22/11/2024

TikTok-ե՞ր, մարզի՞կ, թե՞ չորքոտանու ինքնություն ունեցող․ ովքեր են Լավրովի հիշատակած կվադրոբերները

Ռուսաստանյան տելեգրամյան ալիքներում հոկտեմբերի 8-ին լայնորեն տարածվեց ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ոչ պաշտոնական զրույցից մի տեսանյութ, որում Լավրովն իր հայաստանցի գործընկերոջ հետ քննարկում էր կվադրոբերներին, բացատրում, թե ովքեր են նրանք։ 

Մասնավորապես, Լավրովը Միրզոյանին պատմել է, որ «կվադրոբերները երեխաներ են, որոնք հագնվում են շների պես»։

«Սա ամենակարևոր նորություններից է։ Նրանք քայլում են կենդանիների պես։ Սա նոր շարժում է», — ասել է Լավրովն ու ապա հետաքրքրվել Միրզոյանից, թե արդյո՞ք ՀՀ-ում կան կվադրոբերներ։

Միրզոյանը դրական պատասխան է տալիս Լավրովին, որ կան։ Իսկ ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանն էլ նշելով, որ երեւույթը տարածված է երիտասարդության շրջանում, պնդել է, թե կվադրոբերները իրենց «նոր գենդերի կրող են համարում»:

Ավելի ուշ Լավրովը պարզաբանել է, թե ինչու է այդ թեման քննարկել Միրզոյանի հետ՝ նշելով, որ մինչև կմեկնարկեին ՀՀ և ՌԴ ղեկավարների բանակցությունները, ինքը կվադրոբերների մասնակցությամբ հերթական տեսանյութն էր դիտում և այդ թեման գործընկերների հետ քննարկելու ժամանակ կար։

Լավրովը նաև, ի պատասխան լրագրողի՝ կվադրոբերների շարժումը ՌԴ-ում արգելելու մասին հարցին, նշել է, որ ռուսաստանցի օրենսդիրներն այժմ աշխատում են այդ ուղղությամբ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կվադրոբիկայի և կվադրոբերների մասին բազմաթիվ հրապարակումներ ու ամփոփել ուշագրավ տեղեկությունները․ նախքան դրանք ներկայացնելը, նշենք, որ աշխարհում, կարծես, դեռևս չկա փոխհամաձայնություն այս՝ համեմատաբար նոր երևույթի էության վերաբերյալ: Որոշ խմբեր համարում են, որ այն դեռևս պաշտոնապես չգրանցված մարզաձև է, որոշները՝ ենթամշակույթ, իսկ որոշներն էլ՝ պարզապես երեխաների ու պատանիների շրջանում տարածված թրենդ, խաղ, նախասիրություն։ Բայց ոչ գենդեր, ինչպես նշում է Գուրգեն Արսենյանը:

Պարզվում է նաև, որ կվադրոբիկան շատ արդիական զբաղմունք է Ռուսաստանում, և   հենց դա է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու մեդիայի այսչափ մեծ ուշադրության պատճառը թեմայի նկատմամբ։

Մարզաձև՝ չորքոտանու շարժումներով ու դիմակով

Ռուսաստանյան quadrobics.ru կայքում ներակացված է կվադրոբիկայի՝ որպես մարզաձևի ծագման ու զարգացման պատմությունը, ինչպես նաև ուսուցողական տեսանյութեր և հոդվածներ մարզաձևում սկսնակների համար։ Պարզվում է՝ ՌԴ-ում կվադրոբերներն անցկացնում են մրցումներ, ունեն ընդհուպ մինչև իրենց հիմնն ու դրոշը։

Ռուսաստանցի կվադրոբերների տարբերանշանը․ լուսանկարը quadrobics.ru կայքից։

Այսպես, կվադրոբիկա տերմինը առաջացել է լատիներեն quattuor (չորս) և անգլերեն aerobics (աերոբիկա) տերմիններից․ փաստացի, այն համարվում է պաշտոնապես չգրանցված սպորտաձև, որում մարզիկները՝ կվադրոբերները, տեղաշարժվում, վազում, ցատկում են չորքոտանու դիրքով՝ վերարտադրելով կենդանիների՝ հիմնականում, օրինակ, աղվեսների, շների, գայլերի, կատուների շարժումներ։

Ավելի տպավորիչ դարձնելու համար իրենց կերպարը, կվադրոբերները կրում են նաև տվյալ չորքոտանու արտաքին տեսքը պատկերող դիմակներ, պոչեր և այլ աքսեսուարներ։

Ինչպես է առաջացել մարզաձևը 

Մարզաձևն առաջացել է Ճապոնիայում 2008 թվականին, երբ արագավազորդ Կենիչի Իտոն ռեկորդ սահմանեց՝ 100 մետր տարածությունը չորս վերջույթով վազելով 18․58 վայրկյանում։ Տարիներ անց Իտոն կրկին մտավ Գինեսի ռեկորդների գիրք՝ վազելով 100 մետրը 15․71 վայրկյանում։

2022 թվականին, սակայն, ճապոնացի մարզիկի ռեկորդը գերազանցեց ամերիկացի մարզիկ Քոլին Մըքքլուրը՝ 100 մետրը  15.66 վայրկյանում հաղթահարելով։

Քոլին Մըքքլուրը․ լուսանկարը Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի պաշտոնական կայքից։

Կվադրոբերներ․ ենթամշակույթի, TikTok-յան թրենդի հետևորդներ

2000-ականների վերջում և 2010-ականների սկզբում առաջացած ու որոշակի տարածում ստացած կվադրոբիկան արդեն 2020-ականներին վերաճեց երեխաների ու երիտասարդների շրջանում տարածված խաղի, TikTok-յան թրենդի, ընդհուպ մինչև ենթամշակույթի, որի հետևորդներն իրենց նույնականացնում են կենդանիների հետ՝ որդեգրելով նրանց վարքագիծը։

Այսպես, Մեծ Բրիտանիայում թիքթոքերների մի խումբ, որ իրենց կոչում են Therians, համախմբվում և հանդիպումներ են անցկացնում ամբողջ երկրով մեկ․ նրանք պնդում են, որ կենդանական վարքագծի ազդակներ են ստանում և իրենց նույնականացնում են որևէ կենդանու հետ՝ համապատասխան վարքագիծ դրսևորելով։

Այժմ համացանցը ողողված է տեսանյութերով, որոնցում օգտատերերը կենդանիների կերպար ստեղծող դիմակներով և այլ բաղադրիչներով կենդանական վարքագիծ են դրսևորում՝ ցատկում, ուտում, շարժվում են ինչպես չորքոտանիները։

 

ՌԴ-ում քննարկում են երեխաների շրջանում կվադրոբիկան արգելելու հարցը 

Երեխաները կվադրոբիկան հիմնականում որպես խաղ են ընկալում՝ ստեղծելով կենդանիների կերպարներ, միմյանց կծելով, ցատկելով, միմյանց հետ բռնոցի խաղալով։ Այն լայն տարածվել է ռուսաստանցի երեխաների շրջանում, և հարցն ընդհուպ հայտնվել է այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրության կենտրոնում։

Մոսկվայի մարզի երեխաների օմբուդսմենն առաջարկել է չորքոտանու վարք դրսևորող երեխաներին տանել հոգեբանի մոտ։

ՌԴ դաշնային խորհրդի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի անդամ Նատալիա Կոսիխնինան էլ բարձրացրել է ընդհուպ մինչև շարժումն արգելող օրենսդրական նախագծի անհրաժեշտության հարցը։

Կվադրոբերներ Հայաստանո՞ւմ

FIP.am-ն ուսումնասիրել է բաց աղբյուրները՝ պարզելու արդյոք ՀՀ-ում կան կվադրոբերներ, ինչպես Լավրովի հետ զրույցում նշել է Միրզոյանը. սակայն մեր երկրում  նման մարդկանց կամ խմբի գոյության մասին վկայող որեւէ տեղեկություն չի հայտնաբերել։

Միեւնույն ժամանակ, կվադրոբերների մասնակցությամբ տեսանյութեր չեն հայտնաբերվել TikTok-ի հայաստանցի օգտատերերի շրջանում։

FIP.am-ի ուսումնասիրած բաց աղբյուրներում չի հաստատում նաև Գուրգեն Արսենյանի մեկնաբանությունը, թե կվադրոբերներն իրենց «նոր գենդերի» կրող են համարում։

 Նանե Մանասյան