Ստամբուլում տեղի ունեցած 3+3 ձևաչափի արտգործնախարարների հավաքի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում:
Ըստ տարածված հաղորդագրության՝ Միրզոյանն ու Բայրամովը շարունակել են «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունն ու պայմանավորվել շարունակել ջանքը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:
Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորքում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հովանու ներքո: Գործնականում նույն հաղորդագրությունը տարածվել է այդ հանդիպումից հետո: Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը երբեք չի կապել Կլիմայի նոյեմբերյան գագաթնաժողովի հետ: Միլլերը միաժամանակ հայտնել էր, որ ստորագրողը Հայաստանն ու Ադրբեջանն են, ոչ թե Վաշինգտոնը:
Այդ հայտարարությունից ստացված տպավորությունը այն էր, որ Վաշինգտոնը չունի հայ-ադրբեջանական պայմանագրի մոտալուտ ստորագրման լավատեսություն, այն չի համարում իրատեսական: Ստամբուլում հանդիպումը ա՞յլ բանի մասին է:
3+3 ձևաչափի արտգործնախարարների նիստից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան, Անկարան ու Թեհրանն առաջարկել են Երևանին ու Բաքվին 3+3 ձևաչափը դիտարկել որպես «խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատանքը շարունակելու և ավարտելու հարթակ: Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը նշան է, որ Երևանն ու Բաքուն ընդունե՞լ են այդ առաջարկը:
Մեկ հանդիպումը, անշուշտ, խիստ անբավարար է այդպիսի եզրահանգման գալու համար: Առավել ևս, որ հազիվ թե ներկայումս իրատեսական դիտվի Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, առավել ևս հաշվի առնելով այն, որ Բայրամովը Ստամբուլում ունեցած ելույթում դարձյալ հայտարարել է Երևանի հանդեպ պահանջների մասին:
Ըստ էության՝ Ստամբուլի քննարկումների տողատակում թերևս ոչ այնքան պայմանագրի շուտափույթ ստորագրման, այլ իրավիճակի կառավարման համատեքստն է:
Ստամբուլում 3+3 ձևաչափի արտգործնախարարների հավաքի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Այդ հանդիպումը, թերևս, ընդամենը տեղավորվում է հավաքի այսպես ասած արարողակարգային առանձնահատկության շրջանակում, երբ ընդունող երկրի արտգործնախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել մասնակից մյուս արտգործնախարարների հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Միրզոյան-Ֆիդան հանդիպմանը քննարկվել է հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի շարունակությունը:
Քննարկե՞լ են կողմերը որևէ կոնկրետ գործողության հավանականություն, դժվար է ասել, սակայն ուշադրության է արժանի թերևս այն, որ ստամբուլյան հավաքին ու հանդիպմանն ընդառաջ եղավ հայ-ռուսական համաձայնության մասին հայտարարություն, որը վերաբերում էր հայ-թուրքական սահմանին: Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 8-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել, որ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ծառայություն կիրականացնեն ոչ միայն ռուս սահմանապահները, այլ նաև Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ստորաբաժանումները:
Սա, ըստ էության, մի քանի շերտ ունեցող համաձայնություն է, որոնց թվում, անշուշտ, առկա է թերևս նաև հայ-թուրքական հարաբերության շերտը: Հատկանշական է, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը ձեռք բերած համաձայնությունն ըստ էության հաջորդեց Նյու Յորքում Փաշինյան-Էրդողան հանդիպմանը, իսկ մոսկովյան հանդիպմանը նախորդել էր նաև Պուտին-Էրդողան զրույցը: Գրեթե չկա կասկած, որ դրանց ընթացքում շոշափվել է սահմանային հսկողության ռեժիմի փոփոխության վերաբերյալ հայ-ռուսական համաձայնությունը:
Ի՞նչ փոփոխություն է դա ենթադրելու հայ-թուրքական հարաբերության կառուցվածքի և տրամաբանության համատեքստում: Արդյո՞ք այդ հարցերը շոշափվել են Միրզոյան-Ֆիդան հանդիպմանը:
Հայաստանի արտգործնախարարը 3+3-ի նախարարական նիստի ընթացքում իր ելույթում բավականին զգալի մաս է հատկացրել հայ-թուրքական կարգավորման գործընթացին, դրա ընթացքում որոշակի պայմանավորվածություններին, ըստ ամենայնի, փորձելով ստեղծել որոշակի «կոնտրաստ»՝ հայ-ադրբեջանական այսպես ասած խաղաղության պայմանագրի գործընթացում ներկայիս ստագնացիոն վիճակի և հայ-թուրքական գործընթացում կառուցողական միտումների ուրվագծման միջոցով:
Բայց արդյո՞ք գործնականում իրատեսական է այդ կերպ երևույթների տարանջատումն ու այդ կերպ Բաքվին որոշակի կառուցողականության դաշտ բերելը: Երևանի այդ փորձը նշմարվում է, արդյունքը, գոնե առայժմ, ոչ:
Բաց մի թողեք
Նախարար Արարատ Միրզոյանը թույլ է տվել էական վրիպում
Լուրջ խնդիրների քննարկումը օրակարգային չէ, այլ՝ «ձեռքի հետ»
«Հայերը կդիմանան»՝ բարոյական հաղթանակներին, թե՝ վտանգին