02/07/2025

Ոստիկանությունում գրեթե իսպառ վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը. Վահե Ղազարյան

Ոստիկանությունում գրեթե իսպառ վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը ևս հանցավորության վիճակագրության աճին նպաստող հանգամանք է:

Այս մասին Ազգայն ժողովում՝ Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ խորհրդարանական լսումների իր ելույթում ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ խոսելով երկրում հանցավորության վիճակի մասին:

«Հանցավորության վրա որոշակի ազդեցություն են ունենում նաև հայտարարված համաներումները, քանի որ կատարված վերլուծությունները փաստում են, որ յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ:

Օրինակ` 2018 թվականի նոյեմբերին հայտարարված համաներումից հետո 2019-2021 թվականի ընթացքում համաներված 4.976 անձանցից հետագայում հանցանք են կատարել 1.152-ը, նրանցից 249-ը` երկու և ավելի անգամ, այդ թվում՝ 1-ական` սպանության և սպանության փորձի, 3-ը` սպանության սպառնալիքի, 4-ական` ավազակության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 197-ը` գողության, այդ թվում՝ 33-ը` բնակարանային և այլն:

Միևնույն ժամանակ, վերջին 5 տարիների ընթացքում 1․521 նախկինում դատապարտված անձանց կողմից կատարվել է 1․980 հանցագործության դեպք (2019թ.` 337, 2020թ.` 242, 2021թ.` 531, 2022թ.` 562, 2023թ.` 310)»,- ներկայացրեց նախարարը:

Առանձին խոսելով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների մասին՝ Ղազարյանը նշեց, որ 2019 թվականին գրանցվե է 74 դեպք, 2020 թվականին` 83, 2021 թվականին` 57, 2022 թվականին` 67, 2023 թվականին` 94: Միջինում աճը կազմել է 18,7%:

«Նշված դեպքերից, ըստ 2022-2023 թվականների տվյալների, 2022 թվականին 67 դեպքից օրինական հրազենով է կատարվել 27-ը կամ 40,3%-ը, իսկ 2023թ.-ին` 94 դեպքից` 44-ը կամ 46,8%-ը: Օրինական 71 զենքերից 67-ը եղել են ակոսափող և ողորկափող որսորդական զենքեր, և միայն 4-ը` մարտական ատրճանակ:

Ի դեպ, շատ դեպքերում հնչեղություն են ստանում հրազենով կատարված այնպիսի հանցագործության դեպքեր, որոնց հետագա քննությամբ պարզվում է, որ իրականում հրազենի փոխարեն գործադրվել է պնևմատիկ կամ գազային ատրճանակ: Արձանագրեմ, որ դրանց ձեռքբերումը մի դեպքում առհասարակ չի պահանջում թույլտվություն, իսկ մյուս դեպքում ունի հասանելի թույլտվության ընթացակարգ»,-հավելեց նախարարը:

Վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը կամ 83 տոկոսը կազմել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները:

Նրա խոսքով՝ հիմնական հանցատեսակներից հաշվետու ժամանակահատվածում աճել են սպանությունները (միջինում աճը՝ 12,1%), սպանության փորձերը (միջինում աճը՝ 18,4%), զենք-ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը (միջինում աճը՝ 15,6%), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը (միջինում աճը՝ 13,9%), խուլիգանությունը (միջինում աճը՝ 23,2%), թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը (միջինում աճը՝ 46,6%) և խարդախությունները (միջինում աճը՝ 10,4%)։

«Ընդ որում՝ արձանագրված սպանությունների շուրջ 10%-ը (270-ից 26-ը) եղել են անհետ կորածներով նախաձեռնված վարույթներ: Առհասարակ, վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների շուրջ 80%-ը կատարվում են կենցաղային հողի վրա: Միևնույն ժամանակ նվազել են գողությունների (միջինում նվազումը՝ 10,8%), այդ թվում՝ բնակարանային (միջինում նվազումը՝ 11,4%), կողոպուտի (միջինում նվազումը՝ 9,4%), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (միջինում նվազումը՝ 3,4%), այդ թվում՝ ծանր, դեպքերը (միջինում նվազումը՝ 3,0%),- մանրամասնեց նախարարը:

Ղազարյանը հավելեց, որ վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ են: