03/07/2025

Էլ ի՞նչ պետք է փոխզիջի Երևանը, կարծես մինչև այսօր փոխզիջել է հնարավոր ու անհնար ամեն ինչ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նամակները Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ «խաղաղության պայմանագիրն» ավարտելու ջանքի մասին հորդորներով, որոշակի քայլերի մասին առաջարկով և աջակցելու պատրաստակամությամբ, որոշակի իմաստով թողնում է «կաղ բադիկի» կարգավիճակում հայտնված նախագահ Բայդենի «կարապի երգի» տպավորություն:

Ի՞նչ կանի Վաշինգտոնը, եթե Երևանն ու Բաքուն չընդունեն այն առաջարկներն ու աջակցությունը, որ Սպիտակ տան ղեկավարը հայտնում է՝ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար: Եթե դա չընդունվի, արդյո՞ք կնշանակի, որ Վաշինգտոնը մինչև նոր նախագահի պաշտոնամուտ՝ այսինքն՝ 2025-ի հունվար, այլևս որևէ էական քայլ չի անի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացի ուղղությամբ: Այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի իրավիճակը:

Համենայն դեպս, արված է քայլ՝ բավականին բարձր խաղադրույքով: Հետևաբար այն չարդարանալու դեպքում մեծանում է ստագնացիայի հավանականությունը: Եթե նախագահ Բայդենի մակարդակով հայտը չի ստանում անհրաժեշտ բավարարում, ապա հաջորդն այլևս կարող է լինել միայն նոր նախագահի մակարդակը, եթե, իհարկե, ԱՄՆ նոր նախագահը կարևոր համարի հայ-ադրբեջանական գործընթացը: Ընդ որում՝ այստեղ հարցն այն չէ միայն, որ կարող է լինել Դոնալդ Տրամպը, այսպես ասած մեկուսացման իր քաղաքականությամբ, Կովկասի հանդեպ հետաքրքրության բացակայությամբ:

Հետաքրքրության անկումը միանգամայն հավանական է նաև Կամալա Հարիսի հաղթանակի պարագայում: Հարցն այն է, որ ուշադրությունն ավելի ու ավելի տեղաշարժվելու է դեպի Ասիախաղաղօվկիանոսյան ուղղություն: Ակնառու է, որ ներկայումս միջազգային հարաբերությունների բազմաբևեռությունն այնպիսին է, որ թույլ չի տալիս մեկ առանձին վերցրած բևեռի ձևավորել ազդեցության շղթայական ռեակցիա: Հետևաբար հարկ է լինում առաջանալ ռեգիոնալ առանձին պայմանավորվածությունների փաթեթով՝ անմիջական ակտիվ դերակատարումը վերապահելով միայն ռազմավարական-կենսական նշանակությամբ ռեգիոնների: Կովկասն ԱՄՆ համար այդ ռեգիոնների շարքում չէ: Հետևաբար, Կովկասի հանդեպ ամերիկյան ակտիվությունը մշտապես ունեցել է տակտիկական բնույթ:

Այդ պատճառով է, որ այն նաև փոփոխության ենթակա է եղել ըստ նախագահների: ԱՄՆ համար ռազմավարական հարցերն այդ իմաստով չեն լինում փոփոխության ենթակա: Ջո Բայդենի՝ «վերջին նետման փորձը» չստացվելու պարագայում, ռեգիոնում ԱՄՆ տայտիկայի փոփոխությունը թերևս լինելու է անխուսափելի:

Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստան մեկնելուց առաջ Երևանում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ԱՄն ԱԽ Եվրոպայի բաժնի ղեկավար Մայքլ Կարպենտերին: Նիկոլ Փաշինյանին Կարպենտերը փոխանցել է Ջո Բայդենի նամակը: Երևան ժամանելուց առաջ Կարպենտերը ժամանել էր Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահ Ալիևին, որին ևս փոխանցել էր Բայդենի նամակը: Ադրբեջանական կողմը հանրայնացրել էր այն նույն օրը: Այնտեղ Բայդենն Ալիևին կոչ էր արել այս տարվա ընթացքում ստորագրել «խաղաղության պայմանագիրը» Հայաստանի հետ:

Բայդենը նամակում նշել էր նաև, որ Կարպենտերի հետ փոխանցում է որոշ քայլերի մասին իր վարչակազմի պատկերացումները՝ ակնկալելով դրանց հանդեպ Բաքվի վերաբերմունքը: Նույնը Ջո Բայդենը գրել է Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում՝ նշելով, որ խաղաղությունը պահանջելու է փոխզիջումներ, իսկ իր վարչակազն էլ պատրաստ է որոշ համարձակ նախաձեռնությունների: Ինչի՞ մասին է ակնարկում ԱՄՆ նախագահը, ի՞նչ քայլեր է Վաշինգտոնն առաջարկում Երևանին ու Բաքվին:

Ի՞նչ պետք է փոխզիջի Երևանը, որը կարծես թե մինչև այսօր փոխզիջել է հնարավոր ու անհնար ամեն ինչ: Եվ այդ ի՞նչ համարձակություն է, որին պատրաստ է Վաշինգտոնը: Կարպենտերը, որ ժամանել է Բաքու, հետո Երևան, արդյո՞ք Բաքվից Երևան բերել է նաև վաշինգտոնյան առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի՝ թեկուզ նախնական դիրքորոշում: Հայաստանում հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը վերստին հայտնել է Երևանի պատրաստակամությունը՝ ստորագրել համաձայնեցված կետերը՝ շարունակելով աշխատանքը չհամաձայնեցվածների ուղղությամբ:

Սա կարո՞ղ է նշանակել, որ Երևանը, այդուհանդերձ, հակված չէ ընդունել Վաշինգտոնի «համարձակ նախաձեռնությունները»: Ի դեպ, Բաքվում Կարպենտերի հանդիպումից հետո էլ Ադրբեջանն էր կրկնել իր հայտնի պայմանները: Այն, որ Վաշինգտոնը Երևանին ու Բաքվին առաջարկներ է ներկայացրել բավականին բարձր մակարդակով և նամակագրական «հանդիսավորությամբ», թերևս հուշում է այն մասին, որ դրան տրվել է մեծ նշանակություն: Եվ այստեղ ուշագրավ է նաև հենց հանգամանքը, որ դա տեղի է ունենում ԲՐԻԿՍ գագաթնաժողովից առաջ: Արդյո՞ք Վաշինգտոնը փորձում է կանխել այդ գագաթնաժողովի շրջանակում հնարավոր որևէ համաձայնություն, թե՞ «առաջ անցնել» դրանից: