«Երեկ հայտարարություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Կարծում եք՝ հրաժարականի հայտարարությո՞ւն էր, ինչը պահանջում էին Առաջին հայկական ճակատը, թիմերի ֆան ակումբներն ու, ընդհանրապես, երկրպագուները, կամ՝ առկա դժգոհությունների ու բարձրացված հարցերի սպառիչ պատասխանների հայտարարությո՞ւն էր: Իհարկե, ոչ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Արմեն Մելիքբեկյանը ընդունել է, որ իրենց՝ 2019-2025թթ. ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չի կատարվել, մի մասն էլ իրականացվել է մասնակի: Այստեղ Մելիքբեկյանը լրջորեն չափազանցրել է. ճիշտ կլիներ օգտագործել «գերակշիռ մեծամասնությունը չի կատարվել» ձևակերպումը: Բայց խնդիրը նույնիսկ դա չէ:
Նա տիպիկ քպական ոճով ձախողումների մեջ մեղադրել է բոլորին՝ ՀՖՖ ղեկավարությունից բացի. մեղավոր են կորոնավիրուսը, 44-օրյա պատերազմը, Ուկրաինայի հակամարտությունը (վերջինս նույնիսկ ուկրաինական ֆուտբոլի վրա այնքան չի ազդել, փաստորեն, որքան Հայաստանի), արտարժույթի շուկան (հը՞), ակումբները, մարզիչները, ֆուտբոլիստները, «իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտները», երկրպագուները և այլն, և այլն: Մի խոսքով, ամեն ինչ ու ամեն ոք խանգարել են, իսկ, ահա, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար»: Հանուն արդարության պետք է նշել, որ Մելիքբեկյանը նաև «ՀՖՖ ղեկավարության մեղավորության» մասին է խոսել, բայց ոչ թե ծրագրերը տապալելու, արդյունքներ չգրանցելու, ֆուտբոլը չզարգացնելու առումով, այլ նրա համար, որ… «ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը, նաև չենք հաջողել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորման հարցում»: Զավեշտալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:
Սակայն, ինչպես երևում է, Մելիքբեկյանի «կրուտիտները» չբավարարեցին երկրպագուներին, և հայտարարությունից կարճ ժամանակ անց «Հեռացի՛ր, հեռացի՛ր» վանկարկումներով FAF անդամները, ինչպես նաև «Կարմիր արծիվներ», «Սեկտոր 18», «ԱԼՖԱ», «Սև հովազներ», «Սաութ Վեսթ Ուլտրաս» և մի քանի այլ ֆան շարժումների ներկայացուցիչները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց ակցիա իրականացրեցին՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը։
Հ.Գ.-Ի դեպ, մի ճակատագրական սխալ Մելիքբեկյանը թույլ է տվել, որի համար գուցե և պատժվի հենց իշխանությունների կողմից. մեղավորների մեջ նա չի հիշատակել «նախկիններին»: Ինչպիսի վրիպում»:
Բաց մի թողեք
Կաթվածի է հասցնում այն, որ արձանագրությունը կազմելուց հետո ասում են՝ «քեզ դեռ կգտնեմ». կին պարեկ․ Տեսանյութ
Հույն գյումրեցին՝ Հայաստանի առաջին կին դիջեյը. Լյուդա Բիլբիլիդի․ Լուսանկարներ. ՀԺ
Ապօրինի գույքի բռնագանձման 3 վճիռ կա. կեղծ և մանիպուլյատիվ պնդումները Սրբուհի Գալյանի մասին