Մեծարենցն ասել է՝ ՛՛հոգվույս կիրակի:՛՛ Այսինքն տոն: Ահավասիկ կիրակին եկավ: Իսկ մարդը տոնի պետք ունի, հակառակ դեպքում խեղդոց է:
Հիմա մետրոն: Այնտեղ զով է միշտ: Էլի զով կլինի, բայց երթևեկողներից շատերի համար՝ խեղդոց, որովհետև պարտադիր ամսաքարտ են առնելու, անկախ այն հանգամանքից, թե ամսվա մեջ քանի անգամ ընդհատակ կիջնեն:
Էս ի՞նչ բառ հիշեցի: Հանճարեղ ֆիլմ: Էմիր Կուտստուրիցա, ՛՛Ընդհատակ՛՛: Մի անբողջ դարի նկարագիր: Կինեմատոգրաֆիական փոթորիկ: Իր հետ հանդիպել եմ մի քանի անգամ, Մոսկվայում ու Երևանում: Մազախռիվ առյուծի պես տղա: Մրցանակ ստանալու համար մոսկովյան կինոփառատոնի բեմ ելավ, ջինսով ու վանդականախշ վերնաշապիկով, ինչը պրոտոկոլի խախտում էր: Նիկիտա Միխալկովը, ում ձեռքից պետք է ամենագլխավոր մրցանակը ստանար, արագ հանեց յուր թանկարժեք Պիեռ Կարդեն պիջակն ու գցեց ատյուծի ուսորին: Առյուծի դուրը չեկավ, դեմքը մթնեց: Այդպիսին է ինքը, վերջին ըմբոստներից, ով Թուրքիայում, ուղիղ եթերով, խոսել է հայոց ցեղասպանությունից:
Ի՛նչ լավ օր էր Երևանում, ի դեպ, հենց կիրակի: Եկել էր Փարաջանովի թանգարան, դստրիկի հետ: Երջանկահիշատակ Զավեն Սարգսյանը զանգել էր մի քանիսիս՝ ինձ, Հարություն Խաչատրյանին, Ալբերտ Յավուրյանին, թե շտապ եկեք, էդ մարդը առանց արվեստակիցների չմնա:
Սեղանին ծիրանի չիր էր, ծիրանի հյութ, ծիրանի օղի, օրիորդիկի համար սպիտակ գինի, եթե ցանկանա: Չցանկացավ, չիր էր համտեսում անդադար: Հայկական սեղան էր, Զավենը աչք ունքով հասկացրեց, որ մի բան ասեմ: Վերցրեցի ծիրանաթեժի ըմպանակը: Դեռ մոսկովյան հանդիպումից գիտեի, որ ինքը այն սերնդի սերբերից է, որոնք կարողանում են ռուսերեն խոսել: Ասացի. – Ձեր ֆիլմերի համար եմ բաժակ բարձրացնում: Դուք միշտ մատը դնում եք վերքի վրա, բայց մարդուն անհույս չեք թողնում:
Լայնաշուրթ ժպտաց. շրջվեց դեպի դստրիկը, թարգմանեց: Հետո, բոլոր ներկաներին դիմելով, ասաց. – Այդպես կարող են հենց Հայաստանում ասել:
Հիմա վերքեր ունե՞նք թե՞ ոչ: Ունենք: Բայց կիրակի է և մեզ անհույս թողնել չենք կարող:
***
Ի՞նչն է ինձ պակասում Երևանում: Փշատենիների բուրմունքը՝ գարնանային ամիսներին: Այդ ծառերն այլևս չկան, վերացան հին բակերի հետ, մնացին նախորդ դարում, յոթանասունականների մեջ … Ափսոս: Իմ քաղաքին սազում էր այդ բուրմունքը:
Եվ լուսանկարչատներն են պակասում, ուր գնում էինք ընտանիքներով, ու հայտնի ֆոտովարպետների անունները՝ Խանոյան, Խանդիկյան, Տիրան ու, իհարկե, Շանթ: Սա նույնպես երբեք չես վերադարձնի, որովհետև բոլորս այսօր լուսանկարիչներ և հատկապես ինքնալուսանկարիչներ ենք, բայց լույս ու ստվերի դեղագործական համադրությունը, կադրի կոմպոզիցիան, ռակուրսը, – ո՞ւր են:
Չէ, սա որոնումը չէ ,,կորուսյալ դրախտի,, , թեպետ յուրաքանչյուր սերնդին՝ ի՛ր դրախտը, և այսօրվա երիտասարդ երևանցին իր սիրելու քաղաքն ունի ու հետո այդ մասին կպատմի թոռներին, ինչպես հիմա ես եմ պատմում: Բայց իմ տեսած – ապրած Երևանից լսողությանս մեջ մնացել է տրամվայների զրնգոցը:
Այժմյան Հանրապետության, իսկ այն ժամանակվա Ալավերդյան փողոցով այդ տրամվայներն անցնում էին գրեթե շենքերի պատերին քսվելով, իսկ ավելի ուշ, արդեն ութսունականների սկզբին, հայտնվեց տրամվայ – սրճարանը՝ Ռիգայի օրինակով:
Տրամվայ – քաղաք ներդաշնակությունը դեռ վայելում եմ Վարշավայում կամ Բեռլինում, թեպետ արդեն մի քանի տարի չեմ եղել, սակայն շատ լավ գիտեմ. որ քաղաքիս համար սա հաստատ իրական չէ, – մեր փողոցները հազիվ ավտոմեքենաներին են դիմանում, և նույնիսկ տրոլեյբուսն անախրոնիզմ է արդեն:
Հետո՞, հետո՞:
Երևանի խենթուկներին եմ կարոտում: Գուցե այդպիսիք հիմա էլ կան, չգիտեմ: Բայց ահա
Մարքսի փողոցի Պրիվետ Բիձան, առաջին հարկի պատշգամբում նստած, որ ամեն անցնող – դարձնողին ողջունում էր՝ ձեռք թափահարելով, և ասում իր անխուսափելի ,,պրիվետը,,:
Ու բոլոր թատերասրահներում գրեթե միաժամանակ ներկա Եպրաքսյան, կռվազան ու արվեստամոլ, ով բնակարան ստացավ քաղաքապետ Հասրաթյանից՝ չափածո դիմում ներկայացնելով:
Երևան, դու Քոչարի դեմքն ունեիր: Երվա՛նդ: Ծխամորճը ձեռքին, թիթեռնիկ փողկապով, դեպի նկարիչների տան սրճարանը ճեմելիս: Այնտեղ նրան Կոստան Զարյանն էր սպասում, ,,Յումանիտե դիմանշ,, շաբաթաթերթը սեղանին փռած,- ևս մի աշխարհամարդ, ու նրանք երբեմն ֆրանսերեն էին զրուցում՝ լեզվի կարոտն առնելու և անցանկալի ականջներից յուրյանց ապահովագրելու համար:
Երևան, որտեղ, հորս ձեռքը բռնած քայլելիս, տեսնում էի դասական դիմագծերով մարդկանց, ովքեր ողջունում էին միմյանց՝ վեր առնելով լայնեզր գլխարկները, և ասում՝ պատիվ ունեմ: Համբուրվել չկար, չէ:
,,Սա գեներալ Արարատովն է,, – կիսաձայն բացատրում էր հայրս հերթական ողջագուրումից հետո,,: Ի՞նչ էի հասկանում ես՝ տասը տարեկանս: Միայն գիտեի, որ նրա դուստրը՝ Ելենա Արարատովան, ,,Սուսերով պարի,, աստեղային կատարողն է ,,Գայանե,, բալետում և հիմա այդ դերապարը սովորեցնում է քրոջս՝ փոխարնող պատրաստելու համար: Արարատովը, գեղանկարիչ Շիշմանյանը՝ իր անգլուհի տիկնոջ հետ, ով մի հատուկ հմայքով խոսում էր հայերեն, հայտնի բժշկապետ Արամ Թորգոմիչը, բանաստեղծ Գեղամ Սարյանը՝ մազերի ճերմակ բոլորակը մինչև ուսեր, սպիտակ մեխակը՝ կրծքագրպանում, և պրոսպեկտ – Պուշկին խաչմերուկում խմբված ,,գվարդիական,, տղեքը՝ ութն անց քսան բեղերով, անմիջապես ձգվում էին ու սսկվում, որովհետև այդպիսի մարդու ներկայությամբ հայհոյախառն խոսել չէր կարելի: Ու իհարկե Նար – Դոսի որդին, մեծանուն երգիչ Նառ Հովհաննիսյանը՝ Բոլշոյի բեմը զարդարած, ում թաղմանը, արդեն իննսունականների սկզբին, հավաքվել էինք հազիվ քսան հոգով:
Մի հարց ունեմ քեզ, քաղաքս: Ինչո՞ւ այդքան քիչ արտացոլվեցիր մեր գրականության մեջ: Բաբելի Օդեսսան կա: Ջոյսի Դուբլինը՝ նույնպես: Անդրեյ Բելիի ,,Պետերբուրգը,, , Ջոն Դոս Պասոսի Նյու Յորքը … Հատուկենտ գործեր կարող եմ հաշվել, որտեղ տեսնում ենք քո հոգեբանական հասցեն: Այս հարցը տալու մի համեստ իրավունք ունեմ, որովհետև գրել եմ ,,Հրաժեշտն,, ու ,,Մեր հին դաշնամուրը,,: Դու դեռ քո գրողի՞ն ես սպասում:
Բայց ինչու գրվեցին այս տողերը: Երևանի տոնը նշվում էր հոկտեմբեր ամսին:
Կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի ֆեյսբուքյան էջից
Բաց մի թողեք
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ. Լուսանկարներ
Կյանքից հեռացել է թբիլիսահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը․ Լուսանկար
Կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը. Լուսանկար