Կիրակի օրը, երեկոյան ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ ձերբակալել էր «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 3 անդամի, որոնք ողջ գիշեր Շենգավիթի բաժնում պահվելուց հետո ազատ էին արձակվել:
Հրապարակ թերթը գրել է․ Ոստիկանության բաժնից ազատ արձակվելուց հետո բուժզննության էր ենթարկվել ՀՀՄ երիտասարդական միության նախագահ Արմինե Սիմոնյանը, որի ձախ ուսի հատվածում կապանաջլային վնասվածք էր ախտորոշվել, հնարավոր է՝ պատռվածքով։
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել էր կուսակցության 8 անդամ, որոնցից 3-ը՝ աղջիկներ: Հիշեցնենք, որ սա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ստեղծած կուսակցությունն է: Չնայած Պողոսյանը Մոսկվայում է եւ չի պատրաստվում վերադառնալ, քանի որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն կուսակցության անդամներն ինչ-որ ակտիվություն դրսեւորում են:
Վնասվածք ստացած Արմինե Սիմոնյանը` կուսակցության երիտթեւի նախագահը, «Հրապարակ»-ին ասաց՝ ոստիկանությունն իրենց մոտ զենք-զինամթերք է փնտրել եւ դա արել է բիրտ ուժ կիրառելով․ «Մենք՝ մեր կուսակցական ընկերներով, վերադառնում էինք մեքենայով, եւ այդ պահին մի հատ ահաբեկված ձեւով մեր մեքենան Առաջին մասում կանգնեցրին, ու ինչ-որ քաղաքացիական հագուստով անձինք, մի քանի մեքենաներով, շրջափակեցին մեքենան, բիրտ ուժի կիրառմամբ, քաշելով, գոռալով, առանց ներկայանալու․․․․»։ Արմինե Սիմոնյանը նշեց, որ ոստիկանների պահվածքը խուլիգանական էր, իրենք ենթարկվել են հոգեբանական եւ ֆիզիկական ճնշման․ «Տղաներից մեր մամլո խոսնակին շպրտեցին գետնին, նստել էին վրան, շատ կոպիտ, բիրտ ուժ էին կիրառում, չէին ներկայանում, գոռում էին անընդհատ՝ «դուրս եկեք, արա»։ Հետո առանձին-առանձին մեզ տարել են բաժին, այնտեղ պարզվել է, որ իրենք օպերներ են` Շենգավիթ բաժնի։ Այնտեղ մեզ նոր ասել են, որ զենք-զինամթերքի կասկածանքով է, մեր մոտից ոչինչ չեն գտել, բայց անհիմն մեզ 6 ժամ պահել են, որեւէ բացատրություն չեն տվել։ Ի դեպ, փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորություն էլ չեն տվել, 6 ժամ գտնվել ենք իրենց մոտ, հեռախոսներն անջատված վիճակում էին։ Մենք հարցրել ենք՝ ինչի՞ համար եք մեզ բերման ենթարկել, ասել են՝ կասկածանքը զենք-զինամթերքն է, բայց մեզ մոտ ներկա պահին ոչինչ չի հայտնաբերվել։ Որեւէ բացատրություն չտալով՝ խուզարկությունից հետո 4-5 ժամ պահել են»։
Կուսակցությունից հայտնում են, որ ո՛չ փաստաբանների, ո՛չ հարազատների հետ կապվելու` զանգահարելու հնարավորություն բերման ենթարկվածներին չի տրվել: Իսկ ՄԻՊ Անահիտ Մանասյանը երեկ համաժողով էր անում պետական բարձր պաշտոնյաների հետ եւ պատմում, թե ինչ աննախադեպ հաջողությունների է հասել իր ղեկավարած գրասենյակը, որն իրականում ոչ մի ընդդիմադիրի հարցով չի զբաղվում: Մաքսիմում հայտարարում է, որ բացատրություն է պահանջել իրավապահներից, եւ վերջ` ոչ ոք չի իմանում, թե ինչ բացատրեցին, ինչ հասկացավ ՄԻՊ-ը եւ ինչ քայլեր ձեռնարկեց հետո:
Սիմոնյանը նշեց նաեւ, որ երիտմիության աղջիկներից մեկն էլ է ստացել վնասվածք՝ դաստակի հատվածում, կապտուկ ունի․ «Քաշքշուկների ժամանակ դիմադրություն չի եղել, մենք չենք էլ կարողացել հասկանալ՝ ովքեր են, ինչ են, միանգամից շատ սարսափելի ձեւով մեզ բերման են ենթարկել»։ Արմինե Սիմոնյանը եւ երիտմիության անդամ Նանե Բաղդասարյանը երեկ ՀՀ Գլխավոր դատախազություն են գնացել, դիմում ներկայացրել, որպեսզի քրեական գործ հարուցվի՝ ոստիկանական կոպիտ վերաբերմունքի, վնասվածքներ հասցնելու դեպքով։
Կուսակցության ղեկավար Միհրան Պողոսյանն էլ անդրադարձել է դեպքին` հայտարարելով․ «Հերթական անգամ գործող վարչախումբը դիմում է ռեպրեսիվ մեթոդների՝ ՀՀՄ կուսակցության անդամներին ահաբեկելու նպատակով՝ այս անգամ ուժ կիրառելով անգամ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Կուսակցության որեւէ անդամի չի տրվել հնարավորություն՝ կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ: Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի հրահանգով քաղաքական հետապնդումները»։
Բաց մի թողեք
Ոչ մի աղոթք՝ բանակում, խաչերը՝ հանել
ՔՊ-ականները նեղսրտել են, որ ռուս գեներալը զանգահարել է փոխքաղաքապետին
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը