Օպերային երգիչ, դրամատիկ տենոր Արսեն Սողոմոնյանը չորս համերգային ծրագրով, որ վերնագրված էր Ձայնի և Հոգու համամարդկային կամուրջները, ներկայացավ հայաստանյան հանդիսատեսին։
Պատկերասրահի Որմնանկարների սրահում, Մաշտոցի անվան Մատենադարանում, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում և վերջապես Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում։
Յուրաքանչյուր համերգ ուներ իր յուրահատուկ ծրագիրը՝ օպերային արիաներ ու նեոպոլիտանական երգեր՝ արվեստասեր հանրության համար քաջածանոթ ու հաճելի երաժշտություն դրամատիկ տենոր Արսեն Սողոմոնյանի հրաշալի կատարմամբ։
Հատկապես առանձնահատուկ էր Ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած պարզապես անկրկնելի համերգը։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյան, սակայն հատկապես այս համերգի համար հրավիրված իտալացի հանրահռչակ դիրիժոր Անտոնելլո Ալեմանդիի առաջնորդությամբ փայլում էր բեմում։
Շինության հզորությունն ու կայունությունը երևում է իհարկե հիմքից, որը ձևավորվել է հայաստանյան միջավայրում, նույնքան հռչակավոր Էդուարդ Թոփչյանի մանրակրկիտ ու հետևողական աշխատանքի շնորհիվ։
Անտոնելլո Ալեմանդիի դիրիժորությամբ էլ Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը փայլում էր, դիրիժորն էլ շատ շեշտադրված ու յուրահատուկ միջամտություններն ուներ յուրաքանչյուր ստեղծագործությունում, ինչն իհարկե աննկատ չէր արվեստասեր հանրության համար։ Նստած էի ՀՀ ժողովրդական արտիստ, Օպերային արվեստում սոպրանո, հանրահայտ Հասմիկ Պապյանի կողքին, ում հարցրեցի, թե ծանոթ է արդյոք դիրիժոր Անտոնելլո Ալեմանդիին,- ասաց․ Շատ լավ եմ ծանոթ, բազմաթիվ անգամներ երգել եմ նրա դիրիժորությամբ, երգիչների ամենալավ դիրիժորն է, զգում է յուրաքանչյուր մանրուք ․․․
Ըստ էության Հասմիկ Պապյանը հավաստեց այն, ինչ զգացել էի գրեթե ամենօրյա որակյալ համերգաշարերին ներկա լինելով ու ոչ մեկ անգամ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին, որոնց մասին բազմիցս եմ գրել, մեր ընթերցողները կհիշեն նախորդ հրապարակումներից նաև։
Այնուհետև Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այդքան երիտասարդ և այսպիսի հասուն կատարողական վարպետություն! Վաղուց մոռացված և մեր օրերում երկար փնտրված Ազնվական Կեցվածք բեմում՝ Արսեն Սողոմոնյան! Շնորհակալություն այսօրվա աննկարագրելի վայելքի համար…
Դրամատիկ տենոր Արսեն Սողոմոնյանն այս համերգում հատկապես իր՝ օպերային արվեստի մատուցման ամենաբարձր դիրքում էր, ինչպես միշտ յուրահատուկ, ճաշակով, բարձր նոտաներն առանց դույզն-ինչ դժվարությունների հաղթահարող, դրամատիզմով ու կոնսափորձով հարուստ, որ պարզապես օպերային արիաների ներկայացման մի հրաշալի տոն պարգևեց արվեստասեր հասարակայնությանը։ Բնատուր գեղեցիկ ձայն, թավշյա, զգացմունքային, նրբագույն ելևէջներին անթերի տիրապետող, հարուստ հմայքով, բեմական կերպարով ու կեցվածքով։ Պարզապես՝ անկրկնելի, ինչի ոչ պակաս վկայությունն էր նաև հանդսատեսի ոտնկայս ու բուռն ծափողջույնները ․․․
Արսեն Սողոմոնյանը ծնվել է 1983-ին՝ Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան՝ պրոֆ. Ռաֆայել Հակոբյանցի դասարան: Սովորելու ընթացքում Արսենը հանդես է եկել բարիտոնային երկացանկով (Ֆիորելլոյի դերերգ Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայում ՀԱՖՆ-ի ընկերակցությամբ և Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ):
Արսեն Սողոմոնյանը մեծ հեղինակություն է ձեռք բերել դրամատիկական տենորի իր երկացանկով: Նրա դեբյուտը որպես տենոր կայացել է 2017թ. մարտին՝ Կավարադոսիի դերերգով («Տոսկա») Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի օպերային թատրոնում և արժանացել է բարձր գնահատանքի: Նրա տենորային դեբյուտին նախորդել է աշխատանքը Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնում՝ բարիտոնային առաջատար երկացանկով (Ֆիգարո, Ժերմոն, Բելկորե, Ելեցկի, Նապոլեոն և այլ դերերգեր): Սողոմոնյանը հանդես է եկել նաև Մոսկվայի Մեծ թատրոնում որպես հրավիրյալ արտիստ: Համագործակցել է անվանի դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովի, Ֆելիքս Կորոբովի, Տուգան Սոխիևի, Ալբերտո Զեդդայի, Սըր Մարկ Էլդերի և այլ դիրիժորների ղեկավարությամբ:
Համերգին ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, բազմաթիվ հայտնի ու հարգված մտավորականներ, գործարարներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հյուրեր։
Համերգների կազմակերպիչը հասարակակակն գործիչ, բժիշկ, մտավորական ու անհատականություն Վահան Վարդապետյանն էր, համերգաշարի կազմակերպման հարցերում աջակցել է Արմեն Դարբինյանը։
Շնորհակալություն բոլորին մայրաքաղաք Երևանում արվեստի նման տոնաշար ու եզրափակիչ նման անզուգական համերգ կազմակերպելու ու արվեստագետներին նման տոն պարգևելու, ինձ էլ համերգներին հրավիրելու համար։
Սիմոն Սարգսյան
Տեսանյութում․ Դրամտիկ տենոր Արսեն Սոմոնյանի կատարմամբ Գրանադա ստեղծագործությունից հատված։
Բաց մի թողեք
«Կարմիր գծերից» անդին, կամ տոն արարելու վարպետաց դասը․ Լիլիթ Եփրեմյան․ Լուսանկարներ
Ավստրիացի ամենահայտնի նկարիչ Գուստավ Կլիմտը, ում գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով․ Նրա ծննդյան օրն է․ Լուսանկարներ
Գերմանական աշխարհահռչակ Innervisions նախագծի արտիստ և պրոդյուսեր Trikk-ը հանդես կգա Գառնու հեթանոսական տաճարում