22/11/2024

Ի՞նչ կապ կա ԱԱԾ-ով ֆիզիկայի ուսուցչին տանելու եւ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում «դրսից» տնօրեն նշանակելու միջեւ․ Aravot.am

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ֆիզիկայի դասաժամին տեղի ունեցած միջադեպը մտահոգությունների տեղիք էր տվել. ԱԱԾ-ն մտել էր դասարան, աշակերտների աչքի առաջ ուսուցչին տապալել գետնին, մազերից քաշել, ձեռքերը ոլորել ու տարել:

Aravot.am-ը կապվել է դպրոցի երկարամյա տնօրեն, այժմ՝ ուսուցիչ Անահիտ Խոսրովյանի հետ: Նրանից հետաքրքրվեց՝ իրենց համար անակնկա՞լ էր միջադեպը: «Բոլորվին չգիտեինք, չենք իմացել: Ես նույն հարկում դասի էի, մեր դռներն էլ պատուհաններ ունեն: Պատուհանից տեսա, թե ինչպես ԱԱԾ-ի համազգեստով մտան ներս: Դուրս եկա, հարցրի՝ ինչ է կատարվում: Ասացին՝ ոչինչ չկա, մի անհանգստացեք, ձեր դասը շարունակեք: Մտքովս չէր անցնում, որ եկել են մարդ բռնելու: Քանի որ ԱԱԾ-ի դպրոցը շենքի հետեւում է, մտածեցի՝ երեւի բարձրացել են, որ ինչ-որ գործողություն իրականացնեն: Մտա դասարան, դասս շարունակեցի: Մեկ էլ ներս մտան աշակերտներ ու ասացին, որ պարոն Ծատուրյանին տարան: Ես արագ դուրս եկա, բայց արդեն ֆիզիկայի ուսուցչին դպրոցից հանել էին»,-պարզաբանեց տիկին Խոսրովյանը:

Հարցրինք՝ ինչպիսի՞ մանկավարժ էր ֆիզիկայի ուսուցիչը: «Ես էլի եմ ասել տարբեր լրատվամիջոցների, որ նա խնդրագրքերի հեղինակ էր, խստաբարո էր, չէր սիրում թվանշաններ շռայլել: Հավանաբար, եթե գնահատականները՝ 8-երը եւ 9-ը նվիրեր, միգուցե իր արածը պապիկական փաղաքշանք ընկալվեր: Ամեն դեպքում, ես որեւէ այլ բան չեմ ուզում ասել, մնացածը թող իրավապահները պարզեն»,-ասաց մեր զրուցակիցը:

Քանի որ Aravot.am-ի տեղեկություններով առաջիկայում պատրաստվում են «դրսից» տնօրեն նշանակել՝ անտեսելով դպրոցի կոլեկտիվի խնդրանքը՝ իրենց թեկնածուին դիտարկել, տիկին Խոսրովյանից հետաքրքրվեցինք՝ իր տպավորությամբ ֆիզիկայի ուսուցչի հետ կապված՝ դպրոցի հեղինակությանը «խփող» միջադեպի եւ առաջիկա նշանակման միջեւ կապ տեսնո՞ւմ է:

«Այո տեսնում եմ, եւ մի քանի անգամ այդ մասին բարձրաձայնել եմ: Մեր դպրոցում տնօրենի պարտականությունների կատարողն այսօր Լարիսա Մովսեսյանն է, դպրոցը ունի նաեւ թափուր տեղի համար հավակնորդ՝ Վերոնիկա Բաբաջանյանը: Նա անցել է կամավոր ատեստավորումը, մենթոր է, վերապատրաստող է, ունի առաջին աստիճանի տարակարգ, սիրված է եւ կոլեկտիվի, եւ աշակերտական ու ծնողական համայնքի կողմից»,-ասաց տիկին Խոսրովյանը:

Մեր տեղեկություններով` երկուշաբթի օրը Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի նոր տնօրենին ներկայացնելու են կոլեկտիվին, որը ինչպես նշեցինք՝ դրսից է: Հարցրինք՝ արդյոք լսել են այդ մասին: «Լսել եմ, բայց հիմա չեմ ուզում մեկնաբանել»,-ասաց մեր զրուցակիցը:

Aravot.am-ը կապվել է նաեւ դպրոցի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Մխիթարյանի հետ, որը ֆեյսբուքի իր էջում դատապարտել էր ԱԱԾ-ի մուտքը դպրոց եւ նման ձեւով մանկավարժին տանելը: Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչ ակնկալիքներով էին հանդիպել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաճյանի հետ եւ ինչ պատասխան են ստացել դպրոցի տնօրենի՝ իրենց հավակնորդի հետ կապված:

«Կոլեկտիվի ձայն ենք տարել ԿԳՄՍ նախարարություն այն մասին, որ կոլեկտիվը պատրաստ է կանգնել Վերոնիկա Բաբաջանյանի կողքին, որը տնօրենի թեկնածուի հավակնորդ է, ում մեջ տեսնում ենք արժանի ղեկավարի: Նա շատ պրպտող է, ինքնազարգացմամբ է անընդհատ զբաղվում, աչքաբաց է, բազմաթիվ ծրագրերի է մասնակցել, քաջատեղյակ է կրթական համակարգից, ներառական կրթության ջատագովներից է, զարգացման ծրագիրը հաղթահարել է շեմը, մի քանի անգամ փորձել է հարցազրույցի փուլով անցնել, սակայն չի ստացվել:

Փոխնախարարին կոլեկտիվի անունից վստահեցնել, որ մենք տեսնում ենք Վերոնիկա Բաբաջանյանի մեջ ղեկավարի, եւ եթե պետք է ինչ-որ մեկը պետք է դառնա մեր դպրոցի ղեկավար, թող լինի ինքը, վստահեցնել ենք, որ պատրաստակամ ենք շարունակել լինել իր կողքին ու դպրոցը պահել ռելսերի վրա: Փոխնախարարը մեզ շատ լավ ընդունեց եւ վստահեցրեց, որ եթե Վերոնիկա Բաջանյանը հարցազրույցի փուլը հաղթահարի, որեւէ մեկը խոչընդոտ չի հանդիսանա իր տնօրեն դառնալուն: Վերոնիկա Բաբաջանյանը բազմիցս մասնակցում է հարցազրույցի փուլերին, սակայն միշտ ինչ-որ մի բան գտնում են, որ ինքը չհաղթահարի; Իմ համոզմամբ, տնօրեն դառնում են նաեւ աշխատելու ժամանակ, որովհետեւ այլ բան է, որ պատկերացնես տնօրենի աշխատանքը, մեկ այլ բան է, որ լինես գործող տնօրեն: Նույն հարցը ես իրենց էլ եմ տվել՝ արդյոք դուք ա՞յն էիք, ինչ-որ հիմա կաք: Մենք գտնում ենք, որ Վերոնիկա Բաբաջանյանը կարող է լինել ղեկավար»,-ասաց Անահիտ Մխիթարյանը:

Aravot.am-ի տեղեկություններով, թիվ 20 դպրոցի իշխանության թեկնածուներն են Երեւանի քաղաքապետի կնոջ բարեկամուհին եւ թիվ 190 դպրոցի հայոց լեզվի ուսուցիչներից մեկը, ում ամուսինը ուժային կառույցի աշխատակից է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ; Aravot.am