Մի ժամանակ փոխվարչապետ Գրիգորյանը Նիկոլի կառավարության այն եզակի անդամներից էր, ով փորձում էր չթաթախվել ստի ու կեղծիքի հորձանուտում: Գլուխը կախ իր գործն էր անում՝ գիտակցելով հանդերձ, որ այն ուղղված է Նիկոլի իշխանության պահպանմանը: Երևի այդ պատճառով էլ խուսափում էր թե՛ լրագրողների և թե՛ նիկոլական ուսապարկերի հետ շփվելուց:
Հրապարակ թերթը գրել է․ Չնայած, ենթադրաբար, գիտակցոււմ էր, որ իր աշխատանքն ապագայում իրեն ո՛չ պատիվ և ո՛չ էլ հեղինակություն է բերելու: Ինչևէ, զարմանալիորեն խաղի նման կանոններին էլ համաձայնել էր Նիկոլը, ով չէր ստիպում նրան վերածվել հերթական ստախոսի: Բայց, ինչպես երևում է, գործող իշխանության մեջ «մաքուր»՝ թեկուզ հարաբերականորեն, անվերջ մնալու իրավունք չունի ոչ մեկը, ու եկավ նաև Գրիգորյան Մհերի հերթը: Բագրատ Սրբազանի ելույթից ու ուղերձից իմացա, որ վերջինս ստել է Տավուշի մարզին 900 հա հողատարածք վերադարձնելու առումով: Նախկինում դրա առումով ստում էր Նիկոլը, էլի ինչ-որ չինովնիկներ կամ ուսապարկեր, բայց ոնց որ թե Գրիգորյանը չկար այդ ցուցակում: Կամ էլ ես, համենայն դեպս, չեմ արձանագրել այդ հանգամանքը:
Եթե իրոք առաջին անգամ հիմա է խոսել, ապա դրա համար Նիկոլին երևի համբերության մեդալ պետք է շնորհվի: Որովհետև նրա ձևավորած «նոր Հայաստանի» իշխանությունում չի կարող կամ ավելի ճիշտ՝ չպետք է լինի «չկեղտոտված» անձ: Դա անհրաժեշտ է, որպեսզի ողջ իշխանությունը համախմբված լինի մեղավորության զգացումով: Կամ էլ ոչ թե ինչ-որ զգացումով, այլ հենց համատեղ հանցանքի «կոմպրոմատով»: Դա մոտավորապես նման է գողական բարքերի վերաբերյալ կինոնկարներում ներկայացվող այն տեսարանին, երբ որևէ հանցագործ խմբի անդամ դառնալու համար թեկնածուն պետք է քննություն հանձնի՝ մասնակցելով որևէ անձի սպանությանը: Գնա «на мокрое дело»՝ ինչպես ռուսական կինոնկարներում է ասվում:
Ինչևէ, «մեծարգո» փոխվարչապետն էլ դարձավ Նիկոլի թիմի լիիրավ անդամը՝ մնալով անկուսակցական: Զարմանալի է, որ ՔՊ-ական ուսապարկերը չեն ցանկանում նախաձեռնել Գրիգորյանի հրաժարականի գործընթացը: Չնայած երևի տեղյակ են, որ այդ անձն անձեռնմխելի է ու ցանկություն չունեն փչացնելու հարաբերությունները «մեծարգո» վարչապետի հետ: Ի դեպ, «պարոն փոխվարչապետների» վերածվելը «մեծարգո փոխվարչապետների» նշան է ոչ միայն կառավարության նիստերում Նիկոլի բացակայությամբ նրա բազկաթոռին բազմելուն, այլև, ենթադրաբար, նրանց անձեռնմխելիությունը հրապարակավ ցուցադրելուն:
Ի դեպ, ժամանակին, երբ ես տնտեսական ոլորտի (այդ թվում՝ բանկերի գծով) լրագրող էի, նրա հետ շփվել եմ թե՛ Կենտրոնական բանկում և թե՛ Հայներարտբանում իր աշխատելու տարիներին: Ու պետք է խոստովանեմ, որ ինձ վրա ինքը միշտ դրական տպավորություն է թողել: Բայց դե կյանքը հարուստ է խիստ անկանխատեսելի շրջադարձերով, ու նրա նկատմամբ դրական տպավորությունից ոչինչ չմնաց 2018 թվականից այս կողմ: Ու դրանում նախանձի տարր չկա, քանի որ լինելով նախկիններին ընդդիմադիր ու 2018-ին ողջունելով խիստ «թավշյա» իշխանափոխությունը՝ նույն տարում չեմ դադարել քննադատել «դուխով» Նիկոլի անվերջ սխալները:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար