11/07/2025

Ալիևը Հայաստանին ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ պատերազմի մրցավազք է առաջարկում

Խոսելով հայ-ադրբեջանական պայմանագրի մասին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ փաստաթղթի բոլոր կետերը կարևոր են, փոխկապակցված, և ինքը նախադեպ չգիտի, երբ կողմերը համաձայնեցված դրույթները ստորագրում են, մյուս հարցերը թողնում ապագա քննարկումներին:

Ցանկության դեպքում նախադեպ կգտնվի: ԽՍՀՄ-ն և Ճապոնիան, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, բայց դիվանագիտական հարաբերություններ ունեին: Այդ ստատուս քվոն փոխանցվել է ռուս-ճապոնական հարաբերություններին, և մինչև վերջին ժամանակներս երկու երկրները բավական արդյունավետ առևտրատնտեսական հարաբերություններ ունեին:

Բայց Ալիևի խոսքում մի ավելի ուշագրավ պահ կա: Նա հիշեցրել է, որ նախապատերազմական բանակցային գործընթացում, երբ սեղանի վրա էին «մադրիդյան սկզբունքները» և միջնորդները կողմերին հորդորում էին համաձայնեցնել կարգավորման պարամետրերը, գործել է մի մոտեցում. «Ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ»:

Ո՞րն էր ավելի քան մեկ տասնամյակ երկարաձգված բանակցությունների այսպես ասած «փորձաքարը»։ Եթե դատենք ընդհանուր ընկալմամբ, ապա Հայաստանին և Ադրբեջանին սկզբունքորեն բաժանել է ԼՂ կարգավիճակի հարցը: Ադրբեջանը երբեք չի համաձայնել, որ այն պետք է որոշվի միայն ԼՂ բնակչության շրջանում անցկացվելիք հանրաքվեի միջոցով: Հայկական կողմերն իրենց հերթին չեն ընդունել ԼՂ շուրջ տարածքներից զորքերը հեռացնելու Բաքվի նախապայմանը:

Ըստ էության՝ «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ» մոտեցումն է իրավիճակի սրացման, դիրքորոշումների կոշտացման և փաստացի «մադրիդյան սկզբունքների» դեզավուացիայի պատճառը: Եվ այդ իրավիճակն է ի վերջո բերել նախ ապրիլյան քառօրյա մարտերի, ապա և ղարաբաղյան երկրորդ պատերազմի:

Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանը քսանութ տարի սպասել է: Սա պատահական դիտարկում չէ, և եթե էմոցիաներից վերացարկվենք, ապա կարող ենք ասել, որ Ադրբեջանի նախագահը խոսքի դիվանագիտական ենթատեքստով հասկացնում է, որ քառասունչորսօրյա պատերազմը հայ-ադրբեջանական հակամարտությանն «արմատական լուծում չի տվել»:

Դա մի կողմից կարելի է ընկալել այնպես, որ եթե Հայաստանին «անպատճառ խաղաղություն է պետք», ինչպես Երևանը պաշտոնապես ձևակերպում է, ապա նա պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկած սկզբունքները և պայմանները: Մյուս կողմից, կարծես, Ալիևը փորձում է դյուրագրգռել Հայաստանի հանրությանը, հայ ժողովրդին՝ խարդախամտորեն առաջարկելով սպասել քսանութ տարի և նախապատրաստվել երրորդ պատերազմի:

Սումգայիթում օրերս երկրորդ պատերազմում սպանվածների հարազատների համար «Հեյդար Ալիև» հիմնադրամը հարգանքի միջոցառում և «հիշատակի ճաշկերույթ» է կազմակերպել, որտեղ ելույթ ունեցողներից մեկը՝ գրող Ջալալ Գուրբանովը որդի կորցրած ծնողներին ասել է, որ այն դրոշը, որ նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է Ստեփանակերտում (Խանքենդիում), կբարձրացնի նաև Զանգեզուրում (Սյունիքում):

Որքանո՞վ է այս «տեսլականը» բնորոշ ադրբեջանական հանրությանը, հայտնի չէ, բայց Իլհամ Ալիևը Ջեբրայիլ է այցելել որդու ուղեկցությամբ և հույս հայտնել, որ ադրբեջանցիները կվերադառնան «Արևմտյան Ադրբեջան»: Ալիևն այդպիսով հռչակել է պետական նպատակ, որ, գուցե, իր օրոք իրականություն չի դառնա, բայց մոռացության չի մատնվի, կլինի դինաստիական իշխանության առաջնահերթությունը:

Չենք կարող ասել՝ Իլհամ Ալիևն իրոք հոր մահվան մահճի առջև Շուշին «ազատագրելու» երդում տվե՞լ է, բայց նա քառասունչորսօրյա պատերազմի մոտիվացիան հանրությանը ներկայացրել է այդպես: Ալիևը Հայաստանին ոչ թե պայմանագիր և հարաբերությունների կարգավորում, այլ նոր պատերազմի մրցավազք է առաջարկում, կամ «հաղթողի պայմաններով խաղաղություն»: