23/12/2024

Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկանի, որդու, կնոջ գույքն ուսումնասիրվել է, կազմվել են ամփոփագրեր

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին երկարամյա (1996-ից) դեկան Գագիկ Ղազինյանը, որդին՝ Դավիթ Ղազինյանը, և կինը՝ Կարինե Շահբազյանը։

Նրանք դատախազության հիշյալ վարչություն պետք է ներկայանան ս.թ. հոկտեմբերի 29-ին։ Civic.am-ը հրապարակված ծանուցագրերից տեղեկացավ, որ շահագրգիռ այս անձանց պատկանող գույքերի վերաբերյալ դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- մասնավորապես նշված է Ղազինյան ընտանիքի անդամներին հասցեագրված ծանուցագրերում։

Նշենք, որ Գագիկ Ղազրինյանի մյուս որդին՝ Արթուր Ղազինյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, մանդատը վայր դրեց 2022-ին, «Դիմադրություն» շարժման օրերին։

Նշենք, որ ս.թ. ապրիլին տեղի ունեցած դեկանի ընտրություններին Գ. Ղազինյանը չառաջադրվեց որպես դեկանի թեկնածու, և մայր բուհի հիշյալ ֆակուլտետը նոր դեկան ունեցավ։

Գագիկ Ղազինյանը, հիշեցնենք, 2013-ին ձևավորված՝ Սերժ Սարգսյանին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր։ Նա նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 1999-ին արժանացել է Մխիթար Գոշի մեդալի։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Երևանի փողոցներում փակցվել էին ԵՊՀ մի շարք դասախոսների լուսանկարներ՝ «կաշառակեր» մակագրությամբ։ Գագիկ Ղազինյանի լուսանկարը նույնպես այդ ցանկում էր։ Կազմակերպիչը «Միասին» երիտասարդական կազմակերպությունն էր։

«Իհարկե, կոռուպցիան կա, իհարկե, կաշառակերությունը կա, ինչպես հասարակության բոլոր ոլորտներում: Գտեք մի մաքուր մարդ, մաքուր ոլորտ… Գոյություն չունի՝ վերից վար և հորիզոնական: Սա է մեր հասարակությունը, ինչը շատ ցավալի է»,- «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր Ղազինյանը: