22/11/2024

Գյումրին Վարդգես Սամսոնյանի որոշմամբ այսուհետ կկառավարվի հեռավար․ որտե՞ղ են քաղաքապետն ու տեղակալները

Գյումրին այսօրվանից որոշ ժամանակով կկառավարվի հեռավար։ Որոշումը կայացրել է քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Սամսոնյանի որոշմամբ՝ այսուհետ նա հիվանդության պատճառով չի կարողանա ներկայանալ աշխատանքի և որոշել է կառավարումն իրականացնել հեռավար։

Ընդ որում՝ քաղաքապետը որոշումը կայացնելիս հենվել  է  ՏԻՄ մասին օրենքի 35-չդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին և աշխատանքային օրենսգրքին։

Իսկ ՏԻՄ օրենսգրքի համապատասխան կետը նրա մասին է, որ քաղաքապետը որոշումներ կայացնելու իրավունք ունի։

Իսկ որտե՞ղ են քաղաքապետի տեղակալները։ Նման դեպքերում քաղաքապետի պարտականությունները պետք է նրանք իրականացնեն։ Քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը քրեական գործի շրջանակներում տնային կալանքի մեջ է գտնվում։ Իսկ որտե՞ղ է Սամսոնյանի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը։

Նրա՝ արձակուրդում կամ անաշխատունակության մասին տեղեկություններ չկան համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Եթե անգամ արձակուրդում է, ապա ինչո՞ւ չի հրապարակվել այդ որոշումը կամ ինչու՞ հետ չի կանչվում արձակուրդից։