23/10/2024

Խեղկատակություններով հանրային խոսույթ չես ձեւավորի՝ փորձել նման եղանակով «ծածկել» մտավոր սնանկությունը

Հայաստանի իշխող վարչախումբը ծանր վիճակում է հայտնվել:

ՔՊ-ական պաշտոնյաները հստակ գիտակցում են, որ հնարավոր իշխանափոխությունից հետո ստիպված են լինելու պատասխան տալ բազում հարցերի՝ կապված մասնավորապես Արցախի հայաթափման, ՀՀ ավելի քան 200 քառ. կմ տարածքների հանձնման, խոշոր չափերի հասնող կոռուպցիոն գործարքների եւ այլ ապօրինությունների հետ, որոնց մասին հայկական լրահոսն ամենօրյա պարբերականությամբ նյութեր է հրապարակում:

Իշխանության կորուստը պետության առանցքային շատ դեմքերի համար կարող է վերածվել ազատության երկարամյա կորստի, ինչը, բնականաբար, նրանց մղում է ցանկացած գնով իշխանությունը պահելու մոլուցքի: Մյուս կողմից՝ արտաքին գործընկերները նրանց պարտադրում են խորքային փոփոխություններ՝ սկսած ՀՀ Մայր օրենքից, Անկախության հռչակագրից եւ վերջացրած ազգային ինքնության ոչնչացման, դասագրքերի ու պետական խորհրդանիշների վերախմբագրման պահանջով:

Ի՞նչ է նշանակում այս ամենը: Նախեւառաջ՝ 2020 թվականից ստեղծված «ստատուս քվոյի» անդառնալիություն, որն էլ իր հերթին ենթադրում է հանրաքվեների, նոր ընտրությունների անցկացում, ինչպես նաեւ այլընտրանքային քաղաքական միավորների առաջխաղացման կասեցում: Այս խնդիրների շուրջ են իրենց առաջնահերթ ծրագրերը կազմում խուճապի մեջ գտնվող իշխանությունները՝ մտածելով, որ այսկերպ կհաջողվի փոքր-ինչ բարձրացնել ՔՊ-ի գահավիժող վարկանիշը: Փաշինյան ընտանիքն այս վճռորոշ օրերին կջանա ձեռքից չտալ խայտաբղետ իրավիճակներ «սարքողի» եւ հանրային խոսույթ թելադրողի իր մենաշնորհը:

Բայց վարչապետի աթոռը զբաղեցնող անձը եւ նրա շրջապատը, կարծես թե, սպառելու վրա են էժանագին տեսարանների (հեծանվավազք, տոլմայի փաթաթում, Սեւանում toples լողահանդես եւ այլն) ցուցադրմամբ հանրությանը զվարճացնելու, նրա ուշադրության կենտրոնում գտնվելու երեւակայությունը: Անպտուղ ասուլիսները, առաջին տիկնոջ ճոխ «փարթիները» նույնպես տհաճություն պատճառելու չափ տաղտկալի են դառնում:

Եթե այս ամենը՝ որպես անպետքություն, վերջնարդյունքում դուրս ենք գրում, ապա ՔՊ-ի գրեթե վեցուկես տարվա կառավարման «քյարը» մնում են Արցախի կորուստը, ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների զիջումը, հազարավոր զոհերը, անօթեւան մնացած անթիվ-անհամար փախստականներն ու մեր անարգված ազգային արժանապատվությունը: Սրանք անվերականգնելի կորուստներ են, որոնք չեն ներվելու, եւ դա իշխող ընտանիքն անգիր գիտի, ուստիեւ մտավոր սնանկության ներկա իրողության պայմաններում պատրաստ է ամեն քայլի՝ թեկուզ նվաստանալու, թուքումուր «ուտելու» գնով, միայն թե շարունակել մնալ հանրային ուշադրության տեսադաշտում, որը նույնն է թե՝ իշխանական աթոռին:

Իհարկե, խեղկատակություններով հանրային խոսույթ չես ձեւավորի, ավելին՝ փորձել նման եղանակով «ծածկել» մտավոր սնանկությունը՝ նշանակում է կախվել փրփուրներից: Մի կողմ թողնելով հանրությանը մատուցվող ծամածռությունների հակագեղագիտական կողմը, նկատենք, որ մարդկանց մի հատվածի համար դրանք այնքան էլ անտանելի չեն, ավելի շրջահայացները համարում են, որ մեր հիմնական խնդիրը քաղաքական դաշտի դատարկությունն է, եւ վարչախմբի գոյության ամենավերջին պաշարամիջոցները մնացել են հեծանիվ քշելը, լոբի մաքրելն ու մյուս կապկությունները:

Քաղաքական կյանքում պատասխանատու դերակատարության հայտ ներկայացրած ընդդիմությունը լավ հնարավորություն ունի առկա իրավիճակին հակադրելու լայն հանրության համար ընդունելի այնպիսի այլընտրանք, որը թույլ կտա իշխանափոխություն իրականացել նախ մարդկանց ուղեղներում, ապաեւ նյութականացնել գետնի վրա։ Իրական հեղափոխության ճանապարհն անցնում է այլընտրանքի միջով՝ այն, ինչը տեղի չունեցավ 2018-ին եւ այն, որի պահանջն այսօր հրատապ է։