Ժնևում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովային: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ընդգծվել է, որ Թուրքիան և Ադրբեջանը միջազգային հարցերում «միմյանց աջակից են»։
Փորձագետները կդժվարանան հիշել, թե վերջին անգամ թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի շփում երբ է տեղի ունեցել, ուստի Քուրթուլմուշ-Գաֆարովա հանդիպումից վերահիշյալ «արձանագրումն» ավելի շատ տուրք է քարոզչությանը, քան բնութագրում է Անկարա-Բաքում հարաբերությունների ներկայիս փուլը:
Առնվազն երկու սկզբունքային հարցում Էրդողանի և Ալիևի դիրքորոշումները նույնական չեն: Բաքուն թեև ֆորմալ առումով սատարում է Պաղեստինի անկախ պետության հռչակմանը, բայց գործնականում շարունակում է մնալ Իսրայելի մերձավոր դաշնակիցը: Ադրբեջանը նաև լուրջ վերապահումներ ունի Ուկրաինայի հարցում և փաստացի կողմ է, որպեսզի ռազմաճակատային գծով հրադադար հաստատվի, տարածքային խնդիրների քննարկումը թողնվի ապագային:
Երևում է, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Թեհրան ուղևորության հովանավորն Ռուսաստանն է, փորձ է արվել ճշտելու, թե ո՞րն է ռուս-իրանական համագործակցության «կրիտիկական սահմանի» իրանական պատկերացումը և ինչ դեր է Թեհրանը վերապահում Բաքվին:
Փեզեշքիան-Մուստաֆաև բանակցությունների վերաբերյալ իրանական կողմի պաշտոնական հաղորդագրությունից դատելով՝ Թեհրանը Բաքվի հետ ռազմաաշխարհաքաղաքական կարևորություն ներկայացնող քննարկումների մեջ մտնելու մտադրություն չունի գոնե Մերձավոր Արևելքում լարվածության այս փուլում:
Ըստ երևույթին՝ Շահին Մուստաֆաևի դիվանագիտական առաքելությունը շոշափելի հաջողություն չի ունեցել, ինչի վկայություն են Բաքվի իշխանական մամուլում Իրանի դեմ իսրայելական հարվածների «անխուսափելիության և կործանարարության» մասին մի քանի հրապարակումները:
Այդ հոդվածները հիմնականում «մատից ծծած» են: Նույնիսկ իսրայելական լրատվամիջոցներն են խոստովանում, որ Իրանին պատասխան հարված հասցնելու որոշումը վարչապետ Նաթանյահուին դժվար են տրվում: Աղբյուրները հաղորդում են, որ անցած երկու շաբաթվա ընթացքում նա տասնյակ խորհրդակցություններ է անցկացրել, բայց վերջնական որոշում դեռևս կայացված չէ:
«Վաշինգտոն փոստն» իր հերթին տեղեկագրել է, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բայդենը «խստորեն զգուշացրել է Իրանի պատասխան քայլերի սպառնալիքի մասին»: «Ուոլ Սթրիթ Ջոռնելն» իր հերթին հավելում է, որ Բայդենը Նաթանյահուին խնդրել է սահմանափակել Բեյրութի ռմբակոծումները:
ԱՄՆ-ն, իհարկե, Իրանի դաշնակիցը չէ, մանավանդ որ Թեհրանը հրապարակայնացրել է, որ Օմանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները դադարեցված են, բայց տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ բոլորը լրջորեն ընդունում են Իսլամական Հանրապետության արտգործնախարար Արաղչիի հայտարարությունը, որ ազգային շահերի պաշտպանության հարցում Իրանի «համար կարմիր գծեր չկան»:
Իրանի դեմ Իսրայելի հարվածներից ի՞նչ ակնկալիքներ ունի Իլհամ Ալիևը: Միանշանակ կողմնորոշվելը դժվար է, բայց որ Բաքվում նման սպասումներ կան, գրեթե ակնհայտ է: Ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցում Թուրքիան: Մերձավոր Արևելքում նրա իրական մրցակիցը ոչ թե Իսրայելը, այլ Իրանն է: Կարելի է ենթադրել, որ թուրք-ադրբեջանական «տարակարծությունները» դիվանագիտական խաղի մաս են: Այս հարցի գոնե մասնակի պատասխանը, երևի, կտա Կազանում նախատեսված Պուտին-Էրդողան հանդիպումը: Եթե, իհարկե, այն կայանա:
Բաց մի թողեք
Օսկանյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է արել՝ հուշելով Ալիևին՝ մտիր և վերցրու «Զանգեզուրի միջանցքը»
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի