06/06/2025

Գյումրիում հնարավո՞ր են արդյոք նոր միավորումներ ավագանու կազմում․ Լուսանկարներ

«Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալեց Գյումրու ավագանու նիստը։ Բացատրության փոխարեն քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանն օրենքից մեջբերումներ արեց, թե նման դեպքերում ինչ է նախատեսված, ու վերջ։

Նիստին ներկա չէր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Նա իր բացակայությամբ աչքի ընկավ նաև հոկտեմբերի 16-ին, երբ հայտնի դարձավ, որ, սեփական որոշմամբ, հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես իրականացնելու է հեռավար՝ առողջական վիճակի վատթարացման և անհապաղ բժշկական միջամտություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև փոխքաղաքապետների բացակայության պատճառով:

dddddddddddd.jfif (1022 KB)

Ո՞ւր է տանում Գյումրին «Բալասանյան դաշինք»-ը

Գյումրիում նման խառն ու անհասկանալի վիճակի հեղինակ դաշինքը լուռ է։ Նախ խոստացան պատասխանել «Հայկական ժամանակ»-ի հարցերին, հաջորդող օրերին, սակայն, ճիշտ համարեցին հեռախոսազանգին չպատասխանելն ու ստացվող զանգերն անջատելը։ Ու վերջ։

Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցությունը ևս չպատասխանեց մեր հարցադրումներին։ Գրավոր ուղարկված մի քան հարցը մեկ-երկու օր ուսումնասիրելուց հետո ասացին՝ երբ հարկ լինի՝ կպատասխանեն։

զզզզզզզզզզզզզզ.jpg (178 KB)

Հոկտեմբերի 11-ի նիստին չներկայացած «Հանրապետական» խմբակցությունն ասելիք ուներ։ Խմբակցության ղեկավաի Նարեկ Միրզոյանը մեզ հետ զրույցում նշեց՝ իրենց բացակայությունը «Բալասանյան դաշինք»-ի չներկայանալու հետ կապ չուներ։

Ինչու էր հոկտեմբերի 11-ին բացակա նաև «Հանրապետական» խմբակցությունը

««Հանրապետական» խմբակցությունն անկախ դաշինքի մասնակցել-չմասնակցելուց նախօրոք չմասնակցելու որոշում ուներ՝ բացառապես անձնական խնդիրներից ելնելով։ Բացառապես կապ չունի իրենց հետ»,- ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը։

Ի՞նչ կապ ունեն Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի, նույն գործով Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջոնոյանի ձերբակալությունները «Բալասանյան դաշինք»-ի վերջին քայլի հետ՝ հարցին, Միրզոյանն ասաց՝ գնահատականներ տալը դեռ վաղ է։

f00a09f6-1e14-4757-874f-7a3da6191e15.jfif (49 KB)

«Ոչ մի կողմից պաշտոնական հաղորդագրություններ չկան, հստակ տեղեկություններ չունենք՝ ինչ է կատարվում։ Տեղյակ ենք այնքանով, որքանով մամուլում կան նմանաբովանդակ հրապարակումներ։ Կարծում եմ՝ իրենք են պարտավոր մեկնաբանություններ տալ»,- նշեց նա:

Ստեղծված իրավիճակը, ըստ Նարեկ Միրզոյանի, արագ հանգուցալուծում է պահանջում։ Դեռ վաղ է Գյումրու մասով ասել, որ առկա է կառավարման ճգնաժամ, բայց հակառակ պարագայում պետք է պատասխանատու խմբակցությունը խնդիրը կարգավորի։

Հնարավո՞ր են ավագանու կազմում նոր միավորումներ՝ հարցին, Միրզոյանն ասաց՝ բացի իրենց ներքին հանդիպումներից՝ որևէ հանդիպում այլ ուժերի, խմբակցությունների հետ չեն ունեցել. «Ինչ վերաբերում է հետագա քննարկումներին, բնականաբար, եթե կազմակերպվեն, նման առաջարկ լինի, կքննարկենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:

Արդյոք իրավական գործընթացն ունի՞ քաղաքական ենթատեքստ, կապ ունե՞ն ձերբակալությունները «Բալասանյան դաշինք»-ի գործողությունների հետ, Միրզոյանն ասաց՝ այս հարցում էլ դեռ վաղ է նման եզրահանգման գալը։

«Որպես իրավաբան էլ ասեմ, որ գործին էնքանով եմ ծանոթ, որքանով մամուլում կան հաղորդագրություններ, և քաղաքական ենթատեքստ տեսնելը ինֆորմացիայի պակասի պարագայում բավական բարդ է։ Հետագան ժամանակը ցույց կտա՝ կա՞, թե՞ ոչ քաղաքական բաղադրիչ, սպասում ենք զարգացումներին, եթե լինեն այդպիսիք, մենք մեր հրապարակային դիրքորոշումը կհայտնենք»,- վստահեցրեց Միրզոյանը։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարծում է, որ ավագանու՝ հոկտեմբերի 11-ի նիստի  չներկայանալն ու դրան հաջորդած իրադարձությունները որոշակի կապ ունեն։

«Դրանով «Բալասանյան դաշինք»-ը, ենթադրում եմ, փորձում է որևէ կերպ իր բոյկոտը կամ անհանդուրժողականությունը հայտնել, չնայած որ իրենք որևէ կերպ պաշտոնապես չեն մեկնաբանել իրենց քայլը, մինչ այս պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել»,- ասաց Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

ք.jfif (74 KB)

Ըստ նրա՝ ավագանու նիստին չներկայանալն անպատասխանատու վերաբերմունք է գյումրեցիների հանդեպ, քանի որ իրենք մանդատ են ստացել գյումրեցուց և պետք է այդ մանդատն իրացնեն հենց հանուն գյումրեցու, նրա ու քաղաքի շահի։

«Ունեինք շատ կարևոր նախագծեր, որոնք պետք է հաստատվեին, դրանք միտված են քաղաքում ինչ-որ լավ բան անելուն, փոխելուն։ Իրենք իրենց չգալով փաստացի ամբողջ քաղաքը կաթվածահար վիճակում են թողնում, և նախագծերը, որոնք նաև թեթևացնելու էին գյումրեցու հոգսը, մնացին թղթի վրա։ Մենք չգիտենք էլ, թե մյուս նիստը երբ է հրավիրվելու, արդյոք ներկայանալո՞ւ են, թե՞ ոչ»,- ասաց Հարությունյանը։

«Բալասանյան դաշինք»-ը, ըստ ՔՊ խմբակցության ղեկավարի, պարտավոր է ողջախոհ գտնվել և չբոյկոտել նիստերը։ Ավելին՝ պետք է հիշեն, որ ունեն առաջնային մանդատ, և դա ստացել են Գյումրու բնակիչներից։

«Իրենք պարտավոր են իրենց լիազորություններն իրականացնել և ծառայել քաղաքի բնակիչներին»,- ասաց Հարությունյանը։

Ունե՞ն արդյոք ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ։ Հարությունյանը հստակ ընդգծեց՝ չունեն։

«Բացառապես իրավական գործընթաց է, հարցն իրավապահների ուշադրության կենտրոնում է, և քննության ընթացքում ամեն ինչ կպարզվի։ Առհասարակ իրավական ու քաղաքական գործընթացները տարբեր ուղղվածության են, և դրանք իրար հետ կապելը սխալ է»,- ասաց Հարությունյանը։

Հնարավո՞ր է Գյումրին կառավարել հեռավար։ Հարությունյանի համար ձևաչափն անընդունելի է, նաև հասկանանի չէ, թե փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն ինչ մասնավոր այցով էր արտերկրում, որն անհնար էր ընդհատել և ստեղծված իրավիճակում արագ վերադառնալ լիազորությունների կատարմանը. «Այն, ինչ տեղի է ունենում «Բալասանյան դաշինք»-ում կամ իրենց վարած քաղաքականության արդյունքում, ինձ համար ընդունելի չէ, որովհետև փաստացի քաղաքը գործադիր իշխանության ներկայացուցիչներ չունի և որևէ կերպ չի կառավարվում։ Իսկ հեռավար կառավարումը ես դժվար եմ պատկերացնում, կան գործառույթներ, որոնք պահանջում են տեղում աշխատանք»։

Այլ ուժերի հետ միավորման մասին խմբակցությունը չի մտածում։ Հարությունյանն ասաց՝ որևէ մեկի հետ պայմանավորվածություններ կամ քննարկումներ չունեն։

«Մենք մեր 11 մանդատի շրջանակներում շարունակելու ենք մեր լիազորություններն իրականացնել և ընդդիմադիր ավագանու կեցվածքով մեր աշխատանքը անել այնպես, ինչպես միշտ ենք արել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար մշտապես առաջնային է եղել և մնում քաղաքացու շահն ու Գյումրու հիմնախնդիրների լուծումները որոնելը, կարգավորելը։ Գործընկերներիս հորդորում եմ նույն կերպ գործել»,- նկատեց խմբակցության ղեկավարը։

Ավագանու անկախ անգամ Վարդևան Հակոբյանը ևս իրավական ու քաղաքական գործընթացներն իրար հետ չի կապում։

«Բայց թե ինչու «Բալասանյան դաշինք»-ը չէր եկել նիստին, դրա պատասխանն իրենք պետք է տային։ Մենք տեսնում ենք, որ կառավարման ճգնաժամը կար, հիմա ավելի է խորանում, ինչից տուժում է մեր քաղաքացին ու նրա շահը, ինչը անընդունելի է»,- ասաց Հակոբյանը։

քքքքք.jpg (129 KB)

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը ևս չի կարծում որ ձերբակալություններն ու ավագանու նիստի չկայանալը կապ ունեն իրար հետ։ Խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ասաց՝ բոլոր պարագաներում այդ հարցերը չպետք է իրար հետ կապակցված լինեն։

Հնարավոր է խմբակցությունների նոր միավորումներ՝ հարցին, Մալխասյանը պատասխանեց՝ դեռ որևէ մեկի հետ որևէ բան չի քննարկվել, բայց եթե քաղաքական գործընթաց լինի, բնականաբար, կքննարկեն, կհասկանան։ Ըստ նրա՝ Գյումրու շահն է առաջնային, պետք չէ ճգնաժամ թույլ տալ։

Իսկ քաղաքապետի հեռավար աշխատանքի որոշումը, ըստ Մալխասյանի, հենց ճգնաժամը թույլ չտալու փորձ է։

ttttttt.jfif (99 KB)