11/07/2025

Արդյոք մեծ ահաբեկչություն է նախատեսվում Թուրքիայում

Թուրքական մամուլը հայտնում է, որ հոկտեմբերի 22-ին Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Բահչելին խորհրդարանական խմբակցության նիստի ելույթում հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ. «Գլխավոր ահաբեկչի (Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Օջալանի) մեկուսացումը հանված է: Թող նա աղաղակի, որ ահաբեկչությանը լիակատար վերջ է տրված, կազմակերպությունը (ՔԲԿ-ն) կազմալուծված է: Եթե նա նման իմաստնություն դրսևորի, կբացվի իրավական կարգավորման և «հույսի իրավունքի» ճանապարհը»:

ՔԲԿ առաջնորդը, ինչպես հայտնի է, դատապարտված է ցմահ ազատազրկման և պատիժը կրում է Իմրալի կղզու բանտում: Ո՞վ և ե՞րբ է նրա «մեկուսացումը հանել», ԱՇԿ առաջնորդ Բահչելին չի մանրամասնել: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի գնահատմամբ՝ ըստ երևույթին գաղտնի բանակցություններ են ընթանում: Օզելը ողջունել է ներթուրքական երկխոսության գաղափարը և ասել, որ եթե կա հնարավորություն, որ թուրքերը և քրդերը եղբայրանան, ապա ԺՀԿ-ն բոլոր հնարավորություններն ի սպաս կդնի, որպեսզի Թուրքիան հասնի հանրային համերաշխության:

Քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչ Թյուլայ Օրուչը Բահչելիի հայտարարության առթիվ ասել է, որ երկար տարիներ իրենք պայքարել են Օջալանի մեկուսացումը վերացնելու համար, ժողովրդավարական հանրությունը մշտապես ասել է, որ մեկուսացումը պետք է վերացվի: Օրուչն ավելացրել է. «Մենք ասել ենք՝ թող նա ֆիզիկապես ներկայանա և ելույթ ունենա: Անցյալ շաբաթ մենք ասել ենք՝ եկեք փորձենք, տեսնենք նա ինչ կասի, նույնը կրկնում ենք հիմա»:

Ամենաուշագրավն այն է, որ Բահչելիի ելույթին արձագանքել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Մենք ակնկալում ենք, որ բոլորը կհասկանան՝ Թուրքիայում ահաբեկչությունը տեղ չունի: Մենք ցանկանում ենք, որ այդ բացված պատուհանը չզոհաբերվի (քաղաքական) հաշվարկներին: Մեր ձգտումն է կառուցել Թուրքիա, որտեղ ահաբեկչությունը տեղ չի ունենա»:

Եթե նկատի ունենանք, որ նախագահական վերջին ընտրություններում Էրդողանը երկրորդ փուլում հաղթել է նաև շնորհիվ Ազգայնական շարժում կուսակցության աջակցության, որի հետ իշխող Արդարություն և զարգացումը խորհրդարանում կոալիցիոն գործընկեր է, ապա Քրդական բանվորական կուսակցության առաջնորդի «մեկուսացումը հանելու» մասին քննարկումներ չէին սկսվի առանց Էրդողանի համաձայնության:

Ըստ էության՝ իրավիճակին նրա տված գնահատականն անուղղակիորեն վկայում է, որ Էրդողանը քննարկում է Օջալանի հետ բանակցությունների տարբերակը և, գուցե, կհամաձայնի նրան պատժի հետագա կրումից ազատել, եթե ՔԲԿ-ն լուծարվի և նրա ռազմական թևը զենքը վայր դնի:

Բայց սա, երևի, չափազանցված լավատեսություն է: Մեծ է հավանականությունը, որ Թուրքիայի նախագահը պարզապես հանդուրժողականության և ներքին կյանքի բարեփոխման պատրաստակամության իմիտացիա է անում, իսկ իրականում նախապատրաստվում է ՔԲԿ դեմ պատերազմի՝ ինչպես Իսրայելի վարչապետ Նաթանյահուն է խնդիր դրել մեկառմիշտ արմատախիլ անել ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլան»:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ եթե անգամ Օջալանը բանտից կամ խորհրդարանի ամբիոնից հայտարարի, որ ՔԲԿ-ն լուծարվում է, քրդերն այլևս Թուրքիայի դեմ զինված պայքարի չեն մղի, նրա կոչը քրդական շրջանակներում կմնա չպահանջված: Եվ դրանում առաջինը շահագրգռված կլինի Էրդողանը:

Այդ դեպքում նա աշխարհին կներկայանա «չհասկացված խաղաղարարի» կերպարով և կլեգիտիմացնի ոչ միայն իր երկրի տարածքում, այլև Իրաքում և Սիրիայում «քուրդ ահաբեկիչների դեմ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու իրավունքը»:

Թուրքիայի նախագահի ընտրության շուրջ հնարավոր կլինի ավելի հանգամանալի դատել, եթե իշխող Արդարություն և զարգացումն ու ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նոր սահմանադրության հարցով քննարկումներ սկսեն՝ ինչպես ավելի վաղ պայմանավորվել են Էրդողանը և Օզելը: Մինչ այդ բարդ է կողմնորոշվել, թե իրականում ի՞նչ է մտադրվել Ռեջեպ Թայիփ Էրդողանը: