22/11/2024

Սերգեյ Սմբատյանը համերգներով հանդես կգա Սերբիայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և ընթացիկ համերգաշրջանում Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 24-ին և 26-ին ելույթ կունենա Սերբիայում անցկացվող «Bemus» և «Nomus» երաժշտական փառատոների շրջանակներում։

Մաեստրո Սմբատյանը կղեկավարի Վոյվոդինայի սիմֆոնիկ նվագախումբը։

Համերգները կազմակերպվել են Բելգրադի փառատոների կենտրոնի և «Almazian Productions» ընկերության կողմից և անցկացվում են Սերբիայում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո։
Համերգային երեկոների ընթացքում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան։

Դասական երաժշտության այս գլուխգործոցները կներկայացվեն դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մեկնաբանմամբ։ Նա աշխարհում հայտնի է որպես տարբեր կրթական և բարեգործական նախագծերի միջոցով դասական երաժշտությունը հանրահռչակող արտիստ, ում առանձնահատուկ ձեռնարկումներից են Ջոն Մալկովիչի հետ կյանքի կոչված նախագծերը, ինչպես նաև աշխարհահռչակ կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկու, Տիգրան Մանսուրյանի, Արվո Պյարտի, Գիա Կանչելիի և այլ հեղինակների հետ համագործակցությունը։

Նա ղեկավարել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Վարշավայի, Դրեզդենի, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի ու բազմաթիվ այլ նվագախմբեր։

Սերբիայում կայանալիք համերգներին որպես մենակատար հանդես կգա երիտասարդ հայազգի դաշնակահար Եվա Գևորգյանը։ 20-ամյա Եվա Գևորգյանը տպավորիչ երաժշտական կենսագրություն ունի։ Նա հանդես է եկել շուրջ 70 դիրիժորների ղեկավարմամբ, որոնց թվում են այնպիսի մեծանուն վարպետներ, ինչպիսիք են Գերգիևը, Պետրենկոն, Սպիվակովը, Սլադկովսկին, Մարիոտտին, Ցիմերմանը, Յուրոսվկին և այլք։ Նա մի քանի տասնյակ միջազգային մրցույթների մրցանակակիր է։ Երաժշտական քննադատներն ընդգծում են նրա զգացմունքային արտահայտչականությունն ու անթերի կատարողական տեխնիկան։

Նշենք, որ Բելգրադում անցկացվող «Bemus» փառատոնը հիմնադրվել է 1969 թվականին։ Այն Սերբիայի և Հարավարևելյան Եվրոպայի ամենահին պատմությունն ունեցող և ամենահեղինակավոր փառատոներից է։ «Bemus»-ի շնորհիվ վերջին տասնամյակում Բելգրադում հյուրընկալվել են աշխարհում մեծ ճանաչում վայելող նվագախմբեր ու մենակատարներ՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կոնցերտգեբաու նվագախումբը, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Զուբին Մեթան, Միշա Մայսկին, Մաքսիմ Վենգերովը և աշխարհահռչակ այլ արտիստներ ու կոլեկտիվներ։ «Bemus»-ը մեծ հարթակ է նաև երիտասարդ երաժիշտների, նրանց մասնագիտական առաջխաղացման համար։

Երաժշտական աշխարհում մեծ ճանաչում է վայելում նաև «Nomus» փառատոնը, որն այս տարի անցկացվում է 49-րդ անգամ։ Այն նույնպես իր տանիքի ներքո համախմբում է աշխարհի լավագույն արտիստներին՝ ունկնդրին պարգևելով դասական երաժշտության բարձրակարգ համերգներ։