22/11/2024

Human Rights Watch- ն ահազանգում է. Բաքվում COP 29-ի մասնակիցների անվտանգությունը երաշխավորված չէ

«ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Ադրբեջանի, որպես COP29-ը ընդունող կողմի միջև համաձայնագիրը թերի է և պարունակում է երկիմաստություններ, որ խորհրդաժողովի մասնակիցների անվտանգության հետ կապված անհանգստություն են առաջացնում»,- ասված է Human Right Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած տեքստում, որ տեղադրված է նրա պաշտոնական կայքում:

Կազմակերպությունը տեղեկացնում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել ՄԱԿ-ի ներկայացուցչության և Ադրբեջանի կառավարության միջև անցած օգոստոսին ստորագրված «Համաձայնագրի» պատճենը, որ դեռևս պաշտոնապես հրապարակված չէ, թեև Կլիմայի հարցերով խորհրդաժողովի բացմանը մնացել է ոչ ավելի, քան մեկ ամիս ժամանակ:

Իրավապաշտպան կազմակերպությանը, մասնավորապես, խիստ անհանգստացրել է հանգամանքը, որ «Համաձայնագիրը» մի կողմից երաշխավորում է, որ խորհրդաժողովի մասնակիցներն «օգտվում են դատական կարգով հետապնդման չենթարկվելու իմունիտետից՝ կապված նրանց կողմից արտահայտված մտքերի կամ թույլ տված գործողությունների հետ», բայց մյուս կողմից նրանք «պարտավոր են հարգել Ադրբեջանի օրենքները և չմիջամտել նրա ներքին գործերին»:

«Համաձայնագիրը պարզություն չի մտցնում, թե խորհրդաժողովի մասնակցի ո՞ր կոնկրետ գործողությունները կարող են դիտարկվել որպես «Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն», և արդյոք Ադրբեջանի օրենքները կիրառելի՞ են այն գոտում, որտեղ ՄԱԿ-ի ենթակայության միջազգային խորհրդաժողով է անցկացվում», – հարցադրում են արել իրավապաշտպանները և խոր մտահոգություն հայտնել, որ Բաքվում, հնարավոր է, սահմանափակումներ կիրառվեն COP29-ի մասնակիցների, լուսաբանող լրագրողների խոսքի ազատության և սեփական կարծիք արտահայտելու, ինչպես նաև ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ և վերաճել բռնությունների:

Ընդսմին, ինչպես HRW-ի շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ավագ փաստաբան Միրտո Տիլիանականն է ասել՝ COP29-ը Բաքվում անցկացնելու որոշման բոլոր կողմերը պարտադիր են համարել, որ ընդունող կողմի հետ համաձայնությունը պետք է լինի թափանցիկ, հանրամատչելի և համապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին:

HRW-ը հատուկ ընդգծել է, որ խորհրդաժողովին մի քանի շաբաթ է մնում, բայց Ադրբեջանի քաղաքացին հասարակության ներկայացուցիչը, ներառյալ ակտիվիստները, լրագրողները և իրավապաշտպանները դեռևս որևէ տեղեկություն չունեն, թե ինչպես են պաշտպանվելու իրենց իրավունքները: Ի վերջո, HRW-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերին հորդորում է հրապարակային դիմել Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի հարգի իր պարտավորությունները և նպաստի, որ խորհրդաժողովը ծառայի մարդու իրավունքների պաշտպանությանը:

COP29-ի կազմակերպումը, որ պաշտոնական Բաքուն գրեթե մեկ տարի ներկայացնում էր որպես Ադրբեջանի միջազգային հեղինակության աճի վկայություն, Իլհամ Ալիևի իշխանության համար ակնհայտորեն վերածվում է փորձության: Հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ 3-րդը չի մասնակցի Բաքվի խորհրդաժողովի բացմանը: Խնդրահարույց է այլ երկրների առաջնորդների ներկայությունը:

Միջազգային փորձագետները չափազանց ցածր են գնահատում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջազգային հիմնադրամ ստեղծելու հավանականությունը, իսկ դա նշանակում է, որ «կանաչ էներգիայի» ֆինանսավորման արտաքին աղբյուրներ Բաքուն չի ունենա:

Խորհրդաժողովին ընդառաջ Ադրբեջանի կառավարությունը հատկապես բախվում է մարդու իրավունքների և ազատությունների բնագավառում ստանձնած պարտավորությունների կատարման պահանջին:

Ի՞նչ քայլեր կձեռնարկի Իլհամ Ալիևը, ոչ ոք չի կարող կանխատեսել: Բայց փաստ է, որ COP29-ը Բաքվում անցկացնելու քաղաքական որոշումն սպասելիքները չի արդարացրել. Ադրբեջանը ոչ ներքին բարեփոխումներ է ձեռնամուխ եղել, ոչ էլ բարելավել Հայաստանի հետ բանակցությունների մթնոլորտը և հռետորաբանությունը: