22/11/2024

Ինչու են Հայաստանում աճել հանցագործությունները. Վարդապետյանը ներկայացրել է պատճառները

«2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվը, 2019 թվականի համեմատությամբ, աճել է 13.816-ով կամ 51.4%-ով»:

Այս մասին Ազգային ժողովում՝ հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ ինքը նախկինում բազմիցս խոսել է այս թվային ցուցանիշի աճի օրենսդրական պատճառների մասին:

«Դրանց շարքում են Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունը, որով վարույթ նախաձեռնելու շեմն իջեցվել է, և նախկինում նյութերի նախապատրաստման փուլով ավարտվող դեպքերը ներկայում հաշվառվում են որպես հանցագործության մասին հաղորդում, հանկարծամահությունների քրեականացումը, որոնք 2003 թվականի օրենսգրքով որպես հանցագործություն չէին հաշվառվում։

Խոսել եմ նաև այն մասին, որ արձանագրված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործություններ են»,- մանրամասնեց դատախազը:

Շարունակելով ներկայացնել թվային տվյալները՝ Վարդապետյանը հայտնեց, որ 2019-2023 թվականների ընթացքում թեև արձանագրվել է ծանր հանցագործությունների թվային աճ (1626-ով կամ 36.2%), վերջիններիս տեսակարար կշիռը ընդհանուր հանցավորության մեջ նվազել է 1.7%-ով:

«2024 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատած արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում 437-ով կամ 11.6 %-ով: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 16-ով կամ 4.5%-ով:

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (առանց հանկարծամահությունների հաշվառման) 2023 թվականին կազմել է 546՝ 2019 թվականի համեմատությամբ աճելով 262-ով կամ 92.2%-ով:

Քանի որ պարոն Ղազարյանի կողմից ներկայացվեցին 2019-2024 թվականների հանցավորության դինամիկան, հանցավորության աճի պատճառները և դրա ցուցանիշները, իմ ելույթում կանդրադառնամ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում բացասական առումով աճ արձանագրած՝ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների, ինչպես նաև թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների վիճակագրությանը, դրանց բացահայտման և քննության արդյունավետության բարձրացման նպատակով կիրառված դատախազական ներգործության միջոցներին: Ելույթի շրջանակներում անդրադարձ կկատարեմ նաև 2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետաքննություն, նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություններին, դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդումներին, ինչպես նաև քրեական վարույթների և գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերին»,- նշեց դատախազը:

Շարունակելով ավելի վաղ ՆԳ նախարարի ներկայացրած տվյալները՝ Վարդապետյանը ասաց, որ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք․ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86%:

«Թեև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թիվը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում կազմել է 1946, որը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 33.8%-ով նվազում է հանդիսանում, սակայն այս հանցագործությունների լատենտային բնույթը և տարիներ շարունակ բացասական առումով կայուն աճի միտումը մեզ համար շարունակում է անհանգստացնող մնալ»,- նշեց նա:

«Գլխավոր դատախազությունում վերլուծվել է հրազենի գործադրմամբ կատարված դեպքերի, այդ թվում՝ խուլիգանությունների աճը և դրան զուգահեռ՝ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի նվազումը։ Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է այդ ցուցիչների՝ բացասական առումով կայուն աճի միտումը»:

«Վերոնշյալ վերլուծության արդյունքներով իմ կողմից 2023 թվականի ապրիլի 19-ին ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ իրավիճակն ուսումնասիրելու, պատճառներն ու նպաստող պայմանները վեր հանելու և գնահատելու նպատակով»,- ասաց դատախազը:

Նրա փոխանցմամբ՝ 2023 թվականի մայիսի 30-ի պատասխան գրությամբ հայտնվել է, որ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ, Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններին տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ակտիվացնելու աշխատանքները հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ըստ Վարդապետյանի, գրությամբ հայտնվել է, որ միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի Հանրապետության գործող իրավակարգավորումներին համապատասխան՝ ՆԳՆ իրավասությունից դուրս զենք պահելու կամ կրելու իրավունք ստացած անձանց հաշվառելու և զենքի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ: