02/07/2025

Անկախության հռչակագիրը «ծնողին խժռող զավակի» կվերածվի

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ, լսումներ է հրավիրել՝ քննարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման տխրահռչակ կանոնակարգը եւ հատկապես Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագրի անփոփոխելիության հարցը։

Լսումները նշանակված են վաղը, դրան զուգահեռ՝ ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել հայտարարության նախագիծ եւ առաջարկում են խորհրդարանին՝ հավանություն տալ «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» վերտառությամբ հայտարարության տեքստին։

Հիշեցնենք․ սեպտեմբերի 30-ին Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը չհակասող ճանաչեց հայտնի Կանոնակարգը, 33 էջանոց որոշման գերակշիռ հատվածը, սակայն, ոչ թե սահմանազատման մասին է, այլ՝ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագրի։ Դատավորները պատճառաբանել են, թե Հռչակագրին անդրադառնում են, քանի որ Սահմանադրական դատարանը մինչեւ հիմա «դոկտրինալ դիրքորոշում» չի ունեցել այն մասին, թե ինչպես է այն ազդում Սահմանադրության բովանդակության վրա։ Բայց այն, որ սա Ալիեւի պահանջն է, կասկած չի հարուցում:

Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին խնդրահարույց համարում է հենց Սահմանադրության նախաբանում հիշատակված Անկախության հռչակագիրը՝ պնդելով, թե այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ հռչակագրում խոսվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Բարձր դատարանի դատավորները, ըստ էության, ամրագրել են, որ Անկախության հռչակագիրն իրավական նշանակություն չունի։

Անկախության հռչակագիրը «ծնողին խժռող զավակի» կվերածվի, եթե Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի՝ հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգին վերաբերող որոշման մեջ գրել են ՍԴ դատավորներն ու շարունակել․ «Սահմանադրական երկիշխանության նպատակ երբեք այդ փաստաթուղթը չի ունեցել»։ Սահմանադրական դատարանը եզրահանգել է. «Սահմանադրության նախաբանի՝ «… հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որեւէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»:

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է դատապարտել «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը ստորադասելու, ՀՀ Սահմանադրության հետ արհեստական հակադրումների գործողությունները»։ Եվ Ազգային ժողովին առաջարկում է դիրքորոշում հայտնել առ հետեւյալը․ «Անընդունելի է համարում Հայաստանի Հանրապետության հռչակագիրը, դրանում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները նսեմացնելուն ուղղված ցանկացած փորձ, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով», ինչպես նաեւ՝ հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները «գնահատում է որպես ժողովրդի անվտանգության համակարգի ապահովման անժամանցելի հիմք, որի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն ՀՀ ինքնիշխանության հանդեպ առանձնապես ծանր հանցագործություն է»։

Մինչ խորհրդարանական փոքրամասնությունը դատապարտման գործընթաց է նախաձեռնել, մեր տեղեկություններով, իշխող մեծամասնությունը պատրաստվում է օր առաջ վավերացնել Կանոնակարգը եւ այն քարոզչական դրոշակ դարձնել, թե Հայաստանն այդպիսով կթեւակոխի պետական սահմաններ ունենալու գործընթաց։

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է՝ չնայած չի կարդացել Կանոնակարգը, բայց անպայման կողմ է քվեարկելու։ «Ինձ համար կարեւոր է, որ սահմանազատում լինի, դրա հիմքում՝ Կանոնակարգը, Կանոնակարգի հիմքում՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, այդ ամենը կա, ես լրիվ բավարարված եմ։ Իրավական նրբությունների մեջ մտնելու անհրաժեշտություն չունեմ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։ Անգամ եթե այդ Կանոնակարգում քարտեզ ամրագրված չէ, թե որ սահմաններով են սահմանը գծելու, ինչպես նաեւ՝ տարբեր տարածքներում կարող են տարբեր չափորոշիչներով սահմանազատում անել, դրան է՞լ եք կողմ։ «Չի կարող նման բան լինել, չեմ կարդացել, բայց վստահ եմ՝ չի կարող, ինչ վերաբերում է քարտեզին, ապա՝ կա, Սովետական Միության վարչատարածքային բաժանման հիման վրա է լինելու։ Սովետական Միության ժամանակ ոչ թե Հայաստան-Ադրբեջան էր, այլ Հայաստան-Հայաստան շրջանների մեջ ակնհայտ էր, բոլորը գիտեին, թե այս թուփը, քարն ում է պատկանում։ Այնպես որ՝ դրանում խնդիր չկա, եթե կա քաղաքական կամք»։

Այսինքն, ՔՊ-ում դիմադրողներ չկա՞ն, մեծամասնության համար Կանոնակարգն ընդունելի՞ է։ «Վստահ եմ, որ չեն լինի, որովհետեւ մենք քաղաքական դիրքորոշման կողմնակիցներ ենք, իրավական կատեգորիաների մեջ չենք էլ կարող մտնել, դրա համար է գնացել ՍԴ»։