23/12/2024

ԵՄ դիտորդներից կհրաժարվե՞ն

Որոշ տեղեկություններով՝ Հայաստանը մտադիր է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ չերկարաձգել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը։

«Հրապարակը» գրում է․ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիեւն օրերս հայտարարել է, որ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի հետ «պայմանական սահմանին», սրում է իրավիճակը․ «ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, ինչպես նաեւ տարածաշրջանից դուրս որոշ երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը, հանգեցրել են Հայաստանում ռեւանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։

Մեզ չհաջողվեց լուրը պաշտոնապես ճշտել, քանի որ ո՛չ ԱԳՆ-ից, ո՛չ դիտորդական առաքելությունից որեւէ հարցի պատասխան ստանալ հնարավոր չէ։ Նշենք, որ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ին՝ 2 տարի ժամկետով, 2025-ի փետրվարին լրանում է նրանց ժամկետը, եւ եթե ՀՀ իշխանությունները երկարաձգման դիմում չներկայացնեն, ապա առաքելությունը կավարտվի։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ թերեւս սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը, մեկ քայլ առաջ ընկնելով, հայ-իրանական սահմանից հանեց ռուս սահմանապահներին, որ երբ դիտորդների ժամկետը չերկարաձգվի, իրեն չմեղադրեն ռուսամետության մեջ:

Մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած լուրը, թե Հայաստանը մտադիր է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը չերկարաձգել, ապատեղեկատվություն է։

Սակայն շատ ավելի ուշագրավ է այն փաստը, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետի չերկարաձգումը բխում է բնականաբար Ադրբեջանի շահերից, այդ մասին անգամ գրել են այն նույն լրատվամիջոցները, որոնք տարածել էին ապատեղեկատվությունը։

Չնայած որ Հայաստան-Ադրբեջան սահմանից ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերումը բխում է ոչ միայն Ադրբեջանի այլ նաև ռուսական շահերից։ Իսկ թե ինչ վտանգներով է լեցուն ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերումը, ավելորդ է անգամ այդ մասին խոսել։

Թերևս դրա մասին խոսուն փաստ է Ադրբեջանի տենչանքը՝ ամեն գնով թիրախավորել ու ջանք գործադրել Հայաստան-Ադրբեջան սահմանից ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերման համար, ինչը կազատի Ադրբեջանի ձեռքերը։