22/11/2024

Կոտայքում մեքենաներ են բախվել. «Ֆորդ»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, կա 1 զոհ․ Լուսանկարներ

Հոկտեմեբրի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 11:50-ի սահմաններում Կոտայքի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են 70-ամյա Վ. Եփրեմյանի վարած «Ford» մակնիշի և 34-ամյա Ե. Մեսրոպյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Ford»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ նրանց հայտնածի, օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները:

Դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը:  Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վիրավորի ինքնությունը:  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: