Համակարգչային գրաֆիկայի կիրառմամբ ստեղծվող եռաչափ անիմացիոն ֆիլմերի դարաշրջանում stop motion անիմացիան, հատկապես` պլաստիլինայինը, երբ պլաստիլինից պատրաստված օբյեկտները նկարահանվում են կադր առ կադր, թվում է անցյալի մոռացված ռելիկտ։
Այդուհանդերձ, կան ստեղծագործողներ, ովքեր շարունակում են հավատարիմ մնալ պատմություն պատմելու այս բարդ ու «հնաոճ» մեթոդին` ժամանակ առ ժամանակ զարմացնելով ու հիացնելով։ Ու նրանց թվում առանձնանում է ավստրալացի անիմատոր Ադամ Էլիոթը` յուրահատուկ տաղանդի տեր անձնավորություն, ում յուրաքանչյուր ֆիլմ, լինի դա կարճամետրաժ, թե լիամետրաժ, վերածվում է իրադարձության։
PAN-ը պատմում է Էլիոթի գլխավոր ֆիլմերի մասին։
Ադամ Էլիոթի բոլոր ֆիլմերն այս կամ այն կերպ ինքնակենսագրական են։ Նրա հերոսները, որպես կանոն, հասարակության մերժված անդամներ են, աուտսայդերներ, յուրաքանչյուրը` իր «տարօրինակություններով»։ Կյանքը նրանց հանդեպ հաճախ անարդար է, սակայն ռեժիսորը միշտ փորձում է գտնել վառ ու լուսավոր շտրիխներ կյանք կոչվող բարդ բեմադրության ընթացքում` իր սրամիտ, երբեմն` չար հումորի, պատմությունը պատմելու յուրօրինակ մեթոդների շնորհիվ։
Էլիոթի մասին աշխարհը իմացավ, երբ 2004թ-ին իր «Հարվի Քրամփեթ» (Harvie Krumpet, 2003) ֆիլմն արժանացավ «Օսկար» մրցանակի` Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում։ Ֆիլմի պատմիչը` Ջեֆրի Ռաշի ձայնով, 22 րոպեում պատմում է 1922թ-ին Լեհաստանում ծնված Հարվեկ Միլոշ Կրումպեցկու կյանքի պատմությունը. Հարվեկի մոտ Տուրետի համախտանիշ է, նրա մայրը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իսկ դպրոցում տղային անընդհատ նեղացնում են։ Հիտլերյան Գերմանիայի հարձակումից հետո Հարվեկը, ով այդ պահին արդեն երկկողմանի ծնողազուրկ է, հայտնվում է օտար երկրում` Ավստրալիայում` փախստականի կարգավիճակով, որտեղ էլ շարունակում է ապրել մինչև իր կյանքի վերջը։
«Հարվի Քրամփեթը» էլ ավելի ամրապնդեց պատմություն պատմելու Էլիոթի ոճը, որը ձևավորվել էր դեռ իր վաղ կարճամետրաժներում. կադրից դուրս պատմիչի պարտադիր առկայությունը, կոշտ, միտումնավոր դեֆորմացված կերպարների միջոցով նուրբ ու զգայուն թեմաների մասին խոսելը, անգամ ամենամռայլ իրավիճակում հիանալի հումորի զգացումը ու, ինչը պակաս կարևոր չէ, անհրաժեշտ կատարսիսը ֆիլմի վերջում։ Հարվեկի կյանքի ուղին ծայրահեղ բարդ է, լի խնդիրներով, սակայն իրական երջանկությունն ու ազատությունը գլխավոր հերոսին կհասնեն միայն իր կյանքի վերջում։
Եթե «Հարվի Քրամփեթում» Էլիոթը իրեն դրսևորում է որպես ամենաբարդ թեմաների մասին պարզ խոսելու ընդունակություն ունեցող մարդ, ապա 2009-ին էկրաններ բարձրացած «Մերին և Մաքսը» (Mary and Max) ռեժիսորին բացահայտում է որպես մարդ արարածի հիանալի գիտակ։ Սա ծայրահեղ զգայուն ֆիլմ է։ Մեկ եւ կես ժամում Էլիոթը կարողանում է այնպիսի ճշգրտությամբ ու վարպետությանբ ի ցույց դնել, քննարկել մարդկային միայնության անատոմիան, որ ֆիլմը լիովին կարելի է գործածել ընդհանրապես մարդ արարածի համառոտ բնութագիրը ներկայացնելու համար։ Հեղինակը հրաշալի տիրապետում է իր ստեղծագործական գործունեության առանցքային թեմային` աուտսայդերները, հասարակության «ոչ սովորական ներկայացուցիչները», հասարակական կառուցվածքից վտարվածները, միայնակ մարդիկ։
Միայնությունը «Մերին և Մաքսը» ֆիլմում ու Էլիոթի ստեղծագործությունում այն քավարանն է, որով պարտադիր պետք է անցնեն կերպարները` իրենց քարքարոտ, փոսերով ու ծխելուկով լցված ճանապարհին։ Մերին (Թոնի Կոլետ) 8-ամյա աղջիկ է Ավստրալիայից, ով ապրում է ոչ բարեհաջող ընտանիքում, ում դպրոցում նեղացնում են ու ով երազում է ընկեր ունենալու մասին։ Մաքսը (Ֆիլիպ Սեյմուր Հոֆման) բնակվում է Նյու Յորքում, նա 44-ամյա Ասպերգերի համախտանիշով միայնակ տղամարդ է, ավելորդ քաշով ու բազմաթիվ կոմպլեքսներով։ Պատահական նամակագրությունը Մերիի ու Մաքսի միջև ձևավորում է հեռահար ընկերություն, որի ընթացքում կերպարները սկսում են ճանաչել ոչ միայն միմյանց, այլև իրենք իրենց ու իրենց շրջապատող աշխարհը։
Էլիոթի լիամետրաժ դեբյուտը կարելի է բնորոշել մի բառով. սքանչելի։ Պատումը իր վրայից պոկում, հանում է ցանկացած զրահ ու պաշտպանական շերտերը` բոլոր քամիների առաջ կանգնելով մորե մերկ, իր վրա առավելագույն ուժով զգալով դրանց ազդեցությունը։ Ֆիլմի բաց նյարդը` երկու միայնությունների հոգևոր ձուլումը, մարդուն մարդն է պետք բանաձևի ամենացայտուն արտահայտումն է։ Մարդուն մարդն է պետք, որովհետև մարդն է այլ մարդուն մարդ դարձնում, թույլ տալիս սիրել ու ճանաչել ինքն իրեն, սիրել ու ճանաչել սեփական ուժեղ ու թույլ կողմերը, սիրել ու ճանաչել սեփական խոտաններն ու սխալները, ձեռքբերումներն ու բացթողումները` դրա միջոցով սիրելով ու ճանաչելով ամբողջ աշխարհը։
«Մերին և Մաքսը» ֆիլմ է միայնության հաղթահարման, աշխարհի ու սեփական անձի մասին պատկերացումները փոխելու անհրաժեշտության ու դրանք փոխելու միջոցով այլ մարդկանց ու աշխարհին ընդառաջ գնալու մասին։ Էլիոթը Մերիի ու Մաքսի անձնական վանդակները` նուարային սև ու սպիտակ Նյու Յորքն ու սեպիա Մելբուրնը առանձնացնում է` առավել ընդգծելով անգամ մեր միջև ահռելի տարբերությունների պարագայում իրար կարիքը ունենալու փաստը։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Մարդը մարդու կարիք ունի մարդ լինելու, մարդ մնալու համար, որովհետև մենք սոցիալական օրգանիզմներ ենք, որովհետև առանց մարդկանց, առանց այլոց գլխում մեր ԵՍ-ի գոյության մենք կիսատ ենք. մարդու անձը ոչ միայն իր, այլև այլոց գլխում է, իսկ անտեսանելի մարդն այս դեպքում լիարժեք չի ապրում։
Էլիոթի ֆիլմը ընկերության իսկական հիմն է։ Մեր սոցիալական տեսակի հայտնաբերած` սոցիալական կոմունիկացիայի այդ կարևոր ձևի, որն ավելի կարևոր էր մեր քաղաքակրթության առաջացման համար, քան անգամ կրակի ու գրերի գյուտերը։ Հնում մարդիկ ապրում էին բացառապես արյունակցական կապերով հյուսված խմբերում, իսկ բոլոր այլ խմբերը դիտարկվում էին, որպես թշնամական։ Ընկերությունը այն սոսինձն է, որ միմյանց հետ գենետիկորեն, աշխարհագրորեն, գաղափարական, ազգային կամ կրոնական հատկանիշներով չկապված մարդկանց կապում է շատ ավելի ամուր, քան վերոնշյալ հատկանիշները` Նյու Յորքից Մելբուրն փրկելով կյանքեր, փրկելով ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական իմաստով։ Էլիոթը ոսկերչական ճշգրտությամբ, մտքի հմուտ մասնագետի նման, հատիկ-հատիկ շարում է մարդկային էության այս շքեղ մարգարիտները, փորձառու միջատաբանի նման խնամքով ասեղով ամրացնում է մարդու ներքին գունապնակի ներկած թիթեռներին` յուրաքանչյուրն իր տեղում, իր դերում, իր ասելիքով։
2015-ին Էլիոթը ներկայացրեց իր նոր կարճամետրաժ ֆիլմը. «Էրնի Բիսկվիտը» (Ernie Biscuit) պատմում է փարիզցի խուլ տաքսիդերմիստի մասին, ով Վենետիկ ուղևորվելու ճանապարհին պատահաբար հայտնվում է Ավստրալիայում ու փորձում լրիվ նոր միջավայրում դասավորել իր կյանքը։ Սև ու սպիտակ ֆիլմը պատման առումով որոշակիորեն նման է «Հարվի Քրամփեթին», սակայն այս ֆիլմը տոնայնության առումով ավելի փափուկ է։ Դինամիկ ու սրընթաց պատմությունը ուսումնասիրում է սիրո ու կապվածության թեմաները` Էլիոթին հատուկ թե կատակերգական, ու թե ողբերգական դրվագների միջոցով։
Ռեժիսորի մյուս լիամետրաժ ֆիլմը` «Խխունջի հուշերը» (Memoir of a Snail, 2024), հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու այս տարվա «ՌեԱնիմանիա» փառատոնի ընթացքում` հոկտեմբերի 23-ին և 25-ին։ Այստեղ ռեժիսորը կրկին կառուցում է խորապես մարդկային պատմություն այն մասին, որ մեզանից յուրաքանչյուրը խխունջի նման փակված է սեփական խեցու մեջ։ Մեկի խեցին մանկության տրավմաներից ձևավորված կարծր ու մռայլ վայր է։ Մյուսինը` հասարակական պահանջներին համապատասխանելու ձգտման արդյունք է, երրորդով մենք ինքներս ենք փակում մեզ շրջակա աշխարհից, չորրորդ խեցիով մենք անգամ հպարտանում ենք։ Խեցին կոտրելն ու դուրս գալը դժվարին բուժման ճանապարհ է, իսկ «Խխունջի հուշերը» սքանչելի անիմացիոն ֆիլմն առաջարկում է բուժման պլան, որը տեղ-տեղ ցավոտ է, տեղ-տեղ` ծիծաղելի, բայց ցանկացած դեպքում` կազդուրիչ, գիտակցությունը փոխող, անհրաժեշտ տրամադրվածությունը ապահովող։
Գրեյս Փուդելը (Սառա Սնուք) սիրելի խխունջին` Սիլվիային է պատմում իր դժվարին կյանքի պատմությունը։ Գրեյսը ծնվել է իր երկվորյակի` Գիլբերթի (Քոդի Սմիթ-Մակֆի) հետ միասին, ու ծնվելու պահից քույրն ու եղբայրը բախվել են դժբախտությունների անդադար շարանի հետ։ Առաջինը` մոր մահը, տեղի է ունենում նրանց լույս աշխարհ գալիս, հետագայում` մեծանալու հետ, Գրեյսն ու Գիլբերթը անցնելու են ողբերգության ու հիասթափությունների շարանով, ինչի շնորհիվ նրանց միջև կապն էլ ավելի է ամրանալու։ Սակայն հոր մահից հետո սոցիալական ծառայությունները բաժանում են ըստ էության կենսական կարևոր սիմբիոտիկ կապի մեջ գտնվող երկվորյակներին։
Պլաստիլինային կոպիտ ֆորմաների ու խլացված գույների միջոցով Էլիոթը կարողանում է վարպետորեն ստանալ մարդու էության լայնակի կտրվածքը` իր բոլոր շերտերով, նյուանսներով, իր անսահման բարդությամբ ու գեղեցկությամբ։ «Խխունջի հուշերը» ծայրահեղ բազմաշերտ ու հասուն գործ է, որում Էլիոթը փորձելու է փրկել իր հերոսներին իրենց խեցիներից` միաժամանակ ամեն ինչ անելով նաև հանդիսատեսին օգնելու համար:
Այդ նպատակին հասնելու համար Էլիոթն իրեն չի սահմանափակում արտահայտչամիջոցներում։ Մռայլ գրոտեսկության միջավայր, որի շնորհիվ ավելի կոնտրաստային ու վառ է արտահայտվում առանցքային կերպարներից հորդող լույսը։ Պրովոկացիոն դրվագներ, որոնք ընդգծում են տեղի ունեցողի մարդկայնությունն ու հանդիսատեսի առջև բացում մարդ արարածի բազմազանության լայն սպեկտր։ Սվինգերների ընտանիքում տիրող բարիդրացիական մթնոլորտից մինչև ֆունդամենտալիստների ֆերմայում անմարդկային կտտանքներ. ռեժիսորը հանգեցնում է գունապնակը վառ, հիշվող դրվագներով։
Գլխավոր դեղամիջոցն այստեղ անկրկնելի Փինքին է` հիասքանչ Ջեքի Ուիվերի հնչյունավորմամբ։ Փինքին Գրեյսի ընկերուհին է, ծեր կին, ում մոտ կտրականապես բացակայում է ցանկացած խեցի։ Փինքին բաց է աշխարհի համար անգամ իր զառամյալ տարիքում, նա վայելում է կյանքը իր բոլոր գույներով ու համերով, կլանում է այն ամբողջ էությամբ, ցույց է տալիս Գրեյսին, որ կյանքն անհրաժեշտ է ապրել դեպի առաջ, այլ ոչ թե հետ շարժվելով, առաջ նայելով, ինչպես դա անում է իր խեցուց դուրս եկած խխունջը։ Էլիոթը մարդու ողնաշարը կոտրող ողբերգական դրվագների միջով իր հերոսներին անցկացնում է, ինչպես Վերգիլիոսը Դանթեին, դեպի երկար սպասված կատարսիս, դեպի սեփական անձին ընդունելու ու սիրելու ճանապարհ, դեպի ապաքինում։
Կոտրված սափորը կարելի է վերականգնել այնպես, որ հետք անգամ չմնա դրա կոտրված լինելուց։ Սակայն անհրաժեշտ է վերականգնել` պահպանելով կոտրվածքի ուրվագծերը, որպես կյանքի նվիրական մաս, որպես անձի ձևավորման գործոն, ու որպես բուժման և խեցուց դուրս գալու մասին հիշատակում։ Ի վերջո, ինչպես միանշանակ ցույց կտա Էլիոթը, կյանքը հիասքանչ է իր բոլոր սեզոններով, ու, չնայած, մանկությունը միշտ լավագույն սեզոնն է, այդ բացառիկ սերիալն անհրաժեշտ է վայելել ամբողջությամբ։
Արման Գասպարյան / PAN
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ. Լուսանկարներ