Առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ իշխանություններն Ընտրական օրենսգիրքը հերթական անգամ փոխելու գործընթաց են սկսել, նախագծի շուրջ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ աշխատանքային քննարկում էր հրավիրել։
Հրապարակ թերթը գրել է․ Առաջարկվող փոփոխություններն ընդդիմության մոտ կասկածներ են առաջացրել, որ դրանք մեկ նպատակ են հետապնդում՝ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ցանկացած գնով պահել-պահպանել իշխանությունը եւ կորցնելու վտանգ զգալու դեպքում օրենքով կանխարգելիչ միջոցառումներ է ուզում նախատեսել։
Այս նպատակով հիմնովին ուզում են փոխել արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում ընտրությունների անցկացման կարգը․ «Սահմանադրությունը, ինչպես նաեւ ԸՕ-ն արգելում են ընտրությունների նշանակումն ու անցկացումն արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում։
Օրենքով կարգավորված չեն, սակայն, այն դեպքերը, երբ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվում է ընտրություններ նշանակվելուց հետո կամ քվեարկության օրվանից հետո՝ մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը: Ինչպես նաեւ հստակ չէ ընտրական գործընթացի ընթացքի կարգավորումը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո»:
Իշխանությունն այսպիսի հիմնավորում է ներկայացրել, թե ինչու է նշված հոդվածը հիմնովին փոխում: Սակայն օրենքի բացը շտկելու քողի ներքո նոր հիմքեր են առաջարկում` մեկ տասնյակից ավելի կետերով լրացնում են հոդվածը, որպեսզի անցանկալի զարգացումների դեպքում կարողանան արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարել եւ դադարեցնել ընտրական գործընթացը` անգամ քվեարկության ավարտից հետո․ «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչեւ համապատասխանաբար՝ նորընտիր ԱԺ կազմավորումը, ավագանու ձեւավորումը կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես է գնահատում. «Ռազմական եւ արտակարգ դրությունների ժամանակ նման մանրակրկիտ լուծումների առաջարկումը ոչ միայն Սահմանադրության հետ է խնդիրներ առաջացնում, այլեւ՝ հիմնավոր կասկածներ, որ իշխանությունը հավերժ պահելու համար կարող են արհեստական իրավիճակներ ստեղծելով` ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել եւ դրա հենքով պայմանավորված՝ հետաձգել ընտրական գործընթացները։ Նույն Ուկրաինայում Զելենսկին, օգտվելով սահմանադրական կարգավորումներից, հայտարարեց, որ ընտրություններ չեն լինի, այստեղ էլ, փաստորեն, իրավական հիմքեր են ստեղծում, որ ամեն գնով կառչած մնան իշխանության աթոռին։ Բոլոր ժամանակներում արտակարգ եւ ռազմական դրությամբ ընտրական գործընթացը կասեցնելու, դադարեցնելու հիմքեր են ստեղծում՝ ընդհուպ մինչեւ այն պահը, որ պատգամավորները խորհրդարանում երդում են տալիս, ինչը, իմ խորին համոզմամբ, հակասում է Սահմանադրությանը, որովհետեւ ասում է՝ «անցկացնել» բառը նույնականացվում է «քվեարկել» բառի հետ, այսինքն՝ եթե քվեարկության օրը արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, կարող է քվեարկությունը հետաձգելու հիմք դառնալ, բայց ոչ ամբողջ գործընթացը, ինչն իրենք փորձում են անել»։
Առաջարկվող կարգավորումներով՝ ընդհուպ նախատեսում են նոր քվեարկության կազմակերպում, եթե, ասենք, քվեարկության արդյունքները չբավարարեն Փաշինյանին, նա կարող է իրավիճակը սրել, ապա արտակարգ դրություն հայտարարել եւ կասեցնել ընտրությունները, իսկ արտակարգ դրության ռեժիմը դադարելուց հետո նոր քվեարկություն անցկացնել: Ուշագրավ է, որ նոր ընտրություններ նշանակելը պետք է ԿԸՀ-ն պատճառաբանի, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր աղմկահարույց որոշումները դնում է այլոց ուսերին: «Այսինքն՝ ամեն պահի կարող են չեղարկել, ասել՝ չեղավ, բերեք խառնենք, նորից խաղանք»,- ասում է պատգամավորը՝ վստահեցնելով, որ այլ խնդրահարույց փոփոխություններ եւս սպասվում են, որոնց կանդրադառնա առաջիկայում։
Ի դեպ, իշխանությունը չի ընդունել ընդդիմության առաջարկը՝ ձեւավորել աշխատանքային խումբ եւ հիմնավոր քննարկել ԸՕ փոփոխությունների փաթեթը, պատճառաբանել են՝ բարեփոխումների փաթեթի առյուծի բաժինը տեխնիկական կարգավորումներին է վերաբերում, ուստի հնարավորինս սեղմ ժամկետներում է պետք փոխել, որ ԿԸՀ-ն մինչեւ հաջորդ ընտրություններն իրագործի այդ փոփոխությունները: Ընդդիմությանն այլընտրանքային առաջարկ են արել՝ առաջին ընթերցումից հետո խումբ ձեւավորել եւ առաջինից երկրորդ ընթերցման համար նախատեսված 2 ամսում քննարկել: Մինասյանն ասում է` այդ տարբերակը նպատակահարմար չէ, որովհետեւ կարճ ժամանակում ոչինչ չեն հասցնի։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը երեկ իշխանության փաթեթը «կրծքով» պաշտպանեց` վստահեցնելով, թե ընդամենը օրենսդրական բացն են կարգավորում․ «Այս կարգավորումները նրա մասին են, որ, Աստված մի արասցե, եթե լինի արտակարգ կամ ռազմական դրություն, սահմանվի, թե ինչ պետք է տեղի ունենան այդ ընտրությունների հետ»։ Հիշենք, որ արտակարգ դրությունն էլ է վարչապետը հայտարարում, ռազմականն էլ, եւ այս կարգավորումների իրական նպատակն ակնհայտ է։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի