03/07/2025

Հայաստանի պետական հավաքական իմունիտետը բարձրացնող գործը

Հայաստանում նշանակվել է ռազմաարդյունաբերական կոմիտեի նոր նախագահ, այն բանից հետո, երբ այդ պաշտոնը թափուր էր ամիսներ շարունակ:

Հայաստանի հանրության համար նոր նշանակումը անցավ առանց մեծ մեդիաուշադրության: Դա այն դեպքում, երբ խոսքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի մասին է, ի տարբերություն, օրինակ, այլ կադրային թեմաների, որոնք օրեր ու շաբաթներ շարունակ կարող են զբաղեցնել հանրային ուշադրությունը զուտ ներքաղաքական կոնյուկտուրայի, այլ ոչ թե հասարակական-պետական կյանքի համար նշանակալիության համատեքստով:

Ռազմաարդյունաբերության ոլորտի կարևորությունը Հայաստանի համար ունի ոչ միայն պաշտպանական նշանակություն, այլ նաև էական, առանցքային նշանակություն երկրի տնտեսական զարգացման ու կառուցվածքի տեսանկյունից: Հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի տնտեսական կառուցվածքում էական անհրաժեշտություն է արդյունաբերական բաղադրիչի շոշափելի ավելացումը: Հայաստանի տնտեսությունն այսօր ունի վիճակագրական տպավորիչ թվեր, միաժամանակ այդ ամենն ապահովում է գերազանցապես Ռուսաստանից վերաարտահանման և դեպի Ռուսաստան վերաարտահանման հաշվին, գումարած՝ բանկային համակարգ:

Դա տպավորիչ վիճակագրությամբ, բայց շատ թույլ առողջությամբ, թույլ իմունիտետով տնտեսություն է: Ռազմարդյունաբերությունը պաշտպանական բուն նշանակությունից զատ, կարող է էական դեր ունենալ տնտեսության պաշտպանունակության բարձրացման հարցում, եթե, իհարկե, ձևավորվի որպես տնտեսության համակարգային ճյուղ: Այսօր շատ է խոսվում հայկական ռազմարդյունաբերության հաջողությունների մասին, ինչը, իհարկե, ողջունելի է ցանկացած մասշտաբի պարագայում:

Սակայն ակնառու է, որ Հայաստանում, ռազմարդյունաբերության մասին ներկայիս խոսույթը ունի չափազանցվածություն, որովհետև ռազմական արդյունաբերություն, որպես այդպիսին, գոյություն չունի:

Կան տարբեր նախաձեռնություններ, որոնք, սակայն, սահմանափակ են իրենց արտադրական կարողությունների, նաև ծավալման հնարավորությունների տեսանկյունից: Դա գուցե օբյեկտիվ է, որովհետև հնարավոր չէ միանգամից հասնել մեծ մասշտաբի:

Սակայն, մյուս կողմից, այստեղ շատ էական է, թե արդյո՞ք այսօր արվում է առավելագույնը՝ արդյունաբերական համակարգի մասշտաբի մոտենալու համար, թե՞ առավելագույնը միայն խոսվում է:

Ռազմարդյունաբերական կոմիտեի առաջ այս խնդիրն է՝ ոլորտը արտադրական օրինակներից վերածել արդյունաբերական համակարգի: Այն, որ անցնող մի քանի տարիներին կոմիտեն ունեցել է մի քանի նախագահ, որոնք պաշտոնավարել են համեմատաբար կարճ, խոսում է այն մասին, որ կան արդյունավետության խնդիրներ:

Դրանք կլուծվե՞ն նոր նշանակումով: Համենայն դեպս նոր ղեկավարին պետք է մաղթել հաջողություն, քանի որ այդ հաջողությունը կլինի պետության հաջողությունը: Մյուս կողմից, սակայն, հարկ է նաև արձանագրել, որ ռազմարդյունաբերական համալիրի ձևավորման հարցում կոմիտեն ունի առանցքային դեր, սակայն խնդիրը լուծելու համար պահանջվում է նաև հենց պետական համակարգի հավաքական աշխատանք:

Ի վերջո, առանցքային հարցերից մեկն այն է, որ ժամանակակից աշխարհում ռազմարդյունաբերական մրցակցային համալիր ձևավորելու համար, որը կդառնա տնտեսական համակարգի ճյուղային հիմնարար բաղադրիչ, անհրաժեշտ են մեծ ծավալի ներդրումներ, բայց ոչ միայն զուտ փողի, այլ նաև տեխնոլոգիական գործընկերության տեսքով:

Այո՛, Հայաստանն ունի շատ բարձր գիտատեխնիկական ներուժ, սակայն ոլորտը ունի մի շարք էական ռազմաքաղաքական նրբերանգներ, որոնք միայն գիտատեխնիկական ներուժով չէ, որ լուծվում են, այլ նաև տնտեսաքաղաքական արտաքին կապերով, որոնք պետք է կառուցվեն փոխադարձ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հետաքրքրությունների վրա:

Եթե մենք ռազմարդյունաբերության ապագան չենք դիտարկում այդ մասշտաբով, ապա լոկ գիտատեխնիկական բաղադրիչի վրա հենվելը գործնականում թույլ չի տալու ստանալ իրապես արդյունաբերական համալիր, հետևաբար դարձյալ ավելի շատ կլինի ցանկալին իրականության տեղ մատուցող խոսքը, քան իրապես Հայաստանի պետական հավաքական իմունիտետը բարձրացնող գործը: