22/11/2024

Ինչ որ մեկը պատժո՞ւմ է, դեղին քա՞րտ է ցույց տալիս Էրդողանին՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցության համար

Անկարայում տեղի է ունեցել ահաբեկչություն: Անհայտ անձինք հարձակվել են ավիաշինական ընկերության վրա, տեղի է ունեցել հրաձգություն, պայթյուն: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է զոհերի և վիրավորների մասին՝ հայտարարելով, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:

Ընկերությունը, որի հանդեպ եղել է գրոհը, ավիատիեզերական արտադրության ոլորտում բավականին խոշոր է, միջազգային որոշակի ճանաչում ունեցող:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ գրոհ է եղել իրենց «ավիատիեզերական արդյունաբերության վրա»: Անկարայի ահաբեկչությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը Կազանում մասնակցում է ԲՐԻԿՍ գագաթնաժողովին:

Ավելին, նույն օրը, գրեթե նույն ժամերին Էրդողանը Կազանում հանդիպում էր Պուտինի հետ: Եթե որոշակի իլյուստրացիայի ենթարկենք տեղի ունեցածը, ապա կստացվի, որ Կազանում գտնվող Էրդողանը ստացել է հարված թիկունքից: Արդյո՞ք զուգադիպել է ահաբեկությունը, թե՞ պլանավորվել հենց այն հաշվարկով, որ տեղի է ունենալու Էրդողանի այցի օրը: Ի վերջո, այցի մասին հայտնի էր շաբաթներ առաջ:

Ո՞վ է Էրդողանի «վրա» կրակողը: Նա օգտվում է նրա բացակայությունի՞ց և փորձում ազդել ներքին իրողությունների հաշվարկով, թե ահաբեկությունը պլանավորված էր հենց նրա կազանյան այցի հանդեպ ազդեցության տրամաբանությամբ:

Ինչ որ մեկը պատժո՞ւմ է, դեղին քա՞րտ է ցույց տալիս Էրդողանին՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցության համար, ԲՐԻԿՍ անդամության ցանկության համար, թե՞ ինչ որ մեկին պետք էր, որ Կազանում գտնվելու ընթացքում, ստանալով թիկունքից հարվածը, Էրդողանն այնտեղ լինի որոշակիորեն կաշկանդված:

Հնարավոր է թերևս ամեն ինչ, ընդհուպ այն, որ Թուրքիայի նախագահը «կրակի ինքն իր ոտքին», Կազանում ինչ-որ գին բարձրացնելու համար: Ռուսական կողմն ազդարարել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպմանը կքննարկվեն Թուրքիայում ատոմակայանների շինարարության և գազային ՀԱԲ-ի կառուցմանն առնչվող հարցեր:

Վերջին մեկ-մեկուկես տարի ժամանակահատվածում Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունը հարթ չէ, այդ թվում և էներգետիկ նախագծերի առնչությամբ: Հանդիպմանը գրեթե զուգահեռ իրականացված Անկարայի ահաբեկությունը կօգնի հարթե՞լ անհարթը, թե՞ հակառակը: Եվ ո՞ւ ավելի շատ կօգնի կամ կխանգարի այն: