծությունը:
Այնպես որ, եթե Տերյանը Երևանում ապրեր, մեր պոեզիայի գանձարանում այս բանաստեղծությունը չէր լինի: Որովհետև Հայաստանի արևը նույնիսկ հոկտեմբերին դեռ արև է, ամպերի արանքներից ժպտում է ներողամիտ՝ անձրևները գունազարդող ծիածանով:
՛՛Ծիածան՛՛ շարքը Չարենցինն է: Իհարկե, ծիածանը գեղեցիկ, բայց փութանցիկ է և անշոշափելի: Սա գեղեցիկի չարենցյան փիլիսոփայությունն է, դեռևս պատանյակ Չարենցի, նկատի՛ առեք:
Մի խոսքով, այսօր ամպամած օր է: Այսպիսի վերնագրով ֆիլմ կար, ո՞վ է հիշում: Ամպամած՝ ասել կուզի մտահոգ: Իսկ մտահոգությունը, արդեն տևական ժամանակ, ուղեկցում է մեզ, նույնիսկ եթե մայիսյան շեփորներ հնչեն: Հոգսը ազգային հատկանի՞շ դարձավ:
Սահմանը հոգս է: Ընդ որում ՝ լավ սրած ածելու պես: Ձմեռը նորից հոգս է, հաշվի առնելով, թե խնդուն ամռանը ինչպես է պարբերաբար հոսանք անջատվում: Հոգս է օրնիբուն ոտնահարվող հայերենը: Կեռ ու ծաղրական ժպիտը՝ անաղարտ արվեստի նկատմամբ: Ազնիվներին ՛՛հարիֆներ՛՛ համարելը, որը բարոյահոգեբանական կովիդ է: ՛՛Լավություն արա ջուրը գցի՛՛ ժողովրդական ասացվածքը կիսատ արտաբերելը, որպես թե ՛՛Մեկա, օգուտ չես տենա՛՛ ենթատեքստով ՝ կատարյալ ներքին ժանգ:
Մինչդեռ նույն այդ ասացվածքի շարունակությունը՝ ստորակետից հետո, սա է. – ՛՛կամուրջ կդառնա, կանցնես:՛՛
Եղավ մի դեպք: Երբ եվրոպական գրականության պատվիրակների գնացքը հասավ Մադրիդ, մամլո ասուլիս կազմակերպեցին: Հավաքեցին ձվածիր սեղանի շուրջ: Ու հանկարծ հարց եմ լսում՝ հայերիս հասցեագրված. -՛՛ Իսկ հայերը ռոմանտի՞կ են, թե՞ պրագմատիկ:՛՛
Պետք էր արագ արձագանքել ու կարճ, որովհետև այդպիսի ասուլիսները պինգ – պոնգ խաղալու պես են: Ես մեր խոսքը մեջբերեցի -՛՛ Լավություն արա, գցի ջուրը՝ սա ռոմանտիկ մասն է՛՛ – և թարգմանիչների համար պաուզա թողնելով ավելացրի, – ՛՛Կամուրջ կդառնա՝ կանցնես: Սա էլ հայկական պրագմատիզմը:՛՛
Դահլիճում որոտ էր: Ծափահարությունների ու ծիծաղի: Գուցե հայկական իսկությունը մեզ ա՞փ հանի: Պայմանով, որ իսկությո՛ւն պահպանենք:
Կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի ֆեյսբուքյան էջից
Բաց մի թողեք
Կլասիկա եւ վիրտուոզ ջազ: Դենիս Մացուեւ. Լուսանկարներ, Տեսանյութեր
Հայտնի են Ստեղծագրության ակադեմիայի հաղթողները․ Լուսանկարներ, Տեսանյութ
Երգչուհի Ադելը բակտերիալ վարակի պատճառով ձախ ականջից խլացել է. Լուսանկար