Բաքվի իշխանական լրատվամիջոցը երկու վերլուծական է նվիրել Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ իրավիճակին: Որքանով հասկացվում է, Մոսկվան և Բաքուն քննարկում են դեպի Իրան ելքի նոր տարբերակ:
Ըստ նախնական ծրագրավորման՝ ուժեղացումը պետք է իրականացվի ադրբեջանական Աստարա-իրանական Աստարա հատվածում: Այն գործարկելու համար, սակայն, Իրանի տարածքում պակասում է երկաթուղու Ռեշտ-Աստարա հատվածը, որն 162 կմ երկարություն ունի:
Չնայած Ռուսաստանը պարտավորվել է Իրանին մոտ չորս միլիարդ եվրո արտոնյալ վարկ տրամադրել, երկաթուղու նույնիսկ տեխնիկական հիմնավորումը և նախագծային փաստաթղթավորումը դեռևս ավարտված չեն, իսկ ժամանակը սեղմում է: Ռուսաստանը մտադիր է արդեն 2028 թվականին սկսել բեռնափոխադրումները՝ դուրս գալով Պարսից ծոցի նավահանգիստներ, այնտեղից՝ Հնդկական օվկիանոս:
Բաքվի լրատվամիջոցի ներկայացմամբ՝ Մոսկվան և Բաքուն քննարկում են դեպի Իրան ելքի «երկրորդ տարբերակը»: Ենթադրվում է, որ ընտրությունը կանգ է առել ադրբեջանական Իմիշլի ավանի և իրանական Պարսաբադ քաղաքի միջև ընդամենը 55 կմ երկարության երկաթգծի կառուցման վրա: Այդ դեպքում հնարավոր է կապվել իրանական Ադրբեջանի Արդեբիլ «հանգուցային քաղաքի» հետ և միանալ արդեն գործող ցանցին:
Առաջին հայացքից զուտ տեխնիկատնտեսական նշանակության հարցը խորքում քաղաքական ենթատեքստ ունի: Բանն այն է, որ ադրբեջանական Աստարան Լենքորանի տնտեսական գոտու մաս է կազմում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են էթնիկ թալիշները:
Պարսկական նախկին խանություններից Թալիշստանը միակն է, որ Թուրքմենչայի պայմանագրով մասնատվել է: Սահմանի մյուս կողմում նույնպես թալիշներ են ապրում: Ադրբեջանական և իրանական Աստարա քաղաքների և հաղորդակցությունը, որ ենթադրում է ենթակառուցվածքների ստեղծում, բնականաբար, տնտեսական ազդեցություն կունենա Լենքորանի շրջանի համար: Իսկ դա իր հերթին կնպաստի դեմոգրաֆիկ իրավիճակի բարելավմանը:
Նոր երթուղին, ընդհակառակը, ենթադրաբար անցնելու է իրանական Ադրբեջանով, իսկ դա նշանակում է սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, բնակչության միջև շփումներ ու փոխադարձ կապեր:
Իրանական կողմի հետ քննարկվե՞լ է Իմիշլի-Պարսաբադ-Արդեբիլ հաղորդակցության ծրագիրը, և առհասարակ ի՞նչ փուլում է ռուս-իրանական «Համապարփակ համագործակցության մասին» պայմանագրի համաձայնեցումը:
Վերջին շրջանում այդ հարցի քննարկման համար երկու անգամ Թեհրան է այցելել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն, իսկ հոկտեմբերի 1-ին՝ վարչապետ Միշուստինը: Ավելի վաղ իրանական կողմը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում պայմանագիրն ստորագրելու պատրաստակամություն է հայտնել:
Բայց կապված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ռուս-իրանական տարաձայնությունների հետ, Թեհրանից կարծիք է հնչել, որ եթե Ռուսաստանը հաշվի չառնի Իրանի օրինական շահերը, ապա պայմանագիրը չի ստորագրվի:
Արժե, թերևս, նկատել, որ Ռուսաստան-Իրան կապի նոր՝ Իմիշլիի հանգույցի մասին Բաքվի մամուլի հրապարակումները հաջորդում են հայ-իրանական սահմանի անցակետում հսկողությունը Հայաստանի ԱԱԾ-ին անցնելու մասին Պուտին-Փաշինյան համաձայնությունը հրապարակային դարձնելուց հետո: Թեհրանը կհամաձայնի՞, որ Ռուսաստանի հետ հաղորդակցությունն անցնի իրանական Ադրբեջանով: Իսկ եթե Մոսկվան և Բաքուն թիրախավորում են էթնիկ ազերիներով բնակեցված տեղաշրջա՞նը:
Բաց մի թողեք
Ադրբեջանը քարուքանդ է անում Արցախի մայր խորհրդանիշը. Լուսանկար
Չնայած Հայաստանը գրանցվել է, սակայն մասնակցության մասին տեղեկություն դեռ չի ստացվել. Ադրբեջանի նախագահի օգնական
«Աստված տեսնում է»․ Լուկաշենկոն՝ Բաքու չժամանած պաշտոնյաների մասին