21/11/2024

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվող որևէ փաստաթուղթ ստորագրվում է միջազգային անհասկանալիության պայմաններում

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի հանձնաժողովների կանոնակարգը: Վավերացմանը մասնակցել է միայն ՔՊ խմբակցությունը: Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը:

Չնայած կանոնակարգի վավերացմանը՝ պարզ չէ, թե Հայաստանն ու Ադրբեջանը երբ և ինչպես են մեկնարկելու սահմանազատման գործընթացը, ըստ այդ կանոնակարգի, որովհետև ընդհանրապես հայտնի չէ, թե արդյո՞ք Ադրբեջանը սկսել է ներպետական վավերացման իր բաժինը: Ընդհանրապես, ստորագրված այդ փաստաթղթի առնչությամբ հարցերը ավելի շատ են, քան հստակ պատասխանները, որ տալիս է թե՛ փաստաթուղթը, թե՛ այն ստորագրող պաշտոնյան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Անշուշտ, դրան առնչվող հարցերի մի մասի պատասխանները չեն կարող լինել հրապարակավ, այլ նրբերանգը հասկանալի է բոլորին: Սակայն, այդուհանդերձ, ստորագրված կանոնակարգը, մեղմ ասած, դեռևս չունի նաև հրապարակային հասկանալիության համար անհրաժեշտ «բացատրվածություն»: Միևնույն ժամանակ, հարկ է թերևս արձանագրել առավել լայն մի հանգամանք:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվող որևէ փաստաթուղթ չի էլ ունենալու դա, այդ «հրապարակային հասկանալիության» բավարար աստիճանը: Եվ դրա պատճառն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվող որևէ փաստաթուղթ ստորագրվում է միջազգային անհասկանալիության պայմաններում: Հետևաբար այդ փաստաթղթերը ենթակա են լինելու միջազգային կոնյուկտուրային, այլ ոչ թե այն ստորագրողների կամ վավերացնողների որոշումներին կամ բացատրություններին:

Որովհետև Երևանն ու Բաքուն, ըստ էության, առաջնորդվում են այդ ավելի լայն՝ մակրոմիջավայրում առկա իրողություններով՝ այդ հարցում երբեմն ունենալով ընդհանուր հետաքրքրություն՝ բարձրաձայնվող, թե ոչ, իսկ մեծ մասամբ, խոշոր հաշվով, ունենալով ռազմավարական տարակարծություններ:

Երևանի և Բաքվի միջև ստորագրվող որևէ փաստաթուղթ կարող է հասկանալիությամբ և առավել ևս հավասարակշռված կենսունակությամբ օժտվել լոկ այն դեպքում, երբ իրավիճակը Կովկասի շուրջ հասկանալի կդառնա մակրոմակարդակում: Այն գոնե առայժմ հեռու է այդ հեռանկարից: