11/07/2025

Ադրբեջանցիները փաստորեն ազատ շրջում են Երեւանում. ո՞վ է ձերբակալված Հասմիկ Գ.-ն

Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ջնջելու ու փչացնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն)։

Ելնելով նախաքննության շահերից՝ այլ տվյալներ հիմա հրապարակման ենթակա չեն։ Այս մասին Aravot.am-ին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Քիչ առաջ էլ ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն էլ հայտնեց, որ Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն:

Այս կնոջ արարքը բուռն արձագանք է գտել համացանցում: Արարքը կատարող կնոջ հասցեին, բացի պարսավանքի խոսքերից, տարբեր օգտատերեր շրջանառել են նաեւ նրա՝ ազգությամբ ոչ հայ լինելու հանգամանքը: Մենք Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք՝ ինչ ազգություն ունի արարքի հեղինակը:

Ի պատասխան Գոռ Աբրահամյանն ասաց՝ ազգության պատկանելությունը քննությամբ պարզման ենթակա է, իսկ նախաքննության շահերից ելնելով՝ ավելին այս պահին չի կարող հայտնել:

«Ադրբեջանցիները ազատ Երեւանում շրջում են փաստորեն»,- հերոսների դիմանկարները ջնջող անձին ու նրա արարքը արձանագրած հայտնի տեսագրության հրապարակման տակ նման մեկնաբանություն է թողել փաստաբան Արսեն Բաբայանը: Իսկ երգչուհի Շուշան Պետրոսյանը կոչ է արել արագ գտնել այդ անձին ու հրապարակավ պախարակել: