«Նախարար Զաքիր Հասանովը», հիշեցնելով նախագահ Իլհամ Ալիևի ասածները, ընդգծել է, որ բանակի գլխավոր նպատակը ռազմական հզորության և մարտական կարողությունների մեծացումն է, ինչպես նաև պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը՝ «Ադրբեջանի ՊՆ» հոկտեմբերի 12-ի հաղորդագրությունն այսպես է ներկայացրել «Թուրան» գործակալությունը և հավելել, որ «նախարարը կոնկրետ հանձնարարական է տվել՝ բարձր մակարդակի վրա պահել զորքերի մարտունակությունը, բարձրացնել զգոնությունը, ինչպես նաև պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ կիրառելու պատրաստականությունը»:
Այս տեղեկատվությունը Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներ, փորձագիտական հանրությունը, սոցիալական մեդիան գնահատեց «Ադրբեջանը պատերազմի է նախապատրաստվում» ընկալմամբ: Զաքիր Հասանովի «աշխատանքային խորհրդակցության» ոգին, իհարկե, ամենևին էլ պացիֆիստական չէ, բայց խնդիրը, որ նա Իլհամ Ալիևի անունից առաջադրել է զորքերին, ավելի վտանգավոր է, քան կլիներ լայնածավալ ագրեսիայի անոնսը:
«Բարձրացնել պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ կիրառելու պատրաստականությունը»,– ադրբեջանական խարդախամտությունից եթե թարգմանենք, ապա կստացվի, որ ամենաբարձր մակարդակով զորքերի առջև դրվում է հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիոն ներթափանցումներ իրականացնելու մարտական առաջադրանք:
Վերջին հրապարակային ելույթում Իլհամ Ալիևը Հայաստանին «խորհուրդ է տվել» չմոռանալ ոչ միայն քառասունչորսօրյա պատերազմը, այլև անցյալ տարվա սեպտեմբերի 19-ի «հակաահաբեկչական գործողությունը»: Ավելի վաղ նա ասել է, որ եթե համոզվի, որ Հայաստանը ձեռք է բերում հարձակողական սպառազինություն, ապա «ձեռքերը ծալած չի սպասի»:
Ի՞նչ է ծրագրում Ադրբեջանի բանակը, կարող են դատել ռազմական փորձագետները, բայց ընդհանուր ընկալումն այն է, որ նախ տեսանելի, ոչ այնքան հեռավոր ապագայում Ալիևի ռազմական գերատեսչությունը վերսկսելու է «հայկական կողմից հրադադարի խախտման» կեղծ քարոզչությունը, շրջանառության է դրվելու, որ Հայաստանի ԶՈՒ–ն «միատարր-միասնական չեն, սահմանին հերթապահություն են իրականացնում ոչ կանոնավոր զինված կազմավորումներ»:
Ինչ-որ «կրիտիկական աստիճանի» հասցնելով այդ «կազմավորումների ամենաթողության» կեղծ քարոզչությունը՝ Ադրբեջանը շրջանառելու է «սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչության անվտանգության ապահովման նպատակով հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու իրավունքի» թեման:
Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության զորախումբը Թուրքիայի «հոգեզավակն» է, ստեղծվել է թուրք պրոֆեսիոնալների կողմից, լիովին ասոցացված է թուրքական համասեռ ուժերի հետ: Ալիևի ռազմաքաղաքական նպատակը Հայաստանի, պայմանականորեն ասած, «սիրիականացումն» է. ինչպես Թուրքիան է տրանս-սահմանային ռազմագործողություններ իրականացնում «քուրդ ահաբեկիչների» դեմ, այնպես էլ Ալիևն է ծրագրում «թիրախային հարվածներ հասցնել հայկական ռևանշիստական ուժերին»:
Ակնհայտ է, որ Հայաստանի ԶՈՒ-ն չեն կարող մնալ նախկին ռեժիմում եւ նույն կառուցվածքն ունենալ: Հայ հանրությունն իր հերթին պետք է արագորեն ձերբազատվի «հրացանավոր մարդու» կամ «աշխարհազորային պատերազմի» կերպարից:
Բարդ և դժվար ժամանակներ են սպասվում, և մարտահրավերը հնարավոր է հաղթահարել միայն պրոֆեսիոնալ մշակումների հիման վրա կառուցված պաշտպանական նոր ռազմավարությամբ: «Ֆիդայական պատերազմի» հարյուր հիսունամյա էջը պետք է վերջնականապես փակել և հանձնել արխիվներին:
Բաց մի թողեք
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
Զանգեզուրի միջանցքի շուրջ նոր խմորումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար